Գրադարանային շրջայցերը շարունակվում են

Հայաստանի գրադարանային ասոցիացիայի կողմից հայաստանյան գրադարաններում ավանդաբար կազմակերպվող ամենամյա Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում 2017 թվականի ապրիլի 19-ին ՀԳԱ-ի նախագահ Ռուզան Տոնոյանը և փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը մանկագիր, բանաստեղծ Ռուզան Ասատրյանի և գրող, հրապարակախոս Լևոն Բլբուլյանի հետ այցելեցին Վարդգես Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարան: Ի սկզբանե մասնագիտական շրջայցը նախատեսված էր որպես հանդիպում գրողների հետ. ըստ էության այն հանդիպում էր գրող-գիրք-գրադարանավար-ընթերցող խաչմերուկում, որի հատման կենտրոնը Գրադարանային ասոցիացիան էր՝ «Հայոց բանակ-25» խորագրով ազդարարված մասնագիտական-մշակութային շաբաթով, որի բովանդակությանը հավատարիմ՝ ընթերցանության և գրադարանների արժևորման նպատակով իրականացվեց գրքերի նվիրատվություն:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին գրողների ստեղծագործական ուղիները, հնչեցին երախտիքի ու մեծարանքի խոսքեր. Աշտարակի գրադարանի աշխատակիցներն ընթերցեցին իրենց հայրենակցուհու ստեղծագործությունները, անդրադարձ եղավ նրա արվեստին, խոսվեց, թե ի՞նչ արժեք ունի հայրենիքը բանաստեղծուհու համար, ով իր անսահման հավատով կանխորոշում է հզոր բանակ և ամուր հայրենիք: Արագածոտնի երիտասարդական կենտրոնի կամավորներն ընթերցեցին բանաստեղծ, բազմաթիվ երգերի հեղինակ Լևոն Բլբուլյանի ստեղծագործություններից:
Հանդիպմանը ներկա էին ընթերցողներ, գրքասերներ և լրագրողներ, իսկ Ասոցիացիայի առաջնորդների ներկայությունը քաջալերեց գրադարանի աշխատակիցներին՝ անդրադառնալու մասնագիտական հիմնախնդիրներին, ներկայացնելու իրենց տեսակետները:
Նշենք, որ Շաբաթի ընթացքում կիրականացվեն պարբերական շրջայցեր դեպի ՀՀ այլ գրադարաններ: