Շրջայցեր Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում


Հայաստանի գրադարանային ասոցիացիայի կողմից Հայաստանի Հանրապետության գրադարաններում ավանդաբար կազմակերպվող Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում 2017 թվականի ապրիլի 18-ին՝ հայոց բանակի կայացման 25 ամյակին նվիրված Շաբաթի մեկնարկին, ՀԳԱ նախագահ Ռ.Տոնոյանը և փոխնախագահ Ռ.Ղազարյանն այցելեցին Երևանի համայնքային գրադարաններ: ԱԳՇ-ի առաքելությանը հավատարիմ՝ գրքերի, ընթերցանության և գրադարանների արժևորման նպատակով իրականացվեց գրքերի նվիրատվություն:
Դեպի հայաստանյան գրադարաններ մասնագիտական շրջայցի ընթացքում նրանք եղան Շենգավիթի վարչական շրջանի №32 գրադարանում՝ «Հայոց բանակ-25» խորագրի ներքո կազմակերպված ԱԳՇ-ի պաշտոնական բացմանը, որը ներառում էր հեքիաթի թատերական ընթերցանություն, ժամանակակից փոխգործուն խաղեր և երեխաների մասնակցությամբ հանելուկ-գուշակումներ ու Շուշանիկ Կուրղինյանի անվան №17 գրադարանում՝ «Քեզ ծառայելը, հայրենի՛ք իմ վեհ, իմ որդիական պարտքն է սրբազան» թեմատիկ խորագրով հայրենապաշտության դասին, որն ուղեկցվեց հայ զինվորներին հասցեագրված մանկական նամակ-մաղթանքների ընթերցումով: Միջոցառման ընթացքում ասոցիացիայի առաջնորդները դիտեցին նաև «Փառք հայոց բանակին» խորագրով ցուցադրությունը, որը ներկայացնում էր պատանիների հայրենասիրության մոտիվներով ստեղծված աշխատանքներ:
Նշենք, որ ամենամյա մասնագիտական-մշակութային շաբաթի ընթացքում նախատեսվում են գրադարանային հիմնահարցերի քննարկումներ, հանդիպումներ, մշակութային տարեդարձներին նվիրված ցերեկույթներ և հանդիսություններ հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական և բուհական գրադարաններում և պարբերական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ: