Հայկական Գրադարանային Ասոցիացիա

Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ) հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1994թ. հոկտեմբերի 7-ին Հայաստանի Ազգային, ՀՀ ԳԱԱ հիմնակազմի, Խնկո Ապոր անվան մանկական հանրապետական, գիտաբժշկական, գիտատեխնիկական, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանների, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ (մինչև 2004 թ. անվանվել է Հայկական գրադարանային միություն):

Համագործակցում է տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ: 1996-2003 թթ. Գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշնության (ԻՖԼԱ) անդամ էր: 1997 թ. մասնակցել է ԻՖԼԱ-ի 4 մշտական հանձնաժողովների աշխատանքին: Ներկայացուցչություն ունեցել «Ազատ տեղեկատվության և արտահայտման ազատության» հանձնաժողովում:

Մասնակցել Ամերիկյան գրադարանային միության, Վրաստանի տեղեկատվական մասնագետների միության, Ռուսական գրադարանային միության, Բաց հասարակության ինստիտուտի, Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհրդի և այլ կազմակերպությունների գիտաժողովներին, սեմինարներին:

Ասոցիացիայի բարձրագույն մարմինը անդամների համագումարն է: Ղեկավար մարմինները` նախագահը, վարչությունը, հանձնաժողովներն ընտրվում են համագումարում : Ունեցել է 3 նախագահ` Ներսես Հայրապետյան (1994-2004), Դավիթ Սարգսյան (2004-2012), Ռուզան Տոնոյան (2012 թ. ապրիլից):

ՀԳԱ-ին կարող է անդամագրվել յուրաքանչյուր 18 տարին լրացած անձ:

Ասոցիացիայի բյուջեն ձևավորվում է անդամավճարներից, գրադարանների և անհատների նվիրատվություններից, բարեգործական կազմակերպությունների դրամաշնորհներից:

ՀԳԱ-ն նպատակ ունի նպաստելու գրադարանային գործի բարելավմանը, զարգացնելու կապերը արտերկրի գրադարանների և գրադարանային կազմակերպությունների հետ, մասնակցելու ՀՀ գրադարանային գործի հիմնադրույթների, ծրագրային և նորմատիվ-իրավական փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքներին:
Խրախուսում է բոլոր նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են գրադարանի հեղինակության բարձրացմանը: Կազմակերպում է գրադարանային գործի զարգացմանը, արդիական տեղեկատվությանը նվիրված գիտաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, կլոր սեղաններ, բանավեճեր…

Հայկական գրադարանային ասոցիացիան անդամակցում է Գրադարանային ասոցիացիաների միջազգային դաշնությանը (IFLA)   2018թ.-ից առ այսօր, որի անդամ եղել է նաև 1996-2003 թթ.-ին:

ԻՖԼԱ-ի  Խորհրդատվական հանձնաժողովի Մշակութային ժառանգության հարցերով պաշտոնում ՀԳԱ-ն 2023-2025թթ. ժամանակաշրջանի համար առաջադրել է Մայա Գրիգորյանին:

ՀԳԱ-ի առաքելությունը

«Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպության առաքելությունը ի սկզբանե հանրապետության գրադարանային ոլորտի աշխատողների համախմբումն է՝ մասնագիտական բազմաբնույթ հիմնախնդիրների լուծման և գրադարանավարների շահերի պաշտպանության նպատակով: Սկզբնավորումից ի վեր կազմակերպությունը, ի նպաստ գրադարանային գործի զարգացման, հանդես է գալիս կարևոր նախաձեռնություններով. պարբերաբար կազմակերպում է գրադարանային գործի զարգացմանը միտված գիտաժողովներ, խորհրդակցություններ, մասնագիտական քննարկումներ, կլոր սեղաններ, ինչպես նաև իրականացնում է մի շարք ծրագրեր` գրադարանային բազմաթիվ հիմնախնդիրների հաղթահարման, հատկապես կադրերի վերապատրաստման և ժամանակակից գրադարանային գործընթացներին նրանց իրազեկելու, մասնագիտական իմացությունները խորացնելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

ՀԳԱ-ի նպատակները

• գրադարանավարների վերապատրաստում
• գրադարանային չափորոշիչների մշակում
• միջոցառումների կազմակերպում /Ազգային գրադարանային շաբաթ, Գրադարանավարի օր, փառատոներ և այլն/, գրադարանի և գրադարանային գործի հանրահռչակում
• մասնագիտական /տեղական և միջազգային/ գրադարանային սեմինարների, գիտաժողովների կազմակերպում և իրականացում