Ավարտվեց դպրոցական գրադարանների գրադարանավարների վերապատրաստման դասընթացը

Ավարտվեց Հայկական գրադարանային ասոցիացիայի կազմակերպած դպրոցական գրադարանների գրադարանավարների վերապատրաստման դասընթացը։ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած դպրոցների գրադարանավարները ծանոթացան գրադարանային աշխատանքների կազմակերպմանը՝ քայլ առ քայլ յուրացնելով ամբողջ գործընթացը։
Դասընթացի առաջին օրը մասնակիցները ծանոթացան գրադարանային ֆոնդի կազմակերպման հիմնական գործընթացներին՝ համալրումից մինչև մասնագիտական մշակում և դասակարգում։ Քննարկվեցին գրականության գրանցման և հաշվառման, ինչպես նաև գրացուցակների կազմակերպման ու գրացուցակավորման համակարգի կիրառման առանձնահատկությունները։
Երկրորդ օրը մասնակիցները բանախոսի հետ քննարկեցին գրադարանի և դպրոցի համագործակցության ձևերը, անդրադարձան գրադարանավարի դերին, մասնագիտական հմտություններին, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։ Տեսական գիտելիքներին զուգահեռ իրականացվեցին նաև գործնական առաջադրանքներ։
Դասընթացի շրջանակում մասնակիցները ծանոթացան նաև «ԿՈՀԱ» գրադարանային ավտոմատացված համակարգին՝ սովորելով մուտքագրել տվյալներ, վարել էլեկտրոնային շտեմարաններ, իրականացնել գրքային միավորների հաշվառում և օգտվել համակարգի հիմնական մոդուլներից՝ գրադարանային գործընթացների թվայնացման նպատակով։
Դասընթացի երրորդ օրը առանձին ուշադրություն դարձվեց ընթերցողների հետ տարվող աշխատանքների կազմակերպմանը։ Ներկայացվեցին ընթերցողների ներգրավման, գրանցման և հաշվառման գործընթացների հիմնական առանձնահատկությունները, ինչպես նաև անհատական և խմբային աշխատանքի ձևերը՝ զրույցների, քննարկումների և թեմատիկ միջոցառումների միջոցով։
Քննարկվեց նաև զանգվածային միջոցառումների կարևորությունը՝ որպես ընթերցանության խթանման արդյունավետ միջոց։ Մասնակիցները ծանոթացան կրթամշակութային ծրագրերի կազմակերպման հնարավորություններին և դրանց ազդեցությանը ընթերցողական մշակույթի ձևավորման ու զարգացման վրա։
Անցկացվեց նաև գործնական աշխատանք՝ «Քո դասագրքից այն կողմ» թեմայով միջոցառման նախագծման վերաբերյալ, որի ընթացքում մասնակիցները մշակեցին գաղափարներ և ներկայացրին իրենց նախագծային մոտեցումները։
Բացի այդ, մասնակիցները ծանոթացան գրադարանի սպասարկման սրահներին, քննարկեցին աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև բազմաթիվ հարցեր ուղղեցին, ասեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։

Մեկնարկում է դպրոցական գրադարանավարների եռօրյա վերապատրաստման դասընթացը


Մայիսի 12-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի դպրոցական գրադարանավարների եռօրյա վերապատրաստման դասընթացը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան գրադարանային ֆոնդի պահպանման, համալրման և հաշվառման սկզբունքներին, գրացուցուցակների կազմման և քարտագրման առանձնահատկություններին, սպասարկման ավանդական և ժամանակակից մոտեցումներին, ինչպես նաև ընթերցանության խթանման արդյունավետ գործիքներին։
Ծրագիրը միտված է մասնագիտական գիտելիքների յուրացմանն ու դպրոցական գրադարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Ամփոփվեց ազգային գրադարանային շաբաթը

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ ապրիլի 13-20 ը  անցկացվեց ամենամյա դարձած «Ազգային գրադարանային շաբաթը», որն այս տարի կրում էր «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» կարգախոսը։ Շաբաթի նպատակն էր  հանրության  ուշադրությունը սևեռել դպրոցական գրադարաններին, կարևորել  նրանց  դերակատարումը կրթության գործընթացում:

Շաբաթվա ընթացքում Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի  գրադարանների  ակտիվ մասնակցությամբ իրականացվեցին բազմաբնույթ և բովանդակալից միջոցառումներ՝ սեմինար-քննարկումներ, մասնագիտական այցեր, վարպետության դասեր, կլոր սեղաններ, հանդիպումներ, փորձի փոխանակում։

 Քննարկումների առանցքում դպրոցական գրադարանների դերի բարձրացումն  ու արդիականացման անհրաժեշտությունն էր, նրանց աստիճանական փոխադրումը նորարարությունների տիրույթ։

Կարևորվեց  նաև, որ դպրոցական գրադարանները չլինեն միայն դասագրքերի վրա հիմնված կառույց, այլև վերածվեն ժամանակակից տեղեկատվական, կրթական և զարգացնող միջավայրերի՝ զարգացնելով աշակերտների քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը և տեղեկատվության հետ աշխատելու հմտությունները։ Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց գրադարանավարների վերապատրաստմանը, նրանց մասնագիտական կարողությունների  զարգացմանը, ինչպես նաև դպրոց-գրադարան համագործակցության խորացմանը։

Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում անցկացված միջոցառումները միտված էին  գրադարանները  կրթական համակարգի կարևոր հենասյուն դարձնելուն։

 Շաբաթվա ընթացքում մասնագիտական արժեքավոր հանդիպումներն ու քննարկումները «Ազգային գրադարանային շաբաթը» դարձրին արդյունավետ հարթակ՝ որտեղ ձևավորվեցին գրադարանային ոլորտում նոր և կարևոր գաղափարներ, նոր համագործակցություններ։

Հանդիպում գրադարանագետ, մատենագետ, ՀԳԱ փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանի հետ

        
Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում ապրիլի 18-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել հանդիպում գրադարանագետ, մատենագետ, ՀԳԱ փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանի հետ, ով տոնում էր իր հոբելյանական 80-ամյակը։
Միջոցառումը նպատակ ուներ արժևորելու Ռաֆիկ Ղազարյանի վաստակը և ներդրումը հայկական գրադարանագիտության և մատենագիտության զարգացման գործում։ Ինչպես նաև ևս մեկ անգամ ցույց տալու այն հարուստ գրական ժառանգությունը, որն ունի Ղազարյանը․ նա ավելի քան 80 հրատարակությունների հեղինակ է, գրել է գրքեր, մամուլի հոդվածներ, գրադարանային ոլորտին առնչվող կանոնադրություններ, իրավական փաստաթղթեր, գրքերի առաջաբաններ, խմբագրել է բազմաթիվ գրքեր, ունի բանաստեղծությունների 6 ժողովածուներ։
Միջոցառման ընթացքում Ռաֆիկ Ղազարյանին գրադարանային ոլորտում անուրանալի ներդրում ունենալու համար իրենց շնորհակալության և շնորհավորական խոսք հղեցին Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչ Ներսես Հայրապետյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Վարդուշ Մովսիսյանը, Արագածոտնի մարզային գրադարանի տնօրեն Լուսինե Կիրակոսյանը, Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզան Բարսեղյանը, Համո Սահյանի անվան գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը։
Նրանք իրենց խոսքում ընդգծեցին, որ Ռաֆիկ Ղազարյանը կանգնած է գրադարանային ոլորտի զարգացման ակունքներում և անուրանալի դեր ու մեծ ներդրում ունի ոլորտի զարգացման, խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիները գտնելու հարցում։
Ռաֆիկ Ղազարյանի գործընկերների գնահատմամբ՝ պատիվ է նրան ճանաչելը, միասին մասնագիտական ուղի անցնելը, նրանից միշտ սովորելն ու մշտապես արժեքավոր խորհուրդներ ստանալը։
Միջոցառման ավարտին Ղազարյանը շնորհակալություն հայտնեց դրվատանքի խոսքերի համար։

Սեմինար և փորձի փոխանակում դպրոցական գրադարանների աշխատակիցների մասնակցությամբ

«Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» կարգախոսով անցկացվող Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում ապրիլի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել սեմինար և փորձի փոխանակում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանի, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գրադարանի ներկայացուցիչների և դպրոցական գրադարանների գրադարանավարների մասնակցությամբ։
Սեմինարի սկզբում Հայկական գրադարանային ասոցիացիայի քարտուղար Մադլեն Հովսեփյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում իրականացված մոնիթորինգի արդյունքները, կատարված աշխատանքներն ու դիտարկումները։ Այնուհետև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Շիրակացու ճեմարանի» գրադարանների ներկայացուցիչները սահիկաշարի միջոցով ներկայացրել են իրենց գրադարաններում իրականացվող աշխատանքները՝ անդրադառնալով ընթերցողական նախագծերին և տեխնիկական հագեցվածությանը, որն օգնում է աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնային գրադարանների զարգացման և գրադարանավարների վերապատրաստումների հետ կապված հարցերին։ Ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք այլ թեմաներ։

Կլոր սեղան-քննարկում ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ

«Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» կարգախոսով անցկացվող Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում ապրիլի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ Երևանի դպրոցական գրադարանների աշխատանքները համակարգող պետական կառույցների ներկայացուցիչների, ոլորտի ներկայացուցիչների և Երևանի տարբեր դպրոցների գրադարանավարների մասնակցությամբ։
Քննարկման սկզբում Հայկական գրադարանային ասոցիացիայի քարտուղար Մադլեն Հովսեփյանը ներկայացրել է դպրոցական գրադարաններում առկա այն խնդիրները, որոնք արձանագրվել են մոնիթորինգի արդյունքում։ Այնուհետև պետական կառույցների ներկայացուցիչներն անդրադարձել են խնդիրներին, որոնց թվում են՝ գրքերի համալրման անհրաժեշտությունը, գրադարանային տեխնիկայի բացակայությունը, արդիական գրականության պակասը, մաշված գրքերի դուրսգրման կարիքը, գրադարանավարների վերապատրաստման կազմակերպումը և այլ հարցեր։
Այնուհետև լսել են գրադարանավարներին, համատեղ քննարկել խնդիրների լուծման ուղիները և ներկայացրել իրենց տեսլականը՝ առավել պատրաստված գրադարանավարներ և նորարար գրադարաններ ունենալու համար։
Կլոր սեղան-քննարկումն անցել է հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում։

Վարպետության դաս Արագածոտնի մարզի դպրոցական գրադարանների գրադարանավարների համար

Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի անցկացվում է «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» կարգախոսով, շարունակվում է։ Ծրագրի շրջանակում Հայկական գրադարանային ասոցիացիայի և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է վարպետության դաս Արագածոտնի մարզի դպրոցական գրադարանների գրադարանավարների համար։
Դասընթացը վարել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Թելունցը և նույն գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են գրադարանային գործի ժամանակակից մոտեցումներին, ընթերցանության խթանման նոր մեթոդներին, ինչպես նաև երեխաների հետ աշխատանքի արդյունավետ ձևերին։
Հանդիպումն անցել է արդունավետ մթնոլորտում, մասնակիցներին տվել մասնագիտական աճի նոր հնարավորություններ։

Մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը

Մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի անցկացվում է «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» կարգախոսով։
📚Ապրիլի 13-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Երևանի դպրոցական գրադարանների գրադարանավարների համար տեղի է ունեցել «Գրադարանի արդի խնդիրները» թեմայով սեմինար-քննարկում։
📚Սեմինարը վարել են գրադարանագետ, մատենագետ, Հայկական գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը և ասոցիացիայի քարտուղար Մադլենա Հովսեփյանը։
📚Սեմինար-քննարկման ընթացքում բանախոսները կարևորել են դպրոցական գրադարանների դերը՝ ընդգծելով, որ դրանք պետք է տեղափոխվեն նորարարությունների տիրույթ։ Միաժամանակ նրանք սեմինարի ընթացքում մասնակիցներին տրամադրել են անհրաժեշտ գիտելիք և տեղեկատվություն։
📚Բանախոսներն առանձնահատուկ շեշտել են, որ դպրոցական գրադարանները չպետք է լինեն քարացած և միայն դասագրքերի վրա հիմնված, այլ պետք է վերածվեն տեղեկատվական և զարգացնող միջավայրի։
📚Բանախոսների խոսքով՝ դրա համար գրադարանավարներից պահանջվում են բավարար գիտելիքներ և հետևողական աշխատանք։
📚Սեմինարի ընթացքում գրադարանավարները ձեռք են բերել նոր գիտելիքներ, հնչեցրել իրենց հուզող հարցերը և բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները։

ԱՊՐԻԼԻ 13-ԻՑ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ իրականացվող «Ազգային գրադարանային շաբաթը» կանցկացվի ապրիլի 13-20-ը՝ «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» կարգախոսով։

Շաբաթվա ընթացքում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց մասնակցելու են Հայաստանի  գրադարանները։

Ծրագրի շրջանակում կանցկացվի սեմինար-քննարկում «Գրադարանի արդի խնդիրները» թեմայով՝ Երևանի դպրոցական գրադարանների գրադարանավարների համար։ Կկազմակերպվեն մասնագիտական այցեր ՀՀ մարզային և համայնքային գրադարաններ: Նախատեսված է վարպետության դաս Արագածոտնի մարզի դպրոցական գրադարանավարների համար, ինչպես նաև կլոր սեղան քննարկում՝ Երևանի դպրոցական գրադարանների աշխատանքները համակարգող պետական կառույցների ներկայացուցիչների և գրադարանավարների մասնակցությամբ։ Տեղի կունենա ճանաչողական այց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  գրադարան, սեմինար և փորձի փոխանակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գրադարանների մասնակցությամբ։

Ծրագրում ընդգրկված է հանդիպում գրադարանագետ, մատենագետ, Հայկական գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանի հետ։ Շաբաթվա ընթացքում կիրականացվի նաև «Աջակցություն դպրոցական գրադարաններին» նախաձեռնություն-ակցիա՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության աջակցությամբ։

«Ազգային գրադարանային շաբաթը» կամփոփվի ապրիլի 20-ին՝ ներկայացնելով շաբաթվա արդյունքները։

Ծրագրերը կից՝

ԱԳՇ-Ծրագրեր

 

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԼՐԱՏՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՆԴԵՍԻ 2025Թ.Ի ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՐԸ

Հարգելի գործընկերներ

Հայկական գրադարանային ասոցիացիան ներկայացնում է «ԼՐԱՏՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» կիսամյա գիտատեղեկատվական էլեկտրոնային հանդեսի 2025 թվականի 2-րդ համարը:

https://lratu.sci.am/index.php/hala?fbclid=IwY2xjawPpSNdleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEektviVOQJyDocuWlH3vC-I53Hj1y4zEt5lH5U2_W43KIRzoodLfpW-hG__ds_aem_B75fjKohzHBR0UgCyYrB7w