
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի գրադարանային ասոցիացիան 2017թ. ապրիլի 17-ից 23-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացնի Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի նվիրված է հայոց բանակի կայացման 25 ամյակին:
ՀԳԱ-ի կողմից ավանդաբար իրականացվող մասնագիտական-մշակութային շաբաթի խնդիրն է գրադարանային հիմնահարցերի բարձրաձայնում, համակողմանի արդյունավետ ու համապարփակ լուծումների որոնում: ԱԳՇ-ն նպատակաուղղված է նպաստելու գրադարանների, գրքի, ընթերցանության և գիտելիքի կարևորմանը, նրանց նկատմամբ հետաքրքրության խթանմանն ու դրսևորմանը: Շաբաթը միաժամանակ նպատակ ունի արժևորելու գրադարանների նշանակությունը հանրության կյանքում, որի ամենամյա կազմակերպումն ակնկալում է գրադարանների միջև արդյունավետ համագործակցություն, գրքի և տեղեկատվական ոլորտի աշխատակիցների ակտիվ ներգրավվածություն գրադարանային գործում, գրադարան-հանրություն կապի ամրապնդում և գրադարաններ հաճախելու մշակույթի ձևավորում: Թիրախային խմբերն են` ընթերցողներ, գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական ոլորտի աշխատակիցներ, մտավորականներ…
Ծրագիրը կմեկնարկի ապրիլի 17-ից «Հայոց բանակ-25» խորագրի ներքո: Ազգային գրադարանային շաբաթին իրենց առանձին ծրագրերով կմասնակցեն հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, ինչպես նաև բուհական գրադարանները՝ անկախ գերատեսչական պատկանելությունից: ԱԳՇ-ի շրջանակում գրադարաններում կանցկացվեն հոբելյանական հուշ-հանդիսություններ, քննարկումներ, հանդիպումներ, մշակութային կարևոր տարեդարձներին նվիրված ցերեկույթներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ, գրքերի նվիրատվություններ, այլ միջոցառումներ:
Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 23-ին:
