Գրադարանային հանդիպումներ Մորթենսոն կենտրոնի ղեկավար Սյուզան Շնուերի մասնակցությամբ

2017թ. մարտի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հայաստանյան այցելության երկրորդ օրը Մորթենսոն կենտրոնի ղեկավար Սյուզան Շնուերը հանդիպեց ՀԳԱ վարչության անդամների հետ, քննարկվեցին «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» վերապատրաստման դասընթացի գործնական արդյունքներին և նորարարական մեթոդների ներդրմանն առնչվող հարցեր: Տիկին Շնուերը այցելեց դասընթացի ծրագրին մասնակից Նոր Նորքի կենտրոնական գրադարան, ծանոթացավ դասընթացի արդյունքում յուրացրած հմտությունների և գիտելիքների հիման վրա կազմակերպվող գործընթացներին. մասնակցեց գրադարանի միջոցառմանը, որի ընթացքում վիրտուալ տեսակապ հաստատվեց Շիրակի մարզի՝ Գյումրու կենտրոնական և Ախուրյանի քաղաքային գրադարանների նշյալ ծրագրի մասնակիցների հետ, ովքեր տեղեկացրեցին դասընթացում ստացած նոր հմտությունների հիման վրա իրականացվող աշխատանքների մասին: Շնուերը հանդիպեց նաև ԶԼՄ ներկայացուցիչներին և ներկայացրեց դասընթացի արդյունավետության մասին իր տպավորություններն ու գնահատականը: Օրն ամփոփվեց մանկական գրադարանում կատարված շրջայցով, որի ընթացքում Մորթենսոն կենտրոնի ղեկավարը հեքիաթի սրահում փոքրիկների հետ ունկնդրեց «Հեքիաթապատում» խորագրով հերթական հեքիաթը: