Ավարտվել է դպրոցական գրադարանավարների վերապատրաստման հերթական դասընթացը

Ավարտվել է հոկտեմբերի 12-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկած դպրոցական գրադարանավարների վերապատրաստման հերթական դասընթացը, որը կազմակերպվել էր Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից՝ «Ընթերցանության տարի» խորագրի ներքո։

Եռօրյա դասընթացին մասնակցում էին Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի դպրոցական գրադարանավարներ, ովքեր հնարավորություն ունեցան ընդլայնելու մասնագիտական գիտելիքներն ու զարգացնելու գրադարանային աշխատանքի կազմակերպման գործնական հմտությունները։

Դասընթացի ժամանակ մասնակիցները ծանոթացան գրադարանային ֆոնդի համալրման և կազմակերպման գործընթացներին, ուսումնասիրեցին ֆոնդի համալրման տեսակներն ու աղբյուրները, իմացան գրականության տեխնիկական և մասնագիտական մշակման առանձնահատկությունները։ Տեղեկացան գրականության գրանցման ու հաշվառման անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև գրադարանային գրացուցակների տեսակների ու դրանց կազմակերպման մասին։ Մասնակիցները բանախոսների հետ քննարկեցին գրադարանի և դպրոցի համագործակցության ձևերը, անդրադարձան կրթական գործընթացում գրադարանավարի դերին, մասնագիտական հմտություններին և աշխատանքում հանդիպող խնդիրներին։

Տեսական գիտելիքներից զատ դասընթացի ընթացքում մասնակիցները ստացան նաև գործնական գիտելիքներ. տրված առաջադրանքները կատարելը հնարավորություն տվեց գրադարանավարներին ամրապնդել մասնագիտական կարողությունները։

Մասնակիցները ծանոթացան նաև ընթերցողների ներգրավման, գրանցման և հաշվառման գործընթացներին, ուսումնասիրեցին անհատական և խմբային աշխատանքի ձևերը, թեմատիկ և կրթամշակութային միջոցառումների կազմակերպման առանձնահատկությունները։ Գործնական աշխատանքի շրջանակում մասնակիցները մշակեցին և ներկայացրին «Քո դասագրքից այն կողմ» խորագրով միջոցառման նախագծեր՝ առաջարկելով իրենց գաղափարներն ու մոտեցումները։

Դասընթացի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու գրադարանային աշխատանքի տարբեր գործառույթներին, այլ նաև ամրապնդելու իրենց գիտելիքները գործնական առաջադրանքների միջոցով։ Դասընթացը նպաստեց դպրոցական գրադարանավարների մասնագիտական կարողությունների զարգացմանը և գրադարանային աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը։

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին վկայականներ։