Վերապատրաստման դասընթացի օրակարգում՝ գաղափարների մշակում, փորձի փոխանակում, կառավարչական կարողությունների և հմտությունների զարգացում

Հոկտեմբերի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում շարունակվել է «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացը:

Գրադարանավարների և մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների համար նախատեսված վերապատրաստման դասընթացի երկրորդ օրը հեղինակավոր փորձագետ Զոհրե Ղայենին առանձնացրել էր հետևյալ թեմաները՝ գրադարանավարի դերը ընթերցանության և գրագիտության խթանման գործում, բարձրաձայն ընթերցանության կարևորությունը, երեխաների շահերը կարևորող գրադարանային և գրական տարածքների մոդելների ստեղծում:

Ընդգծելով ընթերցասեր երեխա դաստիարակելու գործում գրադարանավարի դերակատարման անհրաժեշտությունը՝ Զոհրե Ղայենին ներկայացրել է այն ռեսուրսները,  հատուկ գրադարանային ծառայություններն ու գործիքակազմը, որոնց հասանելիությունը կնպաստեն երեխաների ինտելեկտուալ զարգացմանն ու վաղ շրջանից ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը։ Այս համատեքստում դասընթացի մասնակից գրադարանավարներն ու մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փորձը, ծառայությունների, միջոցառումների, ծրագրերի տեսակները, որոնք ուղղված են մանուկների ու պատանիների ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանությանը։

Դասընթացի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև բարձրաձայն ընթերցանության դերի ու նշանակության կարևորությանը,  իրականացման նպատակներին, մեթոդներին և ձևաչափերին:

Ըստ Զոհրե Ղայենիի՝ ժամանակակից գրադարանավարների գործառույթները ընդլայնվել են, և գրադարանների գործունեությունը պետք է միտված լինի երեխաների հետաքրքրությունների, կարիքների բարելավմանն ու իրավունքների պաշտպանությանը: Այս երեք չափանիշներին համապատասխան էլ դասընթացի մասնակիցները թիմային աշխատանքի ընթացքում, ենթադրյալ սեղմ ռեսուրսներով ներկայացրել են գրական, գրադարանային միջավայրերի ստեղծման գաղափարներ: Խմբային աշխատանքները միտված էին համատեղ գաղափարների մշակմանը, փորձի փոխանակմանը, կառավարչական կարողությունների, քննադատական մտածողության զարգացմանն ու նոր հմտությունների ձեռքբերմանը: Նշենք, որ դասընթացն իրականացվում է IBBY Արմենիա ՀԿ-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ), Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ՝ IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի աջակցությամբ: