Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հոկտեմբերի 4-ին մեկնարկել է «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթացը, որն անցկացվում է գրադարանի 90-ամյակի շրջանակում: Վերապատրաստման դասընթացը վարում է Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս Զոհրե Ղայենին:
Դասընթացի առաջին օրը Զոհրե Ղայենին գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների հետ կիսվել է մասնագիտական փորձառությամբ, ներկայացրել է իր հեղինակած «Կարդա ինձ հետ» ծրագրի դրույթները: Այս համատեքստում նա խոսել է 21-րդ դարում մանկական գրադարանների գրադարանավարների դերակատարության, ժամանակակից գրական տարածքների, տարբեր իրավիճակներում ընթերցանության խթանման, ընթերցողների շրջանում տարվող աշխատանքի արդի միտումների, ինչպես նաև ընթերցող-ծնող-գրադարանավար շղթայի փոխգործակցության կարևորության մասին: Ոլորտի փորձագետն անդրադարձել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներկայացված գրագիտության նորագույն սահմանմանը և այդ հայեցակարգում գրադարանավարներին, մանկապատանեկան ոլորտի մասնագետներին վերապահվող ժամանակակից մոտեցումներին:
Զոհրե Ղայենին առանձնահատուկ ընդգծել է ոլորտում միջմշակութային գրագիտության, ներառականության խթանման, ճգնաժամային իրավիճակներում գրադարանավարների, գրական ոլորտի մասնագետների գործուն աջակցության կարևորությունը:
Նշենք, որ փորձագետի յուրաքանչյուր թեմայով նյութի ներկայացումից հետո՝ դասընթացի մասնակիցները կազմել են խմբեր՝ ստացած տեսական գիտելիքները գործնական հմտություններով ամրապնդելու նպատակով: Դասընթացի ընթացքում քննարկումների և փորձի փոխանակման ձևաչափը հնարավորություն է ընձեռել մասնակիցներին համատեղ գաղափարներ վեր հանել, ծանոթանալ մասնագիտական նորագույն գործիքակազմին և հմտություններին: Դասընթացն իրականացվում է IBBY Արմենիա ՀԿ-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ), Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ՝ IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի աջակցությամբ: