Սեմինար-քննարկում  «Մեր տեսլականը, մեր ապագան» թեմայով


2018 թ. հուլիսի 19-ին Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից Ազգային մանկական գրադարանի Չինական անկյունում IFLA-ի (Գրադարանների միջազգային ասոցիացիա) «Համաշխարհային տեսլական» քննարկումների շարքի շրջանակում իրականացվեց երկրորդ սեմինար-քննարկումը՝ «Մեր տեսլականը, մեր ապագան» թեմայով: ՀՀ մշակույթի փոխնախարար Ն.Ղարիբյանը, ով ներկա էր եղել ս.թ. Փարիզում կայացած «Համաշխարհային տեսլական» հանդիպմանը, մասնակիցներին ներկայացրեց քննարկման շարքի նախապատմությունը, նպատակները, տեսլականը: Ազգային մանկական, ՀՀ մարզերի և մայրաքաղաքի համայնքային և այլ գրադարանների ներկայացուցիչները գրավոր պատասխանեցին «Համաշխարհային տեսլական» ծրագրի կողմից նախապես ուղարկված գրադարանների ապագային վերաբերող հարցերին: Դասընթացավարը ներկայացրեց  S.M.A.R.T. մարկետինգային ծրագիրը, որի միջոցով փոխգործուն եղանակով մասնակիցները նկարագրեցին իրենց պատկերացրած գրադարանի լուսավոր ապագան: Ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀԳԱ-ի փոխնախագահ Ռ.Ղազարյանը, ով պատասխանեց գրադարանավարներին հուզող հարցերին և պատմեց ասոցիացիայի իրականացրած աշխատանքների մասին: ՀՀ  գրադարանների բոլոր աշխատակիցներն իրենց գրադարանային հավաքածուների համալրման նպատակով ստացան ընթերցանության կազմակերպման վերաբերյալ մեթոդական ձեռնարկ և մանկագիր Լ.Սարգսյանի կենսամատենագիտությունը: