Շնորհանդեսներ, գրական հանդիպումներ, փոխայցելություններ գրադարաններ, վարպետության դասեր. ավարտվել է Ազգային գրադարանային շաբաթը

Ապրիլի 15-22-ը՝ մեկ շաբաթ շարունակ  մայրաքաղաքի, մարզային, համայնքային, մասնագիտական, բուհական գրադարանները հագեցած են եղել գրադարանային գործին առնչվող, կրթամշակութային բազմաբնույթ միջոցառումներովՀայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ Հայաստանում այս օրերին անցկացված «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը կրում էր «Գրադարանը նորարարության հարթակ» խորագիրը։

«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում կազմակերպվել են գրքերի քննարկումներ, շնորհանդեսներ, հանդիպումներ հրատարակչությունների ներկայացուցիչների հետ, դասախոսություններ, վերապատրաստումներ գրադարանավարների համար, փոխայցելություններ ու շրջայցեր հանրապետության գրադարաններ՝ փորձի փոխանակման ու նորարար լուծումները միմյանց հետ կիսելու նպատակով:

Ծրագրի շրջանակում տարբեր հարթակներում քննարկվել են արդի գրադարանների խնդիրները, զարգացման հեռանկարները, նոր տեխնոլոգիաների ու նորարարությունների կիրառման կարևորությունը։  Այս համատեքստում ընդգծվել են գրադարանների դերակատարությունը ժամանակակից ընթերցողի պահանջների բավարարման, ինչպես նաև երիտասարդ սերնդի կրթության նպաստմանը միտված հնարավոր ուղիները։ Նշենք, որ Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ այս ծրագիրն անցկացվում է 2002 թվականից: Այն նպատակ ունի հանրայնացնել գրադարանների ու ընթերցանության դերն ու կարևորությունը հանրության զարգացման ու կրթական մակարդակի բարելավման տեսանկյունից:

Ապրիլի 15-ից կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա, արդեն ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթն այս տարի կանցկացվի ապրիլի 15-22-ը, կարգախոսը՝ «Գրադարանը նորարարության հարթակ»: Այն հնարավորություն է արժևորելու գրադարանները՝ որպես մշակութային, նորարական և սոցիալական հարթակներ:

Շաբաթվա ծրագրում ներառված տարատեսակ միջոցառումները միտված են կարևորելու  գրադարանային ոլորտին առնչվող հիմնահարցերը, գրքի և ընթերցանության դերի բարձրացմանը, ընթերցող-գրադարան կապի սերտացմանը:

ԾՐԱԳԻՐ

Պաստառ

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայկական գրադարանային ասոցիացիայի» անդամներին

Փետրվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հայկական գրադարանային ասոցիացիայի» (ՀԳԱ) անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի։
Տեր Հայրը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, ընդգծեց, որ վերջիններս Մայր Աթոռ են ժամանել Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Տեր Արարատը նաև անդրադարձավ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի և ՀԳԱ-ի միջև առկա համագործակցությանը։
Հայոց Հովվապետը, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ՀԳԱ-ի անդամներին, մաղթեց արդյունավոր առաքելություն՝ հայորդիների մեջ ընթերցասիրությունը զորացնելու և գրական ժառանգությանը հաղորդ դարձնելու առաքելության մեջ։ Վեհափառ Հայրապետը բարձրորեն գնահատեց գրադարանների գործունեությունն ի նպաստ հայորդիների կրթության և հոգեկերտվածքի ձևավորման՝ հաստատելով նաև, որ գիրքը մարդու կյանքի լավագույն ուղեկիցն է։ Այս առիթով Հայոց Հովվապետն արձանագրեց, որ Եկեղեցին մշտապես կանգնած է եղել գրականության ստեղծման, սերունդների կրթության և դաստիարակության ակունքներում։
Իր հերթին ՀԳԱ նախագահ և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն տիկին Ռուզան Տոնոյանը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, տեղեկություններ փոխանցեց ՀԳԱ-ի հիմնադրման, գործունեության և առաջիկա ծրագրերի մասին։
Զրույցի ընթացքում քննարկվեցին գրադարանների առջև ծառացած մարտահրավերները, դրանց հաղթահարման, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ փոխգործակցության ընդլայնման հնարավոր ուղիները։

Լույս  Է տեսել  «ԼՐԱՏՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՆԴԵՍԻ երկրորդ ՀԱՄԱՐԸ

Հարգելի գործընկերներ

Հայկական գրադարանային ասոցիացիան ներկայացնում է «ԼՐԱՏՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» կիսամյա գիտատեղեկատվական էլեկտրոնային հանդեսի երկրորդ համարը:

Այս համարում կարող եք կարդալ հոդվածներ հետևյալ խորագրերով՝
«Գրահրատարակչություն», «Մշակութային ժառանգություն», «Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 90-ամյակ»,  «21-րդ դարի գրադարան» և այլն:

https://flib.sci.am/journal/Lratu/V_2_2023.html

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է գրադարանավարներին և մշակութային հաստատությունների աշխատակիցներին

      
2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Հոկտեմբերի 9-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տոնի առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար պետական և համայնքային գրադարանների ավելի քան 40 նվիրյալ պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով և պատվոգրով: Շնորհակալագրերը և պատվոգրերը հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը:
Շնորհավորելով գրադարանավարներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է գրադարանավարների աշխատանքի կարևորությունն ու դերը
սերունդներին կրթելու ու դաստիարակելու գործում: «Ուղիղ կապ կա գրադարանավարների և հասարակության զարգացման միջև: Դուք ամեն օր բախվում եք մարտահրավերների, բայց հաղթահարելով դրանք՝ պատվով կրում եք գիտելիք փոխանցող փարոսի դերը»,- նշել է նա:
ԿԳՄՍՆ շնորհակալագրերի ու պատվոգրերի արժանացած աշխատակիցները ներկայացնում էին ՀՀ Արմավիրի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Արարատի, Սյունիքի և Լոռու մարզերն ու մայրաքաղաք Երևանը: Մայրաքաղաքից պարգևներ են ստացել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Հայաստանի ազգային գրադարանի, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի, Համո Սահյանի անվան գրադարանի, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի աշխատակիցները:
Մշակութային հաստատություններից շնորհակալագրեր և պատվոգրեր ստացան «Կոմիտասի թանգարան-ինստիտուտի», «Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ – Մատենադարանի» և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ներկայացուցիչները:

«Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացի մասնակիցներին տրվել են միջազգային որակավորման վկայականներ

Հոկտեմբերի 6-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացի վերջին օրն էր:

Վերապատրաստման դասընթացի երրորդ օրը տեսական և գործնական աշխատանքների առանցքում տարբեր իրավիճակներում, ինչպես նաև թիրախային խմբերի համար ընթերցանության խթանմանն ուղղված մեթոդների և հմտությունների կիրառման թեմաներն էին:

Կարևորելով գրադարանավարների և մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների դերակատարումն այս գործընթացում՝ դասընթացավար, հեղինակավոր փորձագետ Զոհրե Ղայենին ներկայացրել է խնդիրների լուծմանն ուղղված առավել արդյունավետ, գործածելի և նորարար ուղեցույցներն ու գործիքակազմը։ Այս մեթոդների կիրառման գործում  առաջնային կարևորվել են գրքի նկատմամբ հետաքրքրության ձևավորման, քննադատական մտածողության, նյութի շուրջ երկխոսելու ու մտքեր փոխանակելու ունակության զարգացմանն ուղղված քայլերը: Առանձնացվել է  յուրաքանչյուր տարիքային խմբի համար կիրառելի մեթոդները՝ մատնանշելով թատերականացված բեմադրությունների ու պատկերազարդումների ազդեցությունը երեխայի մտավոր և հուզական ներաշխարհի վրա:

Դասընթացի շրջանակում մասնակիցները միմյանց հետ կիսվել են ընթերցանության խթանմանն ուղղված իրենց փորձով, գործնականում ներկայացնելով այն մեթոդներն ու հնարքները, որոնք կիրառվում են ամենօրյա աշխատանքի ընթացքում:

Զոհրե Ղայենին անդրադարձել է նաև անհատական խնդիրների կամ ճգնաժամային իրավիճակներում գրքաբուժության մեթոդի արդյունավետությանը, ներկայացնելով այն մեթոդները, մոտեցումներն ու գրական ստեղծագործությունները, որոնց հերոսները տարբեր իրավիճակներում ուղիներ են գտել հաղթահարելու դժվարություններն ու խնդիրները:

Զոհրե Ղայենին ներկայացրել է գրականության այն ցանկերը, որոնք նպաստում են ընթերցանության խթանմանը, երեխաների ինքնաճանաչողության, ինքնարտահայտման դրսևորումներին: Ըստ դասընթացավարի՝ երեխաների հետ աշխատանքի ընթացքում այս նորարարական մեթոդների կիրառումը կարող է օգնել հաղթահարելու հուզական խնդիրները,  վեր հանելու ապրումակցելու և կարեկցելու ունակությունները վաղ տարիքից:

«Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացի ավարտին՝   ծրագրի մասնակից գրադարանավարներին ու մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչներին տրվել են միջազգային որակավորման վկայականներ:

Վկայականները հանձնել են IBBY Արմենիա ՀԿ-ի, Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը և Մանկապատանեկան գրականության ոլորտի անվանի մասնագետ, «IBBY Asahi reading promotion award» մրցանակակիր Զոհրե Ղայենին:

Նշենք, որ դասընթացն իրականացվել է IBBY Արմենիա ՀԿ-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ), Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ՝ IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի աջակցությամբ:

Վերապատրաստման դասընթացի օրակարգում՝ գաղափարների մշակում, փորձի փոխանակում, կառավարչական կարողությունների և հմտությունների զարգացում

Հոկտեմբերի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում շարունակվել է «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացը:

Գրադարանավարների և մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների համար նախատեսված վերապատրաստման դասընթացի երկրորդ օրը հեղինակավոր փորձագետ Զոհրե Ղայենին առանձնացրել էր հետևյալ թեմաները՝ գրադարանավարի դերը ընթերցանության և գրագիտության խթանման գործում, բարձրաձայն ընթերցանության կարևորությունը, երեխաների շահերը կարևորող գրադարանային և գրական տարածքների մոդելների ստեղծում:

Ընդգծելով ընթերցասեր երեխա դաստիարակելու գործում գրադարանավարի դերակատարման անհրաժեշտությունը՝ Զոհրե Ղայենին ներկայացրել է այն ռեսուրսները,  հատուկ գրադարանային ծառայություններն ու գործիքակազմը, որոնց հասանելիությունը կնպաստեն երեխաների ինտելեկտուալ զարգացմանն ու վաղ շրջանից ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը։ Այս համատեքստում դասընթացի մասնակից գրադարանավարներն ու մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փորձը, ծառայությունների, միջոցառումների, ծրագրերի տեսակները, որոնք ուղղված են մանուկների ու պատանիների ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանությանը։

Դասընթացի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև բարձրաձայն ընթերցանության դերի ու նշանակության կարևորությանը,  իրականացման նպատակներին, մեթոդներին և ձևաչափերին:

Ըստ Զոհրե Ղայենիի՝ ժամանակակից գրադարանավարների գործառույթները ընդլայնվել են, և գրադարանների գործունեությունը պետք է միտված լինի երեխաների հետաքրքրությունների, կարիքների բարելավմանն ու իրավունքների պաշտպանությանը: Այս երեք չափանիշներին համապատասխան էլ դասընթացի մասնակիցները թիմային աշխատանքի ընթացքում, ենթադրյալ սեղմ ռեսուրսներով ներկայացրել են գրական, գրադարանային միջավայրերի ստեղծման գաղափարներ: Խմբային աշխատանքները միտված էին համատեղ գաղափարների մշակմանը, փորձի փոխանակմանը, կառավարչական կարողությունների, քննադատական մտածողության զարգացմանն ու նոր հմտությունների ձեռքբերմանը: Նշենք, որ դասընթացն իրականացվում է IBBY Արմենիա ՀԿ-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ), Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ՝ IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի աջակցությամբ:

Մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարելավում՝ գրադարանավարների  և մանկապատանեկան գրական ոլորտի մասնագետների համար

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հոկտեմբերի 4-ին մեկնարկել է «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթացը, որն անցկացվում է գրադարանի 90-ամյակի շրջանակում: Վերապատրաստման դասընթացը վարում է Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս Զոհրե Ղայենին:

Դասընթացի առաջին օրը Զոհրե Ղայենին գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների հետ կիսվել է մասնագիտական փորձառությամբ, ներկայացրել է իր հեղինակած «Կարդա ինձ հետ» ծրագրի դրույթները: Այս համատեքստում նա խոսել է 21-րդ դարում մանկական գրադարանների գրադարանավարների դերակատարության, ժամանակակից գրական տարածքների, տարբեր իրավիճակներում ընթերցանության խթանման, ընթերցողների շրջանում տարվող աշխատանքի արդի միտումների, ինչպես նաև  ընթերցող-ծնող-գրադարանավար շղթայի փոխգործակցության կարևորության մասին: Ոլորտի փորձագետն անդրադարձել է նաև  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներկայացված գրագիտության նորագույն սահմանմանը և այդ հայեցակարգում գրադարանավարներին, մանկապատանեկան ոլորտի մասնագետներին վերապահվող ժամանակակից մոտեցումներին:

Զոհրե Ղայենին առանձնահատուկ ընդգծել է ոլորտում միջմշակութային գրագիտության, ներառականության խթանման, ճգնաժամային իրավիճակներում գրադարանավարների, գրական ոլորտի մասնագետների գործուն աջակցության կարևորությունը:

Նշենք, որ  փորձագետի յուրաքանչյուր թեմայով նյութի ներկայացումից հետո՝ դասընթացի մասնակիցները կազմել են խմբեր՝ ստացած տեսական գիտելիքները գործնական հմտություններով ամրապնդելու նպատակով: Դասընթացի ընթացքում քննարկումների և փորձի փոխանակման ձևաչափը հնարավորություն է ընձեռել մասնակիցներին համատեղ  գաղափարներ վեր հանել, ծանոթանալ մասնագիտական նորագույն գործիքակազմին և հմտություններին: Դասընթացն իրականացվում է IBBY Արմենիա ՀԿ-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ), Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ՝ IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի աջակցությամբ:

Հոկտեմբերի 7-ը ՀՀ-ում նշվում է որպես Գրադարանավարի օր

Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է:
2004 թ. ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 7-ը՝ Հայկական գրադարանային ասոցիացիայի հիմնադրման օրը, ամրագրել է որպես Գրադարանավարի օր: ՀՀ-ում այն նշանավորվում է մասնագիտական և մշակութային բազմաթիվ միջոցառումներով: Այս տարի օրը կրում է «Ընթերցանության իրավունքի պաշպանները» խորագիրը:

Մասնագիտական գիտելիքների բարելավում գրադարանավարների համար

   

Սեպտեմբերի 25-29-ը «Արտաշատ համայնքի գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի գրադարանավարները Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մասնակցեցին հնգօրյա դասընթացների՝ ուղղված մասնագիտական կարողությունների բարելավմանը: Մասնակիցները ներկայացնում էին Արտաշատի քաղաքային, Հովտաշեն, Մասիս և Այգեստան գյուղերի գրադարանները:

Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից կազմակերպված դասընթացները նպատակ ունեն բարձրացնելու համայնքային գրադարանարների աշխատանքի արդյունավետությունը:

Գրադարանավարների դասընթացները վերաբերում էին գրադարանային մասնագիտական հարցերին, կրթական ծրագրերի և միջոցառումների կազմակերպման առանձնահատկություններին ու նորարար լուծումներին: Դասընթացի մասնակիցները ծանոթացան գրադարանային ծրագրերի և միջոցառումների հանրայնացման, սոցիալական հարթակներում աշխատանքի ու ԶԼՄ-ների հետ արյունավետ համագործակցության գործիքներին: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մասնագետները մարզից ժամանած գրադարանավարներին  փոխանցեցին ընթերցանության կազմակերպման և նոր ընթերցողներ ներգրավելու իրենց փորձն ու հմտությունները:

Դասընթացների ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր՝ որպես նոր գիտելիքների յուրացման վկայական: