ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
Կանոնադրությունը նոր խմբագրությամբ գրանցվել է Պետական ռեգիստրի գործակալության կենտրոնական մարմնի կողմից 2004 թ. դեկտեմբերի 13-ին:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հանդիսանում է «Հայկական գրադարանային միություն» հասարակական կազմակերպության իրավահաջորդը, որն իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա, հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու նպատակով ստեղծված կամավոր մասնագիտական հասարակական կազմակերպություն է:
1.2. Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
1.3. Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է օրինականության, հրապարակայնության, իրավահավասարության, կամավորության և ինքնակառավարման սկզբունքների հիման վրա:
1.4. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Այն կարող է գործունեություն ծավալել նաև այլ պետություններում՝ պայմանով, որ այդ գործունեությունը չհակասի տվյալ երկրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
1.5. Կազմակերպությունը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, այնպես էլ անհատ անձանց հետ: Կազմակերպությունը կարող է անդամակցել միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, ունենալ միջազգային կապեր, կնքել համաձայնագրեր միջազգային ու օտարերկրյա ոչ կառավարական և ոչ առևտրական կազմակերպությունների հետ:
1.6. Կազմակերպությունն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում ՀՀ պետական ռեգիստրի կողմից պետական գրանցման պահից. ունի ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային և այլ հաշիվներ բանկերում, հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով կլոր կնիք՝ խորհրդանիշով, որտեղ գեղարվեստական ձևավորումով պատկերված է բաց գիրք և ՀԳԱ տառերը, պաշտոնաթղթեր, անկյունադրոշմ:
1.7. Կազմակերպության անվանումն է «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպություն (ՀԳԱ ՀԿ):
1.8. Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար իրավունք ունի հիմնադրել լրատվական միջոցներ օրենքով սահմանված կարգով:
1.9. Կազմակերպության իրավաբանական հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տերյան 72, հեռախոս (010) 52 97 11, (010) 58 90 42։
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1. Կազմակերպության խնդիրներն ու նպատակներն են. մասնակցել և նպաստել ՀՀ գրադարանային գործի հիմնադրույթների, ծրագրային և նորմատիվ-իրավական փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքներին, խրախուսել այն բոլոր նախաձեռնությունները, որոնք նպատակամղված են գրադարանային գործի բարելավմանը, պարբերաբար կազմակերպել ու անցկացնել հանրապետության գրադարանային գործի զարգացման խնդիրներին, համատեղ աշխատանքի ծրագրերին, փորձի և տեղեկության փոխանակմանը նվիրված գիտաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, բանավեճեր և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցառումներ, տանել քարոզչական աշխատանք գրադարանային գործունեության բոլոր բնագավառների խնդիրները և հաջողությունները գրադարանային հասարակությանը ծանոթացնելու ուղղությամբ, հոգ տանել մասնագիտության հեղինակության բարձրացման, հասարակական կարծիքը հօգուտ գրադարանային գործի ձևավորելու, մասնագիտական քննարկումները գիտական մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Սատարել և հովանավորել համակարգիչների և համակարգչային ծրագրերի ներմուծմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, զարգացնել կապերը արտերկրի գրադարանների և գրադարանային կազմակերպությունների հետ, աջակցել սփյուռքի հայության և հայկական գրադարանների հետ հայրենիքի կապերի զարգացմանը, կազմակերպել մասնագիտական փորձի և ցուցահանդեսների փոխանակում ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրներում, օժանդակել գրադարաններին և կազմակերպության անդամներին, կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների երաշխավորությամբ կամ վարչության նախաձեռնությամբ խրախուսել լավագույն գրադարանային աշխատողներին։
2.2. Կազմակերպությունն ունի սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին և խնդիրներին համապատասխան քաղաքացիական իրավունքներ և կրում է այդ գործունեությունից բխող պարտականություններ: Կազմակերպությունն իրեն պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում է իր հայեցողությամբ: Կազմակերպության կողմից իր այդ իրավունքների իրականացումից հրաժարվելը չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2.3. Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝
ա) տեղեկություն տարածել իր գործունեության մասին.
բ) հիմնադրել լրատվության միջոցներ.
գ) կազմակերպել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր.
դ) ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.
ե) իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն՝ իր կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով.
զ) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, վարձակալել և օգտագործել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, օրենքով չարգելված գույք.
է) օտարել կամ վարձակալության կամ անվճար օգտագործման հանձնել կազմակերպությանը պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք.
ը) կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և այլ գործարքներ.
թ) ինքնուրույն կազմավորել և տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում՝ արտարժույթով.
ժ) իրականացնել արտաքին ինքնուրույն գործունեություն, այդ թվում՝ կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին, անդամներին և այլ անձանց գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
2.4. Կազմակերպությունը պարտավոր է՝
ա) ցանկացած ֆիզիկական անձի պահանջով յոթ օրացուցային օրվա ընթացքում նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը.
բ) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
գ) իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ՝ ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.
դ) պետական կառավարման լիազորված մարմնի պահանջով նրան տրամադրել իր բարձրագույն և այլ մարմինների որոշումների պատճենները, Կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմինների ներկայացուցիչներին ներկա գտնվել Կազմակերպության ժողովին.
ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.
զ) առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո՝ մեկ ամսյա ժամկետում դիմել պետական գրանցման մարմին, սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար.
է) վարել իր անդամների հաշվառումը.
ը) առանց լիազորագրի կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և (կամ) կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացույցային օրվա ընթացքում պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և (կամ) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի մասին տվյալները:
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1. Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած յուրաքանչյուր գրադարանային աշխատող և մասնագետ, որն ընդունում է սույն կանոնադրությունը և իր գործունեությամբ նպաստում է կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրագործմանը։
3.2. Դիմումի համաձայն կազմակերպության նոր անդամի ընդունելության մասին որոշումը ընդունվում է կազմակերպության վարչության կողմից։ Կազմակերպությանն անդամակցելու մասին դիմումի մերժումը գանգատարկման ենթակա չէ:
3.3. Կազմակերպության անդամը մուծում է մուտքի վճար և անդամավճար, որոնց չափերը սահմանվում են կազմակերպության վարչության կողմից, ստանում է անդամատոմս։
3.4. Կազմակերպությունից ինքնակամ դուրս գալը կատարվում է գրավոր դիմումի համաձայն: Կազմակերպության անդամը կարող է հեռացվել կազմակերպությանս շարքերից վարչության որոշմամբ՝ կազմակերպության կանոնադրական դրույթների խախտումների համար։
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1 Կազմակերպության անդամն իրավունք ունի՝
ա) ընտրել և ընտրվել Կազմակերպության բարձրագույն և այլ մարմիններում, ընդ որում, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում կարող է ընտրվել 18 տարին լրացած անձը.
բ) Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ.
գ) սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին.
դ) ազատ դուրս գալ Կազմակերպությունից.
ե)Կազմակերպությունից ստանալ իրավական օգնություն՝ ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը.
զ) մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին.
է) Կազմակերպության նախագահի և վարչության ոչ կանոնադրական գործունեության դեմ բողոքարկել համագումարին կամ դատարան:
4.2 Կազմակերպության անդամը պարտավոր է՝
ա) հոգ տանել Կազմակերպության հեղինակության մասին.
բ)կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները.
գ) մուծել մուտքի վճար և ամսական անդամավճար՝ վարչության կողմից սահմանված լինելու դեպքում, որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է վարչությունը.
դ) բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները.
Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Կազմակերպության համագումարի կամ վարչության կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողության, Կազմակերպության անդամությունից զրկում:
Կազմակերպությունը կարող է ունենալ պատվավոր անդամներ, որոնց իրավունքները և պարտականությունները սահմանվում են կազմակերպության վարչության կողմից:
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
5.1. Կազմակերպության ղեկավար մարմիններն են՝ համագումարը, վարչությունը և նախագահը։ Կազմակերպությունն ունի վերստուգիչ հանձնաժողով։
5.2. Կազմակերպության ղեկավար ու վերստուգիչ մարմիններն ընտրովի են։ Կազմակերպության ղեկավար ու վերստուգիչ մարմինների անդամներ կարող են դառնալ 18 տարին լրացած անձինք:
5.3. Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների համագումարն է, որը գումարվում է ոչ պակաս քան երկու տարին մեկ անգամ:
5.4. Կազմակերպության արտահերթ համագումար հրավիրվում է կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի որոշումներով կամ կազմակերպության անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3ի գրավոր պահանջով։
5.5. Կազմակերպության համագումարի հրավիրման օրը և նախնական օրակարգը հաղորդվում է Կազմակերպության անդամներին համագումարի հրավիրման օրվանից առնվազն 14 օր առաջ։
5.6. Կազմակերպության համագումարի մասնակիցների ներկայացուցչական թվակազմը որոշվում է կազմակերպության վարչության կողմից։
5.7. Կազմակերպության համագումարը.
ընդունում է կազմակերպության կանոնադրությունը, կատարում է Կազմակերպության կանոնադրության փոփոխությունները, կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը, ընդունում է որոշումներ կազմակերպության գործունեության կարևորագույն խնդիրների և ուղղությունների վերաբերյալ, որոշում է կազմակերպության վարչության և վերստուգիչ հանձնաժողովի թվաքանակները, երկու տարի ժամկետով ընտրում է կազմակերպության վարչություն և կազմակերպության վերստուգիչ հանձնաժողով երկու տարի ժամկետով, ընտրում է կազմակերպության նախագահ, կազմակերպության փոխնախագահ, կազմակերպության քարտուղար, որոնք ի պաշտոնե մտնում են կազմակերպության վարչության կազմի մեջ, քննարկում և հաստատում է կազմակերպության վարչության, կազմակերպության նախագահի և կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները,
ընդունում է կազմակերպության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումները:
5.8. Կազմակերպության համագումարը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե կազմակերպության համագումարին մասնակցում են պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելին: Կազմակերպության կանոնադրությունը, կանոնադրության փոփոխություններն, կազմակերպության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումները ընդունվում են կազմակերպության բոլոր պատվիրակների 2/3-ով։ Մյուս բոլոր հարցերի վերաբերյալ որոշումները Կազմակերպության համագումարը ընդունում է կազմակերպության պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ։
5.9. Կազմակերպության վարչությունը.
ընտրվում է Կազմակերպության համագումարի կողմից երկու տարի ժամկետով և համարվում է Կազմակերպության ղեկավար մարմինը համագումարների միջև ընկած ժամանակահատվածում,
քննարկում և որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են Կազմակերպության համագումարի լիազորությունների մեջ, նախապատրաստում և հրավիրում է Կազմակերպության համագումարները, որոշում է Կազմակերպության համագումարների ներկայացուցչական թվակազմերը, որոշում է կայացնում Կազմակերպության կազմում անդամագրության և ազատման վերաբերյալ, որոշում է անդամավճարների և մուտքավճարների չափերը և դրանց գանձման կարգը, հաստատում է Կազմակերպության տարեկան բյուջեն, Կազմակերպության հիմնական միջոցառումների տարեկան պլանները, ծրագրերը և հսկում դրանց կատարման ընթացքը, հաստատում է Կազմակերպության հաստիքային աշխատողների ցուցակը,
որոշումներ է ընդունում Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ՝ ներկայացուցչություններ և մասնաճյուղեր, ինչպես նաև հանձնաժողովներ, բաժիններ, աշխատանքային խմբեր, լրատվական միջոցներ, տնտեսական ընկերություններ ստեղծելու կամ լուծարելու մասին, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին, հաստատում է դրանց կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, որոշում է կայացնում գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այդ թվում՝ օտարելու և դուրս գրելու վերաբերյալ, հաստատում է Կազմակերպության պաշտոնաթղթերի նմուշները:
5.10. Կազմակերպության վարչությունը իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով: Կազմակերպության վարչությունը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե Կազմակերպության վարչության նիստին մասնակցում են Կազմակերպության վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելին։ Որոշումներն ընդունվում են Կազմակերպության վարչության նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
5.11. Կազմակերպության վարչությունը իր հերթական նիստերը հրավիրում է առնվազն երեք ամիսը մեկ անգամ։ Կազմակերպութան վարչության արտահերթ նիստ կարող է հրավիրվել Կազմակերպության վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի գրավոր պահանջով կամ Կազմակերպության նախագահի կողմից։,
5.12. Վարչության անդամները գործում են իրավահավասարության սկզբունքով, անդամներից յուրաքանչյուրն ունի վարչության քննարկմանը հարց առաջադրելու իրավունք:
5.13. Կազմակերպության նախագահը.
ընտրվում է Կազմակերպության համագումարի կողմից երկու տարի ժամկետով և ղեկավարում է Կազմակերպության համագումարի և Կազմակերպության վարչության աշխատանքները, ինչպես նաև հանդիսանում է Կազմակերպության ղեկավար մարմինը Կազմակերպության վարչության նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, Կազմակերպության համագումարին հաշվետվություն է ներկայացնում Կազմակերպության վարչության և իր կատարած աշխատանքների մասին, որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ, բացառությամբ Կազմակերպության համագումարի և Կազմակերպության վարչության իրավասությանը վերաբերվող հարցերի, իր իրավասության սահմաններում ստորագրում է հրամաններ, կարգադրություններ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր, ներկայացնում է Կազմակերպությունն ՀՀ պետական մարմիններում, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների համագումարներում և պաշտոնական հանդիպումներում, Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի, ստորագրում է ֆինանսական փաստաթղթեր, բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ,
աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Կազմակերպության հաստիքային աշխատողներին,
Կազմակերպության անունից վարում է բանակցություններ, կնքում պայմանագրեր և համաձայնագրեր, ստորագրում Կազմակերպության համագումարի և Կազմակերպության վարչության կողմից ընդունված փաստաթղթերը, վարում է Կազմակերպության համագումարի և Կազմակերպության վարչության նիստերը, հրավիրում է Կազմակերպության վարչության արտահերթ նիստեր։
5.14. Կազմակերպության փոխնախագահը.
կատարում է Կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները,
Կազմակերպության նախագահի հանձնարարությամբ, նրա բացակայության ժամանակաընթացքում, կատարում է Կազմակերպության նախագահի պարտականությունները։
5.15. Կազմակերպության քարտուղարը.
ապահովում է համագումարի, վարչության, մշտական հանձնաժողովների և հանձնախմբերի որոշումների կատարումը, կազմակերպում է Կազմակերպության գործավարությունը և տնօրինում է Կազմակերպության արխիվը, Կազմակերպության անդամներից գանձում է մուտքի վճար և անդամավճար։
5.16. Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը.
ընտրվում է Կազմակերպության համագումարի կողմից երկու տարի ժամկետով և հանդիսանում է կազմակերպության վերահսկող-վերստուգիչ մարմինը, իրականացնում է Կազմակերպության ղեկավար և կառուցվածքային մարմինների ֆինանսատնտեսական գործունեության ընդհանուր վերահսկողությունը,
Վերստուգիչ հանձնաժողովը կարող է ցանկացած տվյալներ և հաշվետվություն պահանջել Կազմակերպության նախագահից և աշխատողներից, իրականացնում է Կազմակերպության գործունեության կանոնադրական վերահսկողությունը, ներկայացնում է հաշվետվություն Կազմակերպության համագումարին:
5.17. Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը իր հերթական նիստերը հրավիրում է առնվազն վեց ամիսը մեկ անգամ։ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի գրավոր պահանջով կամ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահի կողմից։ Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նիստերը կայանում են վերստուգիչ հանձնաժողովի անդամների մեծամասնության մասնակցությամբ, որոշումներն ընդունվում են վերստուգիչ հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
6.1. Կազմակերպության սեփականությունը գոյանում է մուտքավճարներից, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, անհատ քաղաքացիների կողմից ստացվող նվիրատվություններից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից։
6.2. Կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող են պատկանել շենքեր, շինություններ, նյութական, դրամական, փոխադրական միջոցներ և օրենքով չարգելված այլ գույք: Կազմակերպությանը պատկանող գույքը օգտագործվում է իր կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար։
6.3. Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձինք Կազմակերպության կողմից կարող են վարձատրվել, եթե նրանց մշտական աշխատանքի վայրը համարվում է Կազմակերպությունը, ինչպես նաև Կազմակերպության վարչության կողմից հաստատված և ֆինանսավորում ստացած ծրագրեր իրականացնելու և ղեկավարելու դեպքում։ Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց վարձատրության չափը սահմանվում է Կազմակերպության վարչության կողմից:
7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
7.1. Կազմակերպության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է օրենքով նախատեսված դեպքերում նրա համագումարի որոշման հիման վրա կամ դատական կարգով: Կազմակերպությունը համարվում է վերակազմակերպված, բացառությամբ միացման ձևի, նոր առաջացած կազմակերպության օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
7.2. Կազմակերպության լուծարումը հանգեցնում է դրա դադարմանը՝ առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ կազմակերպությունների անցնելու։
7.3. Կազմակերպության լուծարման դեպքում լուծարքային հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց և պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով, օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ եթե դա անհնար է, ապա փոխանցվում է պետական բյուջե: