Մեկնարկում է գրադարանավարների վերապատրաստման նոր դասընթաց

Հայկական գրադարանային ասոցիացիա ՀԿ-ն IBBY Հայաստան ՀԿ-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) հետ համատեղ 2017 թ. հուլիսի 5-7- ը անցկացնելու է «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում» թեմայով վարպետության դասընթաց: Վարպետության դասը կվարի Լիոնի /Ֆրանսիա/ քաղաքային գրադարանի մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ Վիոլին Կանմաչերը: Դասընթացը կիրականացվի ֆրանսերենից հայերեն համաժամանակյա թարգմանությամբ: IBBY Հայաստան ՀԿ-ի իրազեկման հիման վրա կմասնակցեն 20 գրադարանավար (համամասնաբար 10-ը՝ ՀՀ մարզային և 10-ը՝ մայրաքաղաքային ու համայնքային տարբեր գրադարաններից): Թիրախավորված են մանուկներին և պատանիներին սպասարկող գրադարանավարները: Դասընթացի նպատակն է, ի նպաստ ՀՀ-ում գրադարանային գործի զարգացման, գրադարանավարներին փոխանցել մանկապատանեկան ընթերցանության կազմակերպման և այդ տարիքային խմբի գրադարանային սպասարկման նոր հմտություններ և գիտելիքներ՝ նրանց իրազեկելով նորարարական փոխգործուն, համագործակցային, նախաձեռնողական գործելաոճի ակտուալ առանձնահատկություններին: Նախաձեռնության դինամիկ արդյունավետությունն ապահովելու համար գրադարանավարները դասընթացում ստացած նոր գիտելիքները, կարողություններն ու հմտությունները գործնականում պետք է կիրառեն նշյալ տարիքային խմբի հետ աշխատանքում՝ այն ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Դասընթացը կմեկնարկի հուլիսի 5-ին՝ ժամը 10-ից, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: