




Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ս.թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից շարունակվում է «Հայկական գրադարանային ասոցիացիա» հկ-ի և Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով գրադարանավարների վերապատրաստման դասընթացը:
Այսօր մասնագիտական դասընթացի առաջին փուլը կավարտեն ծրագրի մեկնարկին մասնակցած համայնքային գրադարանավարները՝ Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերից և մայրաքաղաքից: Նրանք 2-րդ օրը սկսում են նախորդ օրվա նորարարական կառավարման մասին թեմատիկ նյութի ամփոփումով:
Մասնակիցները թիմային քննարկումների և եզրահանգումների միջոցով կյուրացնեն նախատեսված մոդուլների՝ գրադարանի նորարար-առաջնորդի՝ ծրագրեր պլանավորելու, ընդհանուր արժեքներ մշակելու և աշխատանքային թիմի հետ հաղորդակցվելու հմտություններն ու մեթոդները:
Դասընթացի 2-րդ օրը նույնպես ընթանում է ծրագրի նորարարական փոխգործուն, համագործակցային չափանիշներին համապատասխան: Խմբերը թիմային քննարկումներից հետո ներկայացնում են իրենց նորարարական նպատակները:
