

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում շարունակվում է «Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» խորագրով գրադարանավարների վերապատրաստման ծրագիրը:
Այսօր ծրագրի բանախոսներ դոկտոր Հաննա Ֆոգտը և Մարիանա Աբրեյու-Լորեյրուն դասընթացի մասնակիցների համար պատրաստել էին ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև պրակտիկ, խմբային առաջադրանքներ, որոնք դասընթացը դարձրել են ավելի հետաքրքիր և արդյունավետ:
Դոկտոր Հաննա Ֆոգտը ինտերակտիվ բանախոսության միջոցով մասնակիցներին ներկայացրել է գրադարանային տարածքների վերափոխման Գերմանիայի փորձը, սահիկաշարի միջոցով ցուցադրել այդ վերափոխումը, խոսել գրադարաններն ակտիվ համայնքային կենտրոններ դարձնելու անհրաժեշտության և այդ ճանապարհին հասնելու քայլերի մասին: Դասընթացի մասնակիցներին Հաննա Ֆոգտը խորհուրդ է տվել որևէ գաղափար կյանքի կոչելուց առաջ ստեղծել դրա փոքր մոդելը, փորձարկել, ստանալ կարծիքներ, ապա միայն գաղափարն իրականացնելու քայլեր ձեռնարկել: Մասնակիցները պրակտիկ առաջադրանքի միջոցով կազմել են փոխակերման իրենց պլանը, ներկայացրել այն, քննարկել:
Դասընթացավար Մարիանա Աբրեյու-Լորեյրուն էլ ներկայացրել է ընթերցանության կազմակերպման և խթանման նորարական մեթոդները, կիսվել հմտություններով, թե ինչպես ճիշտ ընտրել գրքերը, որպեսզի ընթերցանության ծրագրերը լինեն հնարավորինս արդյունավետ: Նա նաև խոսել է այն կարևոր չափանիշների մասին., որոնք գրադարանավարները պետք է հաշվի առնեն ընթերցանության ծրագրերը կազմելիս: Դասընթացավարի խոսքով կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն գրքի գրական, գեղագիտական որակին, մշակութային համապատասխանությանը, այլև գրադարանավար-ընթերցող հարաբերություններին:
Վերապատրաստման երկօրյա դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են վկայականներ։
Ծրագրի բանախոսները մշակութային այց են կատարել Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալով Հայաստանի հարուստ պատմությանը և մշակույթին։
