2023 թվականի հոկտեմբերի 4-6-ը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթաց: Վերապատրաստման դասընթացը կվարի Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին:
Դասընթացն անցկացվում է ՀՀ գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում՝ գրողների, հրատարակիչների, մանկական հոգեբանների, ուսուցիչների համար:
Վերապատրաստաման դասընթացն իրականացվում է IBBY Արմենիա ՀԿ (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ, IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Գրադարանավարի օրվան ընդառաջ:
Կարևորելով ոլորտի մասնագետների շարունակական կրթությունը՝ դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերելու նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ:
Դասընթացի շրջանակում Զոհրե Ղայենին կներկայացնի ոլորտի մասնագետների համար կարևորագույն մի շարք թեմաներ.
ո՞րն է մանկական գրադարանների գրադարանավարի դերը 21-րդ դարում,
ինչպե՞ս գրադարանը վերածել գրական և գեղարվեստական հաստատության,
ի՞նչ է Urie Bronfenbrenner համակարգը և որտեղ են գտնվում գրադարաններն այս համակարգում,
Ո՞րն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրագիտության նորագույն սահմանումը,
Որո՞նք են «Կանաչ» մանկական գրադարանները,
ի՞նչ է բիբլիոթերապիան և ինչպե՞ս գրադարանավարները կարող են օգնել երեխաներին հոգեբանական տրավմայի ժամանակ,
դասընթացի մասնակիցները կծանոթանան IFLA մանկական գրադարանների ռազմավարական փաստաթղթին և դասընթացի ընթացքում կստեղծեն իրենց գրադարանի համար նման փաստաթուղթ:
Տեղեկացնենք, որ Մանկապատանեկան գրականության ոլորտի անվանի մասնագետ Զոհրե Ղայենին իր հեղինակած «Կարդա ինձ հետ» ծրագրի համար արժանացել է «IBBY Asahi reading promotion award»-ին: Ոլորտի հեղինակավոր մասնագետն առաջադրվել է նաև Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակի, եղել է մանկապատանեկան գրականության ոլորտում հեղինակավոր Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի ժյուրիի նախագահ:
Նշենք, որ եռօրյա վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի միջազգային որակավորման վկայական:
Դասընթացը վճարովի է: Եռօրյա դասընթացի արժեքն է 50000 ՀՀ դրամ /ներառյալ լանչ և սուրճի ընդմիջում/:
Դասընթացի աշխատանքային լեզուն պարսկերենն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:
Տեղերը խիստ սահմանափակ են:
Վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար մինչև սեպտեմբերի 15-ը անհրաժեշտ է լրացնել հայտը https://docs.google.com/…/1HGkbQ…/edit…
և ուղարկել հետևյալ armibbytrainings@gmail.com էլ. հասցեին:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 060-271-131 հեռախոսահամարով: