

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» խորագրով գրադարանավարների վերապատրաստման ծրագրին այսօր մասնակցել են եւս 50 մասնակից Երեւանից եւ տարբեր մարզերից։ Նրանց համար դասընթացը կրկին վարել են դոկտոր Հաննա Ֆոգտը եւ Մարիանա Աբրեյու-Լորեյրուն։
Խոսելով 21-րդ դարում հանրային գրադարանների առաքելության մասին Մարիանա Աբդեյու-Լորեյրուն անդրադարձել է հանրային գրադարանների փոխակերպմանը, ընդգծել դրա անհրաժեշտությունը, խոսել այն ճանապարհների մասին, որոնք կնպաստեն, որպեսզի գրադարանները վերափոխվեն համայնքային, մշակութային վայրերի։
Դասընթացավարի խոսքով, կարեւոր դերակատարություն ունեն գրադարանավարները, որոնց անմիջական ջանքերի եւ աշխատանքի շնորհիվ գրադարանները կարող են դառնալ բազմամշակութային կենտրոններ, որտեղ ներգրավված կլինեն հասարակության տարբեր շերտի ներկայացուցիչներ։
Դոկտոր Հաննա Ֆոգտը մասնակիցներին ներկայացրել է հետաքրքիր նորարարական ծառայություններ, որոնք մատուցում է Քյոլնի քաղաքային գրադարանը, եւ հենց այդ ծառայություններն են, որոնք նպաստում են հանրային գրադարանների փոխակերպմանը։
Ըստ Հաննա Ֆոգտի՝ անհրաժեշտ է գրադարանում մատուցել այնպիսի ծառայություններ, որպեսզի գրադարանը լինի ոչ միայն գրքերի պահոց, այլեւ սոցիալական հանդիպման վայր։
Ծրագրի բանախոսները մշակութային այց են կատարել ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոց Մատենադարան։
