ԱՊՀ երկրների երիտասարդ գրադարանավարների միջազգային ֆորում

Հայկական գրադարանային ասոցիացիան տեղեկացնում է, որ Ռուսաստանի պետական օտարալեզու գրականության Ռուդոմինոյի անվան գրադարանը Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Եվրասիայի գրադարանային ասամբլեայի և Ռուսաստանի գրադարանային ասոցիացիայի աջակցությամբ հայտարարում է երիտասարդ մասնագետների մրցույթ «ԱՊՀ երկրների գրադարանային երկխոսություն» խորագրով միջազգային ֆորումին մասնակցելու համար: Այն տեղի կունենա 2020 թ.-ի ապրիլի 22-23-ը Մոսկվայի օտարալեզու գրականության գրադարանում:

3 հայ ընտրված գրադարանավարի մասնակցության ծախսերը ֆինանսավորելու է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Միջազգային ֆորումի շրջանակում կիրականացվեն հետևյալ միջոցառումները.

ապրիլի 22 — Երիտասարդ գրադարանավարի դպրոց, որի մասնակիցները կստանան անվանական վկայագրեր: Այս ձևաչափն ընդգրկում է դասախոսություններ, շնորհանդեսներ, վարպետության դասեր և կլոր սեղան-քննարկումներ:

ապրիլի 23 — «Ձևավորելով գրադարանների ապագան» խորագրով IV ֆորսայթ-նստաշրջանը IFLA-ի գլխավոր քարտուղար Ջերալդ Լայթների մասնակցությամբ.  ձևաչափը ենթադրում է խմբակային աշխատանք: Աշխատանքային լեզուն ռուսերենն է:

2020 թ.-ի «Երիտասարդությունը գրադարանում» թեմայով միջոցառումներին կարող են մասնակցել բարձրագույն մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթությամբ,

35 տարեկանից ոչ բարձր տարիքի, ռուսերենի լավ իմացությամբ, հաղորդակցվելու, խմբում աշխատելու, աշխատանքի արդյունքները ներկայացնելու ունակություններով անձինք: Խրախուսվում են ծրագրերում մասնակցության փորձը, մամուլում և սոց. ցանցերում մասնագիտական հրապարակումները:

Հայտերն ընդունելու վերջնաժամկետ՝ 2020 թ. հունվարի 31-ը:

Մրցույթի նպատակն է համախմբել ԱՊՀ երկրների երիտասարդ գրադարանավարներին՝ գրադարանների ապագա տեսլականը պատկերացնելու  համար:

Հայտաձևը կցվում է:

Форма заявления кандидата

Հոկտեմբերի 7-ին նշվեց Գրադարանավարի օրը


Հոկտեմբերի 7-ը Հայաստանում տոնվում է որպես Գրադարանավարի օր: Հայաստանի ու Արցախի գրադարաններում, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների 217 գրադարանում իրականացվեց 354 միջոցառում: Օրվա մշակութային ծրագրերը հիմնականում նվիրված էին Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին:
Գրադարանավարի օրվա կապակցությամբ գրադարաններում իրականացվեցին գրքերի ցուցահանդես-վաճառքներ, հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ, գեղարվեստական համույթների մասնակցությամբ համերգներ, ստեղծագործական աշխատանքների տոնավաճառներ:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում օրվա խորհրդին համապատասխան ևս կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, որոնց հիմքում նույնպես տարվա մշակութային իրողություններն էին… Ներկայացվեցին երկու հայ մեծերի կենսագրությունների և ստեղծագործական ուղիների դրվագներով սահադիտումներ: Կազմակերպվել էին թումանյանական մոտիվներով տիկնիկային և թատերական ներկայացումներ: Միաժամանակ տարբեր սրահներում ընթերցողների և այցելուների մասնակցությամբ անցկացվեցին վիկտորինաներ: Ներկայացվեցին «Հովհաննես Թումանյան -150»  և «Գևորգ Էմին -100» խորագրերով  սրահային ցուցահանդեսներ:

Հայկական գրադարանային ասոցիացիան մասնակցեց 2019 թ. համառուսական գրադարանային համաժողովին

 

   

ՀԳԱ-ն Ռուսաստանի գրադարանային ասոցիացիայի պաշտոնական հրավերով 2019 թ.-ի մայիսին մասնակցեց 2019 թ. համառուսական գրադարանային ամենամյա համաժողովին, որը տեղի ունեցավ 2019 թ.-ին Ռուսաստանի գրադարանային մայրաքաղաք հռչակված Տուլայում՝ միավորելով 1200 մասնագետների աշխարհի տարբեր երկրներից և ՌԴ 74 ռեգիոնից:

«Գրադարանային գործի զարգացման հայեցակարգը և ստրատեգիական խնդիրները…» խորագրով համաժողովին մասնակցում էին ՀԳԱ անդամներ Գայանե Կարապետյանը /Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան/ և Նազենի Արզումանյանը /Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարան/. նրանք մասնագիտական համաժողովի բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին ողջունեցին ասոցիացիայի անունից և մասնակցեցին միջազգային համագործակցությանը նվիրված հատուկ միջոցառումներին: «Աշխարհի գրադարանային ասոցիացիաները» քննարկման հարթակի հանձնաժողովի աշխատանքներին Գ. Կարապետյանը ելույթ ունեցավ «ԱՊՀ երկրների ազգային ասոցիացիաներ. SWOT-վերլուծություն և զարգացման հեռանկարներ» կանխապայմանավորված թեմայով: Զեկույցը ներառում էր ՀԳԱ ընդհանուր տվյալները, առաքելությունը, գործունեության վրա ազդող արտաքին և ներքին գործոնները…Ն. Արզումանյանը «Գրադարանը ինտելեկտուալ հանրամատչելի միջավայր. Հայաստանի գրադարանների փորձը» թեմայով ներկայացրեց մանկական ընթերցանության խթանմանը միտված Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի յուրօրինակ նախաձեռնությունը…

ՀԳԱ անդամները մասնակցեցին դիսկուսիոն հարթակի թեմատիկ ամփոփմանը, որին ներկա էին ՌԳԱ նախագահ Մ.Դ. Աֆանասևը, ՌՊԳ տնօրեն Վ.Վ. Դուդան, Արտասահմանյան գրականության համառուսական պետական գրադարանի միջազգային և կրթական գործունեության գծով տնօրեն Ս.Ա. Գորոխովան, Չեխիայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղըստանի, ՌԴ-ի և այլ երկրների ասոցիացիաների անդամներ, գրադարանների ղեկավարներ, մասնագետներ: Քննարկվեցին գրադարանային միավորումների արդյունավետ համագործակցության և մասնագիտական խնդիրների հաղթահարման գործում նրանց դերը կարևորելու հիմնահարցեր. աշխարհի ասոցիացիների օրինակով գնահատվեցին արտաքին և ներքին գործոնների ազդեցությունը միավորումների գործունեության վրա:

Խոսվեց ժամանակակից «թվայնացված» հանրության համատեքստում ընթերցանության և գրադարանների դերի, ասոցիացիաների ներուժը ի նպաստ գրադարանային գործի զարգացման հարստացնելու, միավորումների հիմնական նվաճումների մասին: Կատարվեց ոլորտի մարտահրավերների և հնարավորությունների համեմատական ամփոփ վերլուծություն: Ասոցիացիայի անդամներն այցելեցին Տուլայի մարզի տեսարժան վայրեր, թանգարաններ, եղան «Լև Տոլստոյի անվան թանգարան-կալվածք «Յասնայա Պոլյանա» հուշահամալիր-արգելոցում, մասնակցեցին Արտասահմանյան գրականության համառուսական պետական բացառիկ գրադարանում իրականացված էքսկուրսիա-շրջայցին:

Տուլա 2019 հայտարարագիրը

Համաժողովի բացման արարողություն. ողջույնի խոսքեր

Անդրադարձ սեկցիայի աշխատանքներին

 

Ազգային գրադարանային շաբաթը կմեկնարկի ապրիլի 15-ին

Հայկական գրադարանային ասոցիացիան ապրիլի 15-22-ը Հայաստանում կիրականացնի ավանդաբար նշվող Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Հովհ.Թումանյանի և երգահան-երաժշտագետ Կոմիտասի 150 ամյակներին:
ՀԳԱ-ի կողմից իրականացվող  մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002 թ.-ին և մինչ օրս իր ուրույն տեղն ունի գրադարանային մշակութային միջոցառումների շարքում. այն կարևորում է գրադարանային հիմնահարցերը, նրանց թիրախավորումը, բարձրաձայնումն ու լուծմանը նպատակաուղղված գործիքների կիրառումը:
ԱԳՇ-ը անուրանալի դեր ունի մշակութային կյանքի համաչափ ձևավորման համատեքստում, քանի որ գիրքն ընթերցելն ու սիրելը, գրքի նկատմամբ հոգատարություն դրսևորելն առաջնային են հոգևոր ու մշակութային դաստիարակության գործում, իսկ «Շաբաթ»-ի միջոցառումները նպաստում են գրադարանների, գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, հանրության կյանքում գրադարանների նշանակության արժևորմանը, ընթերցող-գրադարան կապի անմիջականությանը:
ԱԳՇ-ի նպատակն է գրադարանների միջև արդյունավետ համագործակցության բարձրացում, գրքի և տեղեկատվական ոլորտի աշխատակիցների համար գրադարանային գործի կարևորում, ինչպես նաև գրադարան-հանրություն կապի ամրապնդում: Որպես թիրախային խմբեր առանձնանում են գրադարանային սպասարկման, տեղեկատվական և մատենագիտական ոլորտի աշխատակիցները, ընթերցողները, մտավորականները…
«Շաբաթ»-ին իրենց առանձին ծրագրերով կմասնակցեն հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, բուհական գրադարանները, որոնք նախապես տեղեկացվել են անցկացման ժամկետի, հատուկ անվանական օրերի մասին և ստացել տարվա խորհրդին համապատասխան ձևավորված ազդագիր-պաստառը:
Գրադարաններում այս օրերին կանցկացվեն հանդիպումներ, գրքերի քննարկումներ և շնորհանդեսներ, մշակութային կարևոր տարեդարձներին նվիրված միջոցառումներ, պոեզիայի ժամեր, ցուցահանդեսներ, կոմիտասյան երաժշտության ունկնդրումներ, վիկտորինաներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ, գրքերի նվիրատվություններ…
Ապրիլի 22-ին տեղի կունենա «Շաբաթ»-ի փակումն ու արդյունքների ամփոփումը:

ԱԳՇ ազդագիր

ԱԳՇ ծրագրեր

 

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150 ամյակն է

Հայկական գրադարանային ասոցիացիան սիրով շնորհավորում է հայ գրադարանային հանրությանը և բոլոր թումանյանասերներին Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա տարեդարձի կապակցությամբ:
Այդ առիթով ՀԳԱ ՀԿ փոխնահագահ Ռաֆիկ Ղազարյանը միանում է շնորհավորանքներին Թումանյանի 150 ամյակին նվիրված տողերով՝

Հովհաննես  Թումանյանին
Ո՜վ էր անտես քեզ ուղարկել, որ հասկանաս մեր հոգին,
Եվ անպաճույճ ու պարզ խոսքով միշտ ջերմացնես մեր հոգին,
Աներևույթ ինչքա՜ն բան ենք քո շնորհիվ իմացել,
Ու քեզանով սկսել ենք մենք՝ մեզ արդեն ճանաչել,
Հասկացել ենք՝ ի՜նչ անկար ենք վերուստ տրված բախտի դեմ:

ԱՎԱՐՏՎԵՑ ԱՐԱԲԵՐԵՆ ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՆ

 

2018 թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանում էին Արաբական «Կալիմաթ» հիմնադրամի  ներկայացուցիչները: Նրանք ՀԳԱ-ի հետ համագործակցությամբ հայաստանյան գրադարաններին նվիրաբերեցին 1000 միավոր արաբերեն գիրք. հոկտեմբերին 100-ական արաբալեզու գիրք շարժական գրադարակների հետ միասին նվիրաբերվեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Նոր Նորքի կենտրոնական համայնքային, Արմավիրի և Արագածոտնի մարզային գրադարաններին: Նոյեմբերին և դեկտեմբերին շարունակվեց և ամփոփվեց գրքերի և շարժական գրադարակների նվիրաբերման գործընթացը: Գրքերի նշյալ խմբաքանակով համալրվեցին նաև Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Շիրակի մարզային գրադարանները, իսկ Գորիսի Գ. Աշոտի անվան մշակույթի կենտրոնի քաղաքային գրադարանը նվերն ընդունեց «Գորիսը`2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի փակման օրը՝ նոյեմբերի 23-ին:

Հաշվետվություն Մասսիմո Ջենտիլի- Տեդեսկիի հոկտեմբերյան այցի վերաբերյալ

Ս.թ. հոկտեմբերի 17-21-ը, Միլանի ազգային գրադարանի Ufficio Ricerca երաժշտական հավաքածուի ղեկավար Մասսիմո Ջենտիլի-Տեդեսկին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85 ամյակի կապակցությամբ այցելել էր Հայաստան:
Կից ներկայացվում է նրա հաշվետվությունը:

Հաշվետվություն

Գիտագործնական հանդիպումներ նվիրված Ազգային մանկական գրադարանի հիմնադրման 85 ամյակին

        

Այս տարի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տոնեց իր հիմնադրման 85 ամյակը: Գրադարանի 85 ամյակին նվիրված տարաբնույթ միջոցառումների շարքում գրադարանում տեղի ունեցան գիտագործնական հանդիպումներ: Հոկտեմբերի 17-ին կայացավ գիտաժողով օտարազգի հյուրերի մասնակցությամբ: Բանախոսեցին Միլանի ազգային գրադարանի Ufficio Ricerca երաժշտական ֆոնդի ղեկավար Մ. Ջենտիլի Տեդեսկին՝ գրացուցակավորման և ժամանակակից գրադարանավարին անհրաժեշտ հմտությունների, Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի /IBBY/ գործադիր տնօրեն Լ. Փեյջը՝ ընթերցանության խթանման ուղղությամբ IBBY ազգային բաժանմունքների գործունեության մասին՝ ցանկում իբրև ակտիվ մասնակից դիտարկելով «IBBY Հայաստան»-ը: Իրանցի մանկագիր Ֆ. Հասանզադեն ներկայացրեց մանկագրության իր ուղին: Գրադարանից ելույթ ունեցավ Գ. Կարապետյանը:
Ակտուալ էր հոկտեմբերի 18-ին կայացած «IBBY, IFLA, IAML համագործակցության հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկումը: Մասնակցում էին գրադարանների տնօրեններ, ոլորտի երիտասարդ մասնագետներ: Ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռ. Տոնոյանը խոսեց Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի /IBBY/, Գրադարանների միջազգային ասոցիացայի /IFLA/, Երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիայի /IAML/ հետ համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերի մասին, որի համատեքստում Լ. Փեյջը նշեց, որ «IBBY Հայաստան»-ը գործում է 2012 թ.-ից, և այս ընթացքում համատեղ կարևոր ծրագրեր են իրականացվել: «IBBY Հայաստան»-ը մեծ ջանքեր է ներդնում երեխաներին գրքի շուրջ համախմբելու ուղղությամբ», — հավելեց նա՝ կարևորելով նաև գրադարանի անդամակցությունը IFLA-ին: Բանախոսեցին IFLA-ի և IAML-ի ներկայացուցիչ, Միլանի ազգային գրադարանի Ufficio Ricerca երաժշտական ֆոնդի ղեկավար Ջենտիլի Տեդեսկին, 2018 թ. Անդերսենի մրցանակաբաշխության լավագույն հնգյակում ներառված պարսիկ մանկագիր Հասանզադեն: Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տ. Զարգարյանը, Իսահակյանի անվ. գրադարանի տնօրեն Հ.Կարապետյանը, քննարկման մյուս մասնակիցները՝ մանկագիր Ա. Սերոբյանը, Ն. Արզումանյանը (Նոր Նորքի կենտրոնական գրադարան), Ս. Հովհաննիսյանը («Արևիկ» հրատարակչություն), Շ. Կարապետյանը («Էդիթ Պրինտ» հրատ.) խոսեցին ՀՀ-ում գրադարանային գործի, մասնագիտական կրթության, մանկագրության հիմնախնդիրների, գրքի դերի և նշանակության մասին:

Արաբերեն գրքերի նվիրատվություն ՀՀ գրադարաններին

 

2018 թվականին ՀԳԱ-ի և «Կալիմաթ» երեխաների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման արաբական հիմնադրամի ներկայացուցչության համագործակցությամբ հիմնադրամը հայաստանյան գրադարաններին կնվիրաբերի 1000 միավոր արաբերեն գիրք:            Հոկտեմբերի 19-ին 100-ական արաբալեզու գիրք՝ շարժական գրադարակներով նվիրաբերվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Նոր Նորքի կենտրոնական համայնքային, Արմավիրի և Արագածոտնի մարզային գրադարաններին: ՀԳԱ-ի համակարգմամբ առաջիկայում արաբերեն գրականությամբ կհամալրվեն նաև այլ գրադարաններ: Արաբական գրականությամբ գրադարանների համալրումը հնարավորություն է ստեղծում արաբերենի ուսումնասիրության և բնագրով արաբական պատմության, գրականության, արվեստին և մշակույթին, կենցաղին ու ավանդույթներին ծանոթանալու  համար:  Նշենք, որ «Կալիմաթ» արաբական հիմնադրամը Հայաստանում էր IBBY Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությամբ: