Ապրիլի 17-ից կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը

Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ) ապրիլի 17-23-ը Հայաստանում կանցկացնի Ազգային գրադարանային շաբաթը: Այն այս տարի կրում է «Գրադարանը կրթության բաց հարթակ» խորագիրը: Մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002 թ.-ին:

Ազգային գրադարանային շաբաթն իր ուրույն դերն ունի գրադարանային համակարգի զարգացման, արդիականացման,  նորարարական լուծումների տարածման ու գրադարանների միջև փորձի փոխանակման տեսանկյունից: Շաբաթի ընթացքում միջոցառումներ կանցկացվեն թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզային գրադարաններում:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի համագործակցությամբ գրադարանավարների համար կանցկացվեն վարպետության դասեր, գրադարանի հյուրերը կմասնակցեն տարաբնույթ դաս-պարապմունքների: Կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում գրադարանի աշխատակիցների ու հրատարակիչների մասնակցությամբ՝  քննարկելու ոլորտային խնդիրներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները:

Շաբաթի ընթացքում կլինեն նաև մասնագիտական այցեր մարզային  գրադարաններ:

ԱԳՇ 2023 Ազդագիր

Ծրագիր

 

Կայացավ «Լավագույն գրադարան 2022» մրցույթի պարգեւատրման արարողությունը

 


Հոկտեմբերի 7-ին` Գրադարանավարի օրը, կայացավ ԿԳՄՍ և Հայկական գրադարանային ասոցիացիա ՀԿ-ի կազմակերպված <<Լավագույն գրադարան>> խորագրով մրցույթի պարգևատրման արարողությունը։  Այս տարի մրցույթին մասնակցեց 27 գրադարան։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների հիշատակը:
Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ողջունեց ներկաներին և իր  երախտագիտությունը հայտնեց ոլորտի աշխատակիցներին։
Մրցույթի 6 անվանակարգում մրցանակների արժանացան ` Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ ՀՈԱԿ-ը` <<Լավագույն համայնքային գրադարան>>, Մ. Սեբաստացի կրթահամալիրի <<Տ. Հայրապետյան>> գրադարանը` <<Լավագույն դպրոցական գրադարան>>, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի <<Վաչե և Թամար Մանուկյան>> մատենադարանը՝ <<Լավագույն մասնագիտական գրադարան>>, Հայ-ռուսական համալսարանի գրադարանը՝ <<Լավագույն գիտակրթական գրադարան>>, Շիրակի մարզային գրադարան ՊՈԱԿ-ը՝ <<Լավագույն նորարար գրադարան>>, Լոռու մարզային գրադարան ՊՈԱԿ-ը՝ <<Լավագույն մարզային գրադարան>> անվանակարգերում:
ՀԳԱ-ն գրքեր նվիրեց Շ․Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգին և Մ. Սեբաստացի կրթահամալիրի <<Տ. Հայրապետյան>> գրադարանին: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից Լոռու մարզային գրադարանին տրվեց երևակման սարք:
Երաժշտական համարով հանդես եկավ <<Վանաձորի լարային քառյակը>>՝ կատարելով Կոմիտասի <<Հոյ Նազան>>, <<Ալ Այլուղ>>, <<Վաղարշապատի պար>> ստեղծագործությունները/գեղ. ղեկ.՝ Գ. Հարությունյան/: Ներկաներին ողջունեց երաժիշտ, դիրիժոր Կ․Չալիկյանը, ով կատարեց Ներսես Շնորհալու շարականներից: Ելույթով հանդես եկավ Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժ. Մանուկյանը, ով  ՀՀ գրադարաններին նվիրաբերեց Ե. Չարենցի <<Անձնական գրադարան>> մատենագիտության գիրքը:

Գրադարանավարի օրն այս տարի նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին․  օրվան նվիրված միջոցառումներն իրականացվեցին «Ժամանակիդ շունչը դարձի՛ր» կարգախոսով։ Օրվա կապակցությամբ նախարարության պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացան հայաստանյան մարզային ու համայնքային գրադարանների գրադարանավարներ և աշխատակիցներ:

Շնորհավո՛ր տոնդ, գրադարանավար

Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է:
2004 թ. ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 7-ը՝ Հայկական գրադարանային ասոցիացիայի հիմնադրման օրը, ամրագրել է որպես Գրադարանավարի օր: ՀՀ-ում այն նշանավորվում է մասնագիտական և մշակութային բազմաթիվ միջոցառումներով: Այս տարի այն նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Ե. Չարենցի 125-ամյակին:

 

Հոկտեմբերի 7-ին կկայանա «Լավագույն գրադարան» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը

Հոկտեմբերի 7-ին`ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանում կկայանա «Լավագույն գրադարան» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն արդեն երկրորդ տարին է կազմակերպում է «Լավագույն գրադարան» մրցույթը:
Մեկնարկը տրվել էր հուլիսի 11-ին, որին կարող էին մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ «Լավագույն գրադարան» անվանակարգում:
«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:

Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:

Մրցույթն անցկացվում է չորս փուլով.
*Հայտերի ընդունում
* Հայտերի քննարկում և գնահատում
*Արդյունքների ամփոփում
*Մրցանակների հանձնում

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.

  1. «Լավագույն համայնքային գրադարան»
  2. «Լավագույն մարզային գրադարան»
  3. «Լավագույն նորարար գրադարան»
  4. «Լավագույն գիտակրթական գրադարան»
  5. «Լավագույն մասնագիտական գրադարան»

Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել «lavaguyngradaran@gmail.com» հասցեին մինչև 2022թ. սեպտեմբերի 5-ը ներառյալ:
Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով:
Պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:
«Լավագույն գրադարան» մրցույթի մասնակցության հայտը և կարգը կից՝

Հայտ

Կարգ

Այցեր մարզային և քաղաքային գրադարաններ ԱԳՇ-ի շրջանակում

Ապրիլի 20-22-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտքարտուղար, ՀԳԱ քարտուղար Մ. Հովսեփյանը այցելեց Գեղարքունիքի մարզի գրադարաններ՝ մեթոդական օգնության և Ազգային գրադարանային շաբաթի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Թե՛ մարզային, թե՛ քաղաքային գրադարանները Շաբաթի շրջանակում անցկացնում էին հետաքրքիր ու բովանդակալից միջոցառումներ:
Գավառի Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում «Սիրված Գուսան. Շերամ-165» խորագրով մարզային գրադարանի գրական-երաժշտական երեկույթը բավականություն պատճառեց ամենատարբեր տարիքի հանդիսատեսներին: Հետաքրքրական և ուսուցողական էր հանդիպումը գրադարանի ամենակրտսեր ընթերցող, ստեղծագործող հրաշամանուկ Սամվել Խաչատրյանի հետ:
Իսկ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված Գավառի քաղաքային գրադարանի միջոցառումը լի էր գեղեցիկ դրվագներով:
Գրադարանների մյուս միջոցառումները ևս հարստացրեցին Ազգային գրադարանային շաբաթի ծրագիրը:

Ապրիլի 18-ից մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը

Հայկական գրադարանային ասոցիացիան ապրիլի 18-25-ը Հայաստանում կիրականացնի ավանդաբար նշվող Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125- ամյակին:
ՀԳԱ-ի կողմից իրականացվող մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002 թ.-ին: Այն իր առանձնահատուկ տեղն ունի գրադարանային մշակութային միջոցառումների շարքում:
«Շաբաթ»-ին իրենց առանձին ծրագրերով կմասնակցեն հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, բուհական գրադարանները: Գրադարաններում այս օրերին կանցկացվեն հանդիպումներ, գրքերի քննարկումներ և շնորհանդեսներ, մշակութային կարևոր տարեդարձներին նվիրված միջոցառումներ, պոեզիայի ժամեր, ցուցահանդեսներ, վիկտորինաներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ, գրքերի նվիրատվություններ…
Ապրիլի 25-ին տեղի կունենա «Շաբաթ»-ի փակումն ու արդյունքների ամփոփումը:

Ազդագիր

ԱԳՇ ծրագրեր

 

Հայտնի են «Լավագույն գրադարան» մրցույթի հաղթողները

Հայկական գրադարանային ասոցիացիան շնորհավորում է բոլոր գրադարանավարներին մասնագիտական տոնի առթիվ. մաղթում ստեղծագործական հաջողություններ և անսպառ եռանդ այս կարևոր ու պատասխանատու գործում:

2021 թ. հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Հայաստանի «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակների հանձնումը։ Մրցույթը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նախաձեռնել էր Հայկական գրադարանային ասոցիացիան՝ նպատակ ունենալով հանրայնացնել ու խրախուսել գրադարանների աշխատանքը, բարձրաձայնել գրադարանի և գրադարանավարի դերի կարևորությունը հասարակության կրթամշակութային զարգացման գործում և նպաստել ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրմանը:
Մրցույթին մասնակցած երկրի շուրջ 70 գրադարաններից նախորոշված անվանակարգերում մրցանակների արժանացան Սպիտակի քաղաքային գրադարանը՝ «Լավագույն համայնքային գրադարան», Շիրակի մարզային գրադարանը՝ «Լավագույն մարզային գրադարան», Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը՝ «Լավագույն նորարար գրադարան», ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը՝ «Լավագույն գիտակրթական գրադարան», ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանը՝ «Լավագույն մասնագիտական գրադարան» անվանակարգերում: Հատուկ մրցանակի արժանացավ «Շիրակացի ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գրադարանը:
Հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ հիմնական մրցանակներից բացի պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացան հայաստանյան մարզային ու համայնքային գրադարանների գրադարանավարներ և աշխատակիցներ: ՀՀ ԿԳՄՍ մեդալով պարգևատրվեցին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրենի տեղակալ Ռուզաննա Բարսեղյանը և Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը:
Պատվոգրերի արժանացան նաև մի շարք հայաստանյան գրադարաններ:

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ը ՀԱՅ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՏՈՆՆ Է

2004 թ. ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 7-ը՝ Հայկական գրադարանային ասոցիացիայի հիմնադրման օրը, ամրագրել է որպես Գրադարանավարի օր: ՀՀ-ում այն նշանավորվում է մասնագիտական և մշակութային բազմաթիվ միջոցառումներով: