Մանկապատանեկան ոլորտի հեղինակավոր մասնագետ Զոհրե Ղայենին վերապատրաստման դասընթաց կանցկացնի Երևանում

  
2023 թվականի հոկտեմբերի 4-6-ը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթաց: Վերապատրաստման դասընթացը կվարի Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին:
Դասընթացն անցկացվում է ՀՀ գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում՝ գրողների, հրատարակիչների, մանկական հոգեբանների, ուսուցիչների համար:
Վերապատրաստաման դասընթացն իրականացվում է IBBY Արմենիա ՀԿ (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ, IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Գրադարանավարի օրվան ընդառաջ:
Կարևորելով ոլորտի մասնագետների շարունակական կրթությունը՝ դասընթացը հնարավորություն կտա ձեռք բերելու նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ:
Դասընթացի շրջանակում Զոհրե Ղայենին կներկայացնի ոլորտի մասնագետների համար կարևորագույն մի շարք թեմաներ.
✅ ո՞րն է մանկական գրադարանների գրադարանավարի դերը 21-րդ դարում,
✅ ինչպե՞ս գրադարանը վերածել գրական և գեղարվեստական հաստատության,
✅ ի՞նչ է Urie Bronfenbrenner համակարգը և որտեղ են գտնվում գրադարաններն այս համակարգում,
✅ Ո՞րն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրագիտության նորագույն սահմանումը,
✅ Որո՞նք են «Կանաչ» մանկական գրադարանները,
✅ ի՞նչ է բիբլիոթերապիան և ինչպե՞ս գրադարանավարները կարող են օգնել երեխաներին հոգեբանական տրավմայի ժամանակ,
✅ դասընթացի մասնակիցները կծանոթանան IFLA մանկական գրադարանների ռազմավարական փաստաթղթին և դասընթացի ընթացքում կստեղծեն իրենց գրադարանի համար նման փաստաթուղթ:
Տեղեկացնենք, որ Մանկապատանեկան գրականության ոլորտի անվանի մասնագետ Զոհրե Ղայենին իր հեղինակած «Կարդա ինձ հետ» ծրագրի համար արժանացել է «IBBY Asahi reading promotion award»-ին: Ոլորտի հեղինակավոր մասնագետն առաջադրվել է նաև Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակի, եղել է մանկապատանեկան գրականության ոլորտում հեղինակավոր Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի ժյուրիի նախագահ:
Նշենք, որ եռօրյա վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի միջազգային որակավորման վկայական:
❗️ Դասընթացը վճարովի է: Եռօրյա դասընթացի արժեքն է 50000 ՀՀ դրամ /ներառյալ լանչ և սուրճի ընդմիջում/:
❗️ Դասընթացի աշխատանքային լեզուն պարսկերենն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:
❗️ Տեղերը խիստ սահմանափակ են:
❗️ Վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար մինչև սեպտեմբերի 15-ը անհրաժեշտ է լրացնել հայտը 👉 https://docs.google.com/…/1HGkbQ…/edit…
և ուղարկել հետևյալ armibbytrainings@gmail.com էլ. հասցեին:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 060-271-131 հեռախոսահամարով:

Հայտարարություն «Լրատու Հայկական գրադարանային ասոցիացիայի» էլեկտրոնային հանդեսի վերաբերյալ

Հարգելի՛ գործընկեր

Հայկական գրադարանային ասոցիացիան 2023 թվականից սկսել է «Լրատու Հայկական գրադարանային ասոցիացիայի» էլեկտրոնային հանդեսի հրատարակությունը, որի անդրանիկ համարը լույս տեսավ 2023 թ. հունիսին: Ներառվեցին գիտատեղեկատվական հոդվածներ գրադարանային ոլորտին առնչվող մի շարք խնդիրների և ձեռքբերումների վերաբերյալ:

2023 թ. դեկտեմբերին նախատեսվում է հրատարակել հանդեսի երկրորդ համարը:

Հոդվածները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներից որևէ մեկին՝

m.grigoryan@sci.amarmenia.hovhannes@gmail.com

Ամսագրի առաջին համարի բովանդակությանը, հոդվածների ընդունման կարգին, տեխնիկական չափորոշիչներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://www.flib.sci.am/journal/Lratu

Սյունիքի մարզի գրադարանավարները վերապատրաստվեցին. նոր հմտություններ՝ Խնկա Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներից

 
Սյունիքի մարզային ու համայնքային գրադարանների 25 գրադարանավարներ նախորդ շաբաթ մասնակցեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին:
Գրադարանային գործի վերաբերյալ նոր հմտություններ, աշխատանքի արդյունավետ կազմակերպում, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում: Այս և այլ գիտելիքների ու փորձի փոխանակումը հնարավոր դարձավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում:
Դասընթացներն ընթացան տեսական և գործնական երկօրյա հանդիպումների ձևաչափով, որոնց ավարտին գրադարանավարներին շնորհվեցին վկայականներ:

Նոր գիտելիքներ գրադարանային համակարգի վերաբերյալ. վերապատրաստում Տավուշի մարզի գրադարանավարների համար

Տավուշի մարզի մարզային ու համայնքային գրադարանների 25 աշխատակիցներ գրադարանային համակարգի բարելավման, աշխատանքների իրականացման նոր հմտություններով զինվեցին: 2023թ. հուլիսին գրադարանավարները Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում վերապատրաստման դասընթացների մասնակցեցին: Փորձի փոխանակման այս դասընթացներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում:
Տեսական և գործնական երկօրյա հանդիպումների ընթացքում հանրապետության փորձառու և առաջնակարգ մասնագետներն իրենց փորձով կիսվեցին, փոխանցեցին նոր գիտելիքներ գրադարանային գործի տարաբնույթ գործառույթների, գրադարանների աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ: Դասընթացների ավարտին գրադարանավարներն արժանացան գիտելիքների ստացումը հավաստող վկայականների: 

Թողարկվել է «Լրատու Հայկական գրադարանային ասոցիացիայի» էլեկտրոնային հանդեսի անդրանիկ համարը

Հարգելի գործընկերներ

Հայկական գրադարանային ասոցիացիան Հայաստանի գրադարանային հանրությանը հայտնում է «ԼՐԱՏՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» կիսամյա գիտա-տեղեկատվական էլեկտրոնային հանդեսի անդրանիկ համարի թողարկման մասին:

Հանդեսի հիմնադիրն ու լրատվական գործունեությունն իրականացնողն է «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարական կազմակերպությունը. խմբ. խորհրդի նախագահ՝ Ռուզան Տոնոյան, գլխ. խմբագիր՝ Մայա Գրիգորյան, պատ. քարտուղար՝ Արմինե Հովհաննիսյան:

Հանդեսը նախատեսված է մատենագիտության, տեղեկատվական գիտության և գրադարանային ոլորտով հետաքրքրված մասնագետների համար, լույս կտեսնի տարին 2 անգամ:

Լիահույս ենք, որ այս մասնագիտական հանդեսը կնպաստի Հայաստանի գրադարանային ոլորտի զարգացմանը: Նյութերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://flib.sci.am/journal/Lratu/index.html

 

Վերապատրաստման դասընթացներ գրադարանավարների համար

Տավուշի և Սյունիքի մարզերի մարզային ու համայնքային գրադարանների 50 աշխատակիցներ 2023թ. հուլիսին վերապատրաստման դասընթացների կմասնակցեն Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը երկու փուլից է բաղկացած: Այն կրում է տեսական և գործնական երկօրյա հանդիպումների ձևաչափը, որը կընթանա առցանց և առկա եղանակներով:

 Հանրապետության փորձառու և առաջնակարգ մասնագետները գրադարանավարներին կփոխանցեն նոր գիտելիքներ գրադարանային գործի ամենատարբեր գործառույթների վերաբերյալ, գրադարանում աշխատանքների արդյունավետ կազմակերպման փորձով կկիսվեն, պետական կառույցների հետ համագործակցելու գործնական հմտություններ կփոխանցեն:

 Գրադարանավարները կտեղեկանան ընթերցանության խթանմանը նպաստող ծրագրեր իրականացնելու հնարքներին, զանգվածային միջոցառումների կազմակերպման առանձնահատկություններին:

 Գրադարանավարների վերապատրաստման այս ծրագրի նպատակը  մասնագիտական գիտելիքների շարունակական զարգացման ապահովումն է:

Դասընթացների ավարտին բոլոր մասնակիցները վկայականներ կստանան:

«Հայաստանի ժայռապատկերները» թեմայով դաս-պարապմունք ԱԳՇ-ի շրջանակում

Ապրիլի 21-ին #ԱԳՇ_2023-ի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ «Հայաստանի ժայռապատկերները» թեմայով դաս-պարապմունք:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող Կարեն Թոխաթյանը նշեց, թե աշխարհի որ անկյուններում ինչպիսին է ժայռապատկերների տարածվածության խտությունը: Ըստ ներկայացված քարտեզների՝ Հայկական լեռնաշխարհն առաձնանում է ժայռապատկերների բազմազանությամբ: «Հայաստանը քարեղեն երկիր է: Այստեղ բազմաթիվ ժայռապատկերներ են հայտնաբերվել, ինչը գալիս է ապացուցելու, որ մենք բնիկ ենք, դրանցում պատկերված է մեր անցյալը, ապագան ու ներկան»: Կարեն Թոխաթյանի խոսքով՝ ժայռապատկերները փոխանցում են նախնիների գիտելիքները, հույզերն ու զգացմունքները, պատմում մեզանից հազարավոր տարիներ առաջ ապրած մարդկանց կյանքի ու գործունեության առանձնահատկությունների մասին:
Թոխաթյանը նշեց, որ Հայաստանի տարածքում ժայռապատկերներով հարուստ երեք հիմնական շրջան կա՝
Արագած լեռան հարակից հատվածը, Գեղամա տարածքն ու Քարվաճառի և Սյունիքի մարզի միջև ընկած հատվածը:
Բանախոսը նշեց նաև փորագրության տեխնիկաների մասին, ներկաներին ցուցադրեց Հայաստանի տարբեր հատվածներում հայտնաբերված ժայռապատկերների լուսանկարները:

Հանդիպում-քննարկում Սպիտակի քաղաքային գրադարանում

Ապրիլի 19-ին Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Սպիտակի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Համայնքների գրադարանների խնդիրները» թեմայով։ Քննարկմանը մասնակցում էին Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը,  ասոցիացիայի նախագահի տեղակալ Ռաֆիկ Ղազարյանը, Սպիտակի համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը և գրադարանի աշխատակիցներ։
Քննարկվեցին հանրային գրադարանների կառավարման առկա իրավիճակի, իրականացվող ծրագրերին, խնդիրներին վերաբերվող հարցեր։
Սպիտակի քաղաքային գրադարանի դիտարկումներն ու առաջարկությունները այդ հարցի վերաբերյալ, ինչպես նաև զարգացման ուղղությունների և ակնկալվող արդյունքների մասին ներկայացրեց գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը։

Վարպետության դաս-այց Ամերիկյան համալսարանի գրադարանում

Ապրիլի 20-ին Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները հյուրընկալվեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանում, ծանոթացան աշխատանքներին: Ընթերցասրահներում շրջայցի ընթացքում գրադարանի տեղեկատվության և սպասարկման բաժնի վարիչ Հասմիկ Գալստյանը ներկայացրեց Փափազյան գրադարանի հիմնադրման պատմությունը, սպասարկման առանձնահատկությունները, նշեց, թե ինչ ծրագրեր ու նախաձեռնություններ են իրականացնում:

Փափազյան գրադարանում գործում է բաց դարակային համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռում ընթերցողին ինքնուրույն փնտրել և գտնել իրեն անհրաժեշտ գրքերը: Ըստ Հասմիկ Գալստյանի՝ իրենց գրադարանը ներկայում ունի շուրջ 40 հազար տպագիր և 400 հազար էլեկտրոնային գիրք: Էլեկտրոնային գրքերի նման պաշարը օնլայն շտեմարաններին բաժանորդագրվելու շնորհիվ է, իսկ տպագիր գրքերը համալրվում են հիմնականում նվիրատվություններով:

Լինելով բուհական գրադարան՝ այստեղ կարևորվում է ուսանողների համար աշխատանքային տարածքների առկայությունը, ինչի համար գրադարանում գործում են տարբեր սրահներ, խմբային աշխատանքների իրականացման համար առանձնասենյակներ, hետազոտական աշխատանքների համար՝ Համագործակցային ուսուցման կենտրոն:

Շրջայցի ընթացքում գրադարանավարները նաև ծանոթացան Փափազյան գրադարանի էլեկտրոնային հարթակի աշխատանքներին, գրքերի էլեկտրոնաային կատալոգի վարման ու ընթերցողների կողմից հարթակից օգտվելու կանոններին:

Վարպետության դաս-այցին մասնակցեցին ինչպես Խնկո Ապոր անվան ազգային մանկական, այնպես էլ Շառլ Ազնավուրի անվան և Երևանի N 111 դպրոցի գրադարանների աշխատակիցները:

Մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը

Հայկական գրադարանային ասոցիացիայի (ՀԳԱ)  նախաձեռնությամբ ապրիլի 17-ից Հայաստանում մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը: Այն այս տարի կրում է «Գրադարանը կրթության բաց հարթակ» խորագիրը: Մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002 թ.-ին: Շաբաթի շրջանակում միջոցառումներ են անցկացվում հանրապետության ազգային, մարզային, համայնքային, մասնագիտական ու բուհական գրադարաններում՝ համախմբելով իր շուրջը գրքի ու գրականության ջատագովներին:

Ազգային գրադարանային շաբաթն իր ուրույն դերն ունի գրադարանային համակարգի զարգացման, արդիականացման,  նորարարական լուծումների տարածման, գրադարանների միջև փորձի փոխանակման ու գրադարանավարների կարողությունների ավելացման տեսանկյունից: Իրականացվող միջոցառումների շնորհիվ կրկին կարևորվում է գրքի ու գրադարանների դերն ու նշանակությունը հանրության զարգացման գործում, միևնույն ժամանակ՝ սևեռելով հանրության ուշադրությունը գրադարանային արդի խնդիրների լուծման և կարգավորման հարցերին:

Շաբաթի շրջանակում կանցկացվեն տարաբնույթ մշակութային հանդիպումներ, վարպետության դասեր, մարզային գրադարանների գրադարանավարները մասնագիտական հմտությունները բարելավելու դասընթացների մասնակից կդառնան: Շաբաթը նպատակ ունի նպաստելու նաև գրադարանների միջև նոր կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, համագործակցության նոր ձևաչափեր մշակելու գործընթացին:

Ազգային գրադարանային շաբաթը կավարտվի ապրիլի 23-ին, որը հայտարարված է որպես Ընտանեկան ընթերցանության օր: