Շնորհավոր տոնդ, սիրելի՛ գրադարանավար


2004 թ. ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 7-ը՝ Հայկական գրադարանային ասոցիացիայի հիմնադրման օրը, ամրագրել է որպես Գրադարանավարի օր: ՀՀ-ում այն ավանդաբար նշանավորվում է մասնագիտական և մշակութային բազմաթիվ միջոցառումներով: Այս տարի ևս հոկտեմբերի 7-ին՝ Հայաստանի և Արցախի գրադարաններում  մասնագիտական տոնի առթիվ օրվա  բովանդակությանը համապատասխան  կիրականացվեն բազմաբնույթ միջոցառումներ, որոնք հերթական անգամ կկարևորեն գրադարանավարի հին մասնագիտությունը և նրա ավանդը ընթերցանության խթանման և գրքի արժևորման գործում:

Գրադարանավարների «Global vision» թեմայով հանդիպում-քննարկումը

     
Հայկական գրադարանային ասոցիացիան 2017 թ. հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի Չինական անկյունում իրականացրեց IFLA -ի (Գրադարանների միջազգային ասոցիացիա) «Գրադարանների համաշխարհային տեսլականը» թեմատիկ վարպետության դաս-քննարկումը: ՀԳԱ-ի նախագահ Ռ. Տոնոյանը ողջունեց մասնակից գրադարանավարներին և ներկայացրեց հանդիպման նպատակը և շարժառիթները: Նշվեց, որ IFLA-ն աշխարհի տարբեր երկրների միասնական գրադարանային դաշտ ստեղծելու առաքելություն է ստանձնել, որի հնարավորությունները և նախադրյալները կամփոփվեն աշխարհի տարբեր երկրներում իրականացվող մի շարք «Global vision» անվանումը կրող բարձրամակարդակ հանդիպումների և քննարկումների արդյունքների հիման վրա:
Հայաստանյան սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկեցին, թե ինչպիսին կլինի գրադարանների ապագան, միասնական և փոխկապակցված գրադարանային ոլորտը, և ինչպես պետք է գրադարանը որպես սոցիալական ինստիտուտ դիմագրավի ապագայի մարտահրավերներին:
Այդ շարքի Ասիա-Օվկիանիա տարածաշրջանային վարպետության դասը տեղի է ունեցել Սինգապուրում: Շրջանի վերջին հանդիպումը կայացել է Մադրիդում, որին եվրոպական երկրների ներկայացուցիչների շարքում մասնակցել է նաև Հայաստանի ներկայացուցիչը. վերջինս էլ վարեց Հայաստանի գրադարանավարների հետ կազմակերպված նմանօրինակ սեմինար-քննարկում: Վերլուծական և ֆունկցիոնալ-տեղեկատվական մասնագիտական քննարկման ընթացքում Երևանի ազգային մանկական, Ավ.Իսահակյանի անվ.կենտրոնական և համայնքային, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային գրադարանների 20 աշխատակից մասնակցեցին համագործակցային թիմային աշխատանքին և ամփոփ ներկայացրեցին Հայաստանի ապագա գրադարանի տեսլականի իրենց պատկերացումներն ու կանխատեսումները, որոնք կամփոփվեն և կարտացոլվեն IFLA-ին ներկայացվելիք զեկուցագրում:

Ամփոփվեց գրադարանավարների վարպետության եռօրյա դասընթացը

Հուլիսի 7-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց IBBY Հայաստան ՀԿ-ի և ՀԳԱ-ի համագործակցության արդյունքում կյանքի կոչված «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում» դասընթացը: Յուրաքանչյուր օրվա առանձին թեմատիկ ծրագրին մասնակցեցին և IBBY Հայաստան ՀԿ-ի ՀԳԱ-ի նախագահի կողմից վկայականներ ստացան հանրային գրադարանների մանկապատանեկան տարիքի ընթերցողներին սպասարկող 20 գրադարանավար՝ ՀՀ 10-ը մարզերից և մայրաքաղաքից: Բովանդակային և կազմակերպչական առումով տարողունակ և առանձնահատուկ դասի ընթացքում Լիոնի քաղաքային գրադարանի մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ Կանմաչերը ներկայացրեց անիմացիայից մինչև մշակութային ծրագրեր, ցուցադրություններ և համակարգված միջոցառումներ իրականացնելու եվրոպական փորձը: Դասը երեխաներին գրքերի հետ բարեկամացնելու, գիրքը հաճելի զբաղմունքի առարկա դարձնելու տարաձև մեթոդների, գրադարան-փոքրիկ և պատանի հասարակություն փոխկապերի, երեխաների ստեղծագործական աշխատանքները համացանցի միջոցով հանրայնացնելու, պատկերային շտեմարաններից օգտվելու, ապագա մասնագիտական կողմնորոշման համար երեխաներին նախապատրաստելու, փոքրիկների հետ նշանների և ժեստերի լեզվով խոսելու, երեխաների վստահությունը շահելու և ընթերցանության կազմակերպման այլ խնդիրների մասին էր: Դասընթացավարի և մասնակիցների կողմից փոխադարձ գնահատվեց դասի արդյունավետ և բովանդակային իրականացումը:
Ֆրանսուհին մասնակիցներին ներկայացրեց մի շարք պատանեկան գրադարանային ծրագրեր, ընդ որում, նախապայմանավորվածության համաձայն, հայ փոքրիկները կմասնակցեն միջազգային լուսանկարչական մրցույթին:
Նշենք, որ դասընթացի նպատակն էր գրադարանավարներին փոխանցել մանկապատանեկան ընթերցանության կազմակերպման և այդ տարիքային խմբի գրադարանային սպասարկման նոր հմտություններ և մեթոդներ:

Այսօր մեկնարկեց գրադարանավարների վարպետության նոր եռօրյա դասընթաց

IBBY Հայաստան և Հայկական գրադարանային ասոցիացիա ՀԿ-ների փոխգործակցությամբ 2017 թ. հուլիսի 5-ին՝ ժամը 10:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի Չինական անկյունում մեկնարկեց «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում» թեմայով վարպետության դասընթացը: ՀՀ մարզերի և մայրաքաղաքի 20 գրադարանավարներին ողջունեց և նախաձեռնության նախապատմությունը ներկայացրեց նշյալ կազմակերպությունների նախագահ Ռ.Տոնոյանը: Մանկապատանեկան տարողունակ տարիքային խմբին սպասարկող գրադարանավարների դասը համաժամանակյա թարգմանությամբ վարում էր Լիոնի քաղաքային գրադարանի մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ Վ.Կանմաչերը, ով ներկայացրեց երեխաներին գրադարանին մերձեցնելու և ընթերցանության ոլորտ ներգրավելու ֆրանսիական փորձը. Լիոնի մանկապատանեկան տարիքային խմբին սպասարկելու, անհատական և խմբային ընթերցանությունը կազմակերպելու մասնագիտական գործնական հմտություններ: «Գրադարանավարները պետք է ունենան հատուկ հատկանիշներ, որպեսզի կարողանան տարբեր տարիքի երեխաների հետ վարվել տարբեր կերպ. գրադարան այցելելու, ընթերցելու, գիրքը սիրելու նախադրյալներ ստեղծեն»,- տեսագործնական փորձի հիման վրա նշեց դասընթացավարը: Նա տեսանյութի միջոցով ներկայացրեց գրադարանի օգտակարությունն ըստ 6-12, 12-15 տարեկաններ և ծնողներ թիրախային խմբերի և նրանից փոքրիկ հանրության սպասելիքները:
Խոսվեց ընթերցողների իրավունքների. միջոցառումների տիպաբանության՝ հեքիաթների ժամ, ցուցադրություններ, մեղեդի /յոգա/ նշանների լեզու խմբակների, այփադ-թայմերի և երաժշտական միջարկությունների, երեխաների հետ անհատական ընթերցանության և ընթերցանության անիմացիայի մասին, որոնք կարող են նպաստել երեխաների և գրքի միջև տևական բարեկամությանը:
Օրվա դասն ավարտվեց մշակութային ներգործությունների, տարբեր լսարանների սպասելիքների մասին զրույցով:

Մեկնարկում է գրադարանավարների վերապատրաստման նոր դասընթաց

Հայկական գրադարանային ասոցիացիա ՀԿ-ն IBBY Հայաստան ՀԿ-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) հետ համատեղ 2017 թ. հուլիսի 5-7- ը անցկացնելու է «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում» թեմայով վարպետության դասընթաց: Վարպետության դասը կվարի Լիոնի /Ֆրանսիա/ քաղաքային գրադարանի մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ Վիոլին Կանմաչերը: Դասընթացը կիրականացվի ֆրանսերենից հայերեն համաժամանակյա թարգմանությամբ: IBBY Հայաստան ՀԿ-ի իրազեկման հիման վրա կմասնակցեն 20 գրադարանավար (համամասնաբար 10-ը՝ ՀՀ մարզային և 10-ը՝ մայրաքաղաքային ու համայնքային տարբեր գրադարաններից): Թիրախավորված են մանուկներին և պատանիներին սպասարկող գրադարանավարները: Դասընթացի նպատակն է, ի նպաստ ՀՀ-ում գրադարանային գործի զարգացման, գրադարանավարներին փոխանցել մանկապատանեկան ընթերցանության կազմակերպման և այդ տարիքային խմբի գրադարանային սպասարկման նոր հմտություններ և գիտելիքներ՝ նրանց իրազեկելով նորարարական փոխգործուն, համագործակցային, նախաձեռնողական գործելաոճի ակտուալ առանձնահատկություններին: Նախաձեռնության դինամիկ արդյունավետությունն ապահովելու համար գրադարանավարները դասընթացում ստացած նոր գիտելիքները, կարողություններն ու հմտությունները գործնականում պետք է կիրառեն նշյալ տարիքային խմբի հետ աշխատանքում՝ այն ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Դասընթացը կմեկնարկի հուլիսի 5-ին՝ ժամը 10-ից, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Մամուլի անդրադարձը Ազգային գրադարանային շաբաթի վերաբերյալ

2017թ. Ազգային գրադարանային շաբաթն ամփոփվեց, որին ՀԳԱ նախաձեռնությամբ իրենց առանձին ծրագրերով մասնակցեցին ՀՀ բազմաթիվ գրադարաններ՝ անկախ գերատեսչական պատկանելությունից:
Մասնագիտական-մշակութային շաբաթն ազդարարեցին և նրան անդրադարձան մի շարք լրատվամիջոցներ.

Հայաստանի Ազգային գրադարանային շաբաթը նվիրվում է Հայոց բանակի 25 ամյակին
http://ditaket.am/2017/04/19/18/02/18

Մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը՝ «Հայոց բանակ 25» խորագրի ներքո
https://news.am/arm/news/385403.html

Երևանում անցկացվում է Ազգային գրադարանային շաբաթ
http://culture.am/hy/գիր-և-տպագրություն/ազգային-գրադարանային-շաբաթ

Հայկական գրադարանային ասոցիացիան ապրիլի 17-23-ը ՀՀ-ում անցկացնում է Ազգային գրադարանային շաբաթ, որն այս տարի նվիրվում է Հայոց բանակի կայացման 25 ամյակին
http://www.panorama.am/am/shortNews/2017/04/19/Հայկական-գրադարանային-ասոցիացիա/1066063

Մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը
http://orer.am/?p=280335&l=am

Ազգային գրադարանային շաբաթ Հայաստանում
https://www.youtube.com/watch?v=geJxEJq8gDs

 

Մասնագիտական հանդիպում-քննարկում ԱԳՇ-ի շրջանակում

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Հայաստանի գրադարանային ասոցիացիայի կողմից 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:00-ին, Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում կազմակերպվեց «Գրադարանային հիմնախնդիրներ և լուծման որոնումներ» թեմայով կլոր սեղան-քննարկում: Գիտագործնական մասնագիտական հանդիպում-քննարկման ընթացքում խոսվեց գրադարանային գործունեությունն առավել թիրախային և նպատակային դարձնելու, համայնքային գրադարանների հիմնահարցերի, նորարարական մոտեցումների, գրադարանային սպասարկման արդյունավետության բարձրացման ժամանակակից հնարավորությունների, գրադարանավարների շարունակական փոխգործուն վերապատրաստումների և գրադարաններ այցելելու մշակույթ վերաձևավորելու անհրաժեշտության, ընթերցանության քանակական և որակական ցուցանիշների հնարավոր բարելավման, միջգրադարանային համագործակցության, գրադարանային այլ հիմնախնդիրների վերաբերյալ:
Գիտագործնական կլոր սեղան-քննարկմանը ներկա էին Գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռ. Տոնոյանը, փոխնախագահ Ռ. Ղազարյանը, Արարատի մարզային գրադարանի տնօրեն Վ. Պետրոսյանը, գրադարանային ոլորտի աշխատակիցներ Արարատի, Վեդու և Մասիսի համայնքային և մարզային գրադարաններից. Արարատի տարածաշրջանից՝ Գոռավանի և գյուղ Արարատի գյուղական համայնքային, Արարատի և Վեդու քաղաքային, Արտաշատի տարածաշրջանից՝ Բուրաստանի, Մասիսի, Մրգավանի գյուղական համայնքային և Արտաշատի քաղաքային, ինչպես նաև Մասիսի տարածաշրջանից՝ Սայաթ-Նովայի, Ռանչպարի, Այնթափի, Ջրահովտի գյուղական համայնքային և Մասիսի քաղաքային գրադարաններից:
Քննարկման ավարտին Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռուզան Տոնոյանը մարզային գրադարանին նվիրեց անհրաժեշտ 25 միավոր գրականություն:


Գրադարանային շրջայցերը շարունակվում են

Հայաստանի գրադարանային ասոցիացիայի կողմից հայաստանյան գրադարաններում ավանդաբար կազմակերպվող ամենամյա Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում 2017 թվականի ապրիլի 19-ին ՀԳԱ-ի նախագահ Ռուզան Տոնոյանը և փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը մանկագիր, բանաստեղծ Ռուզան Ասատրյանի և գրող, հրապարակախոս Լևոն Բլբուլյանի հետ այցելեցին Վարդգես Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարան: Ի սկզբանե մասնագիտական շրջայցը նախատեսված էր որպես հանդիպում գրողների հետ. ըստ էության այն հանդիպում էր գրող-գիրք-գրադարանավար-ընթերցող խաչմերուկում, որի հատման կենտրոնը Գրադարանային ասոցիացիան էր՝ «Հայոց բանակ-25» խորագրով ազդարարված մասնագիտական-մշակութային շաբաթով, որի բովանդակությանը հավատարիմ՝ ընթերցանության և գրադարանների արժևորման նպատակով իրականացվեց գրքերի նվիրատվություն:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին գրողների ստեղծագործական ուղիները, հնչեցին երախտիքի ու մեծարանքի խոսքեր. Աշտարակի գրադարանի աշխատակիցներն ընթերցեցին իրենց հայրենակցուհու ստեղծագործությունները, անդրադարձ եղավ նրա արվեստին, խոսվեց, թե ի՞նչ արժեք ունի հայրենիքը բանաստեղծուհու համար, ով իր անսահման հավատով կանխորոշում է հզոր բանակ և ամուր հայրենիք: Արագածոտնի երիտասարդական կենտրոնի կամավորներն ընթերցեցին բանաստեղծ, բազմաթիվ երգերի հեղինակ Լևոն Բլբուլյանի ստեղծագործություններից:
Հանդիպմանը ներկա էին ընթերցողներ, գրքասերներ և լրագրողներ, իսկ Ասոցիացիայի առաջնորդների ներկայությունը քաջալերեց գրադարանի աշխատակիցներին՝ անդրադառնալու մասնագիտական հիմնախնդիրներին, ներկայացնելու իրենց տեսակետները:
Նշենք, որ Շաբաթի ընթացքում կիրականացվեն պարբերական շրջայցեր դեպի ՀՀ այլ գրադարաններ:

Շրջայցեր Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում


Հայաստանի գրադարանային ասոցիացիայի կողմից Հայաստանի Հանրապետության գրադարաններում ավանդաբար կազմակերպվող Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում 2017 թվականի ապրիլի 18-ին՝ հայոց բանակի կայացման 25 ամյակին նվիրված Շաբաթի մեկնարկին, ՀԳԱ նախագահ Ռ.Տոնոյանը և փոխնախագահ Ռ.Ղազարյանն այցելեցին Երևանի համայնքային գրադարաններ: ԱԳՇ-ի առաքելությանը հավատարիմ՝ գրքերի, ընթերցանության և գրադարանների արժևորման նպատակով իրականացվեց գրքերի նվիրատվություն:
Դեպի հայաստանյան գրադարաններ մասնագիտական շրջայցի ընթացքում նրանք եղան Շենգավիթի վարչական շրջանի №32 գրադարանում՝ «Հայոց բանակ-25» խորագրի ներքո կազմակերպված ԱԳՇ-ի պաշտոնական բացմանը, որը ներառում էր հեքիաթի թատերական ընթերցանություն, ժամանակակից փոխգործուն խաղեր և երեխաների մասնակցությամբ հանելուկ-գուշակումներ ու Շուշանիկ Կուրղինյանի անվան №17 գրադարանում՝ «Քեզ ծառայելը, հայրենի՛ք իմ վեհ, իմ որդիական պարտքն է սրբազան» թեմատիկ խորագրով հայրենապաշտության դասին, որն ուղեկցվեց հայ զինվորներին հասցեագրված մանկական նամակ-մաղթանքների ընթերցումով: Միջոցառման ընթացքում ասոցիացիայի առաջնորդները դիտեցին նաև «Փառք հայոց բանակին» խորագրով ցուցադրությունը, որը ներկայացնում էր պատանիների հայրենասիրության մոտիվներով ստեղծված աշխատանքներ:
Նշենք, որ ամենամյա մասնագիտական-մշակութային շաբաթի ընթացքում նախատեսվում են գրադարանային հիմնահարցերի քննարկումներ, հանդիպումներ, մշակութային տարեդարձներին նվիրված ցերեկույթներ և հանդիսություններ հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական և բուհական գրադարաններում և պարբերական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ:

Կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը


ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի գրադարանային ասոցիացիան 2017թ. ապրիլի 17-ից 23-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացնի Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի նվիրված է հայոց բանակի կայացման 25 ամյակին:
ՀԳԱ-ի կողմից ավանդաբար իրականացվող մասնագիտական-մշակութային շաբաթի խնդիրն է գրադարանային հիմնահարցերի բարձրաձայնում, համակողմանի արդյունավետ ու համապարփակ լուծումների որոնում: ԱԳՇ-ն նպատակաուղղված է նպաստելու գրադարանների, գրքի, ընթերցանության և գիտելիքի կարևորմանը,  նրանց նկատմամբ հետաքրքրության խթանմանն ու դրսևորմանը: Շաբաթը միաժամանակ նպատակ ունի արժևորելու գրադարանների նշանակությունը հանրության կյանքում, որի ամենամյա կազմակերպումն ակնկալում է գրադարանների միջև արդյունավետ համագործակցություն, գրքի և տեղեկատվական ոլորտի աշխատակիցների ակտիվ ներգրավվածություն գրադարանային գործում, գրադարան-հանրություն կապի ամրապնդում և գրադարաններ հաճախելու մշակույթի ձևավորում: Թիրախային խմբերն են` ընթերցողներ, գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական ոլորտի աշխատակիցներ, մտավորականներ…
Ծրագիրը կմեկնարկի ապրիլի 17-ից «Հայոց բանակ-25» խորագրի ներքո: Ազգային գրադարանային շաբաթին իրենց առանձին ծրագրերով կմասնակցեն հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, ինչպես նաև բուհական գրադարանները՝ անկախ գերատեսչական պատկանելությունից: ԱԳՇ-ի շրջանակում գրադարաններում կանցկացվեն հոբելյանական հուշ-հանդիսություններ, քննարկումներ, հանդիպումներ, մշակութային կարևոր տարեդարձներին նվիրված ցերեկույթներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ, գրքերի նվիրատվություններ, այլ միջոցառումներ:
Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 23-ին: