Կազմակերպության հիմնումից ի վեր գործունեության առաջնահերթություններից է համարվել մասնագիտական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը, որը գործնականում իրականացվել է դասընթացների, սեմինարների, խորհրդատվությունների եղանակով:
Նշված ձևաչափերով իրականացվել է՝
— «Գրադարանի աշխատակազմի ուսուցում» դասընթացի ծրագիրը 4 փուլով Բաց հասարակության ինստիտուտի (ԲՀԻ) հայկական մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ. Երևանի 9 գրադարանից մասնակցել է 78 աշխատակից.
— 2000 թ.-ին կազմակերպված 6 սեմինար. ՀՀ մարզերից և Երևանից մասնակցել է շուրջ 100 գրադարանավար.
— Հարավկովկասյան գրադարանային գիտաժողով Երևանում Ամերիկյան, Վրաստանի և Ադրբեջանի գրադարանային միությունների հետ համատեղ (Ադրբեջանի ներկայացուցչության բացակայությամբ).
— 2002 թ.-ին բացվել է ՀԳԱ-ի «Կովկաս» գրադարանավարների վերապատրաստման կենտրոնը Հայաստանի ազգային գրադարանում, որին հաջորդել է «Հարավային Կովկասի գրադարանները, և ով ով է գրադարանային բնագավառում» ռուսերեն տեղեկատուի հրատարակումը.
— երկշաբաթյա գրադարանային դասընթաց Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում. մասնակցել է ՀՀ տարբեր գրադարանների 16 աշխատակից.
— գրադարանային գիտաժողով նոր տեխնոլոգիաների վերաբերյալ օտարերկրյա մասնագետների, դասախոսների մասնակցությամբ.
— եռօրյա սեմինար Երևանում` 9 մարզային գրադարանի 18 ներկայացուցչի
մասնակցությամբ. մի մասը մասնակցել է ԲՀԻ-ի դրամաշնորհի մրցույթին` ստացել համակարգիչներ և բարելավել սեփական գրադարանային հավաքածուի պահպանությունը.
— գիտաժողով «Գրադարանների թվայնացումը և հայկական էլեկտրոնային գրացուցակների ստեղծման խնդիրը» թեմայով.
— «Տեխնիկական միջոցներ EIFL Direct ծրագրի մասնակիցների համար» դրամաշնորհի շրջանակում 9 գրադարան ապահովվել է DVD ընթերցող տեխնիկայով.
— ԱՄՆ Պետդեպարտամենտի ժողովրդավարություն հիմնադրամի դրամաշնորհի օժանդակությամբ Երևանի 2 հատուկ կրթական հաստատությունների գրադարաններ համալրվել են գրքերով, գրադարակներով, անհրաժեշտ այլ պարագաներով.
— գրադարանների, թանգարանների և արխիվների նյութերի թարգմանություն, խմբագրում և տեղադրում համացանցային համապատասխան էջում համաեվրոպական «Կալիմերա» դրամաշնորհային ծրագրի միջոցով.
— «Գրադարանների մասին ՀՀ օրենք»-ի նախագծի կազմման, մշակման ուղղությամբ աշխատանք. արդյունքում ՀՀ Ազգային ժողովն ընդունել է այդ, ինչպես նաև «Փաստաթղթերի պարտադիր օրինակի մասին» օրենքները.
— հրատարակվել է «Գիրքը և ես» դպրոցական լավագույն շարադրությունների ընտրանի.
— հրատարակվել է «Հոգևոր հայրենիք» թերթը.
— 1998 թ.-ից (սկզբում «Տեղեկագիր» անվանումով) հրատարակվում է «Հայկական գրադարան» տարեգիրքը, որը շարունակաբար արծարծում է մասնագիտական, գրադարանային բազմաթիվ հիմնախնդիրներ: