Հայկական գրադարանային ասոցիացիան ս.թ. ապրիլի 16-ից 23-ը ՀՀ-ում կիրականացնի ավանդաբար նշվող Ազգային գրադարանային շաբաթը. այս տարի այն նվիրված է Մայիսյան հերոսամարտերին և Էրեբունի-Երևան 2800 ամյակին: 2002 թ.-ից ՀԳԱ-ի կողմից իրականացվող ամենամյա մասնագիտական-մշակութային շաբաթի խնդիրն է գրադարանային հիմնահարցերի թիրախավորում, բարձրաձայնում և համակողմանի արդյունավետ լուծումների որոնում:
ԱԳՇ-ն միտում ունի նպաստել գրադարանների, գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության խթանմանը և արժևորել գրադարանների նշանակությունը հանրության կյանքում: «Շաբաթ»-ի ամենամյա կազմակերպումն ակնկալում է գրադարանների միջև արդյունավետ համագործակցություն, գրքի և տեղեկատվական ոլորտի աշխատակիցների ուշադրություն դեպի գրադարանային գործը, ինչպես նաև գրադարան-հանրություն կապի ամրապնդում:
Թիրախային խմբերն են` ընթերցողներ, գրադարանային տեղեկատվական և մատենագիտական ոլորտի աշխատակիցներ, մտավորականներ…
Ծրագիրը կմեկնարկի ապրիլի 16-ից. առանձին ծրագրերով կմասնակցեն հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, բուհական գրադարանները, որոնք նախապես տեղեկացվել են անցկացման ժամկետի, հատուկ անվանական օրերի մասին և ստացել տարվա խորհրդին համապատասխան ձևավորված ազդագիր-պաստառներ:
Գրադարաններում կանցկացվեն հանդիպումներ, քննարկումներ, մշակութային կարևոր տարեդարձներին նվիրված միջոցառումներ, պոեզիայի ժամեր, գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ, գրքերի նվիրատվություններ…
Յոթնօրյակը կամփոփվի ապրիլի 23-ին: