ՀԳԱ ԻՐԱԶԵԿՈՒՄ

Ս.թ. փետրվարի 28-ին «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ի անդամներ՝ ՀԳԱ փոխնախագահ Ռ.Ղազարյանը և Գ.Կարապետյանը ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանի «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի գործունեությունն ուսումնասիրելու նպատակով այցելել էին Արարատի մարզկենտրոն:
Այցելության շարժառիթը Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռուզան Տոնոյանին հասցեագրված Արտաշատի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ս.Պետրոսյանի իրազեկում-նամակն էր (23.02.18), որտեղ մտահոգություն էր հայտնվում համակարգի հետագա գործունեության մասին:
Մինչև 2016 թ.-ը Արտաշատում գործել էր Կենտրոնական գրադարանն իր 3 մասնաճյուղով…Այցի դրությամբ 1 մասնաճյուղը քաղաքապետարանի կողմից փակվել էր /2016թ.-ին/, իսկ ֆոնդը տեղափոխվել Արտաշատի մշակույթի տան նկուղային հարկ. փաստացի այդ մասնաճյուղն այլևս հասցե չուներ: Մյուս՝ երկու մասնաճյուղերը՝  (I՝ Արարատյան 5, II՝ Մարքսի 5 հասցեներում) նույնպես չէին գործում, թեպետ գրադարանային առձեռն ֆոնդը տեղում էր՝ վատթար վիճակում: Ակնառու թերությունները, ինչպես նաև ընթերցողների և նշյալ հասցեաբնակների մտավախությունը, թե նշյալ մասնաճյուղերը ևս լուծարման եզրին են, ՀԳԱ-ին ուղղորդեց Արտաշատի քաղաքապետարան՝ խնդրո առարկայի կապակցությամբ դիմելու իրավասու պաշտոնյաներին: Քաղաքապետին խնդիրը սեղմ ներկայացնելուց հետո և նրա գիտությամբ, առաջարկները ներկայացվեցին կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Մանյա Գաբրիելյանին: ՀԳԱ դիտարկումները և նրանցից բխող վերոնշյալ հասցեներում տեղակայված մասնաճյուղերի գործելու թույլտվության պահանջը, ինչպես նաև դրույքաչափի սահմանումը 2 մասնաճյուղերի համար հիմնավորված էին, քանի որ՝
* Արտաշատի քաղաքային ԳԿՀ-ն առանց մասնաճյուղերի չի կարող «Գրադարանային համակարգ» կոչվել, որն իրավաբանական և փաստացի իրողությունների հակասություն է առաջացնում:
* ՀՈԱԿ-ը ՀՀ մշակույթի նախարարության կողմից 2015 թ.-ին հանրային գրադարանի կարգավիճակ է ստացել, որն իրավաբանական հիմք է ամբողջական համակարգի գործունեության համար:
* Արտաշատի տվյալ հասցեների ընթերցող հանրությունը հետևողականորեն բողոքում է և պահանջում, որ 2 մասնաճյուղն էլ բացվեն և պատանիների գրադարանային սպասարկումը շարունակվի:
Այցի արդյունքում քաղաքապետարանը, վերոնշյալ հիմնավորումները հիմք ընդունելով, ս/թ մարտից 2 մասնաճյուղերն էլ վերաբացելու և գործունեությունը շարունակելու հրաման է տվել, ինչպես նաև լրացուցիչ սահմանել 1 դրույքաչափ աշխատավարձ, որը կբաշխվի 2 մասնաճյուղերի աշխատողների միջև:
Դիտարկելով վերոհիշյալ խնդրի դրական հանգուցալուծումը որպես ՀԳԱ-ի գործունեության կարևոր ձեռքբերում՝ ասոցիացիան այսուհետ ևս կշարունակի կատարել իր առաքելությունը՝ ուշադրությամբ և հետևողականությամբ նպաստելով ընթերցողական շահերի պաշտպանությանը: