«UFFICIO Ricerca » երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջ. Տեդեսկիի այցը Հայաստան


Ավարտվեց Միլանի BRAIDENSE ազգային գրադարանի Ufficio Ricerca երաժշտական ֆոնդի ղեկավար Մասսիմո Ջենտիլի Տեդեսկիի հայաստանյան այցը: Այցի նպատակներն ի մի բերվեցին իտալացի մասնագետի հայաստանյան շրջայցն ու մասնագիտական հանդիպումներն ամփոփող «կլոր սեղանի» ընթացքում: Տեդեսկին նշեց, որ երաժշտությունը մշակութային արժեք է, որը չունի լեզվական արգելքներ. ուստի այն հեշտությամբ կարելի է տարածել ամբողջ աշխարհում: Մասնավորապես անդրադարձ եղավ երաժշտական գրականության թվայնացման և վիրտուալ տիրույթում գործող որոնման համակարգին, ինչպես նաև գրացուցակավորման ժամանակակից համաշխարհային միտումներին հայ գրադարանավարներին ծանոթացնելու մասին: Տեդեսկին նշեց, որ Կոմիտասի թանգարանում գործող Երաժշտական գրադարանը բացառիկ է և հույս հայտնեց, որ թվայնացման շնորհիվ այն առավել հայտնի կդառնա, որի արդյունքում նրա ռեսուրսները կարող են լիարժեք օգտագործվել:
Այցելության ավարտին եվրոպացի գրադարանագետը ՀԳԱ նախագահի ուղեկցությամբ հանդիպեց ՀՀ մշակույթի նախարար Ա.Ամիրյանի հետ, հանդիպմանը ներկա էին նաև ՀԱԳ տնօրեն Տ.Զարգարյանը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Ն.Կոստանդյանը:
Հանդիպման ընթացքում խոսվեց Հայաստանի երաժշտական ֆոնդերի թվայնացման, պահպանության և հանրայնացման, ինչպես նաև երաժշտության հասարակայնացումն ու հանրությանը մատուցելն իրականացնելու ռեալ նախադրյալների վերաբերյալ: Անմիջական զրույցի ընթացքում Տեդեսկին անդրադարձավ գրացուցակավորման ամբողջականացած տարբերակով հայկական երաժշտության հնարավոր թվայնացմանը: Մասնագետը բարձր գնահատեց ոլորտի Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումները և պատրաստակամություն հայտնեց ապագա արդյունավետ համագործակցության համար:
Նշենք, որ իտալացի մասնագետը Հայաստանում էր Հայկական գրադարանային ասոցիացիայի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համատեղ գործակցությամբ և ՀՀ մշակույթի նախարարության անմիջական հովանավորությամբ: