Մասսիմո Ջենթիլի Տեդեսկի. վարպետության դաս


«Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ի հետ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համագործակցությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 27-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հյուրընկալեց Միլանի ազգային գրադարանի երաժշտական ֆոնդի ղեկավար, գրադարանային գործիչ Մասսիմո Ջենթիլի Տեդեսկիին: Թանգարանային շրջայցից հետո իտալացի մասնագետը հանդես եկավ «Գրացուցակավորման արդի միտումները» թեմայով դասախոսությամբ:
Մեկօրյա հանդիպման ընթացքում գրադարանավարները ծանոթացան ժամանակակից գրադարանային, մասնավորապես երաժշտական ֆոնդերի գրացուցակավորման խնդիրներին և արդի միտումներին: Բանախոսը համաշխարհային մեծությունների օրինակով ներկայացրեց նոտային երաժշտական գրականության ֆոնդերի բազմալեզու որոնման համակարգը, գրացուցակների ավտոմատացման մեթոդները, ձևերը և  հեռանկարները: Գրադարանավարները բանախոսին դիմեցին թեմայի վերաբերյալ առարկայական հարցադրումներով:
Դասախոսությանը  մասնակցեցին շուրջ 100 գրադարանավար հանրապետության տարբեր մարզերից և մայրաքաղաքից:
Հանդիպման ավարտին ՀԳԱ նախագահ Ռ.Տոնոյանը շնորհակալություն հայտնեց բազմազբաղ գրադարանագետին հայ գրադարանավարներին ակտուալ գիտելիքներ և հմտություններ փոխանցելու համար: