Գրադարանավարների «Global vision» թեմայով հանդիպում-քննարկումը

     
Հայկական գրադարանային ասոցիացիան 2017 թ. հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի Չինական անկյունում իրականացրեց IFLA -ի (Գրադարանների միջազգային ասոցիացիա) «Գրադարանների համաշխարհային տեսլականը» թեմատիկ վարպետության դաս-քննարկումը: ՀԳԱ-ի նախագահ Ռ. Տոնոյանը ողջունեց մասնակից գրադարանավարներին և ներկայացրեց հանդիպման նպատակը և շարժառիթները: Նշվեց, որ IFLA-ն աշխարհի տարբեր երկրների միասնական գրադարանային դաշտ ստեղծելու առաքելություն է ստանձնել, որի հնարավորությունները և նախադրյալները կամփոփվեն աշխարհի տարբեր երկրներում իրականացվող մի շարք «Global vision» անվանումը կրող բարձրամակարդակ հանդիպումների և քննարկումների արդյունքների հիման վրա:
Հայաստանյան սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկեցին, թե ինչպիսին կլինի գրադարանների ապագան, միասնական և փոխկապակցված գրադարանային ոլորտը, և ինչպես պետք է գրադարանը որպես սոցիալական ինստիտուտ դիմագրավի ապագայի մարտահրավերներին:
Այդ շարքի Ասիա-Օվկիանիա տարածաշրջանային վարպետության դասը տեղի է ունեցել Սինգապուրում: Շրջանի վերջին հանդիպումը կայացել է Մադրիդում, որին եվրոպական երկրների ներկայացուցիչների շարքում մասնակցել է նաև Հայաստանի ներկայացուցիչը. վերջինս էլ վարեց Հայաստանի գրադարանավարների հետ կազմակերպված նմանօրինակ սեմինար-քննարկում: Վերլուծական և ֆունկցիոնալ-տեղեկատվական մասնագիտական քննարկման ընթացքում Երևանի ազգային մանկական, Ավ.Իսահակյանի անվ.կենտրոնական և համայնքային, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային գրադարանների 20 աշխատակից մասնակցեցին համագործակցային թիմային աշխատանքին և ամփոփ ներկայացրեցին Հայաստանի ապագա գրադարանի տեսլականի իրենց պատկերացումներն ու կանխատեսումները, որոնք կամփոփվեն և կարտացոլվեն IFLA-ին ներկայացվելիք զեկուցագրում: