Ավարտվեց դպրոցական գրադարանների գրադարանավարների վերապատրաստման դասընթացը

Ավարտվեց Հայկական գրադարանային ասոցիացիայի կազմակերպած դպրոցական գրադարանների գրադարանավարների վերապատրաստման դասընթացը։ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած դպրոցների գրադարանավարները ծանոթացան գրադարանային աշխատանքների կազմակերպմանը՝ քայլ առ քայլ յուրացնելով ամբողջ գործընթացը։
Դասընթացի առաջին օրը մասնակիցները ծանոթացան գրադարանային ֆոնդի կազմակերպման հիմնական գործընթացներին՝ համալրումից մինչև մասնագիտական մշակում և դասակարգում։ Քննարկվեցին գրականության գրանցման և հաշվառման, ինչպես նաև գրացուցակների կազմակերպման ու գրացուցակավորման համակարգի կիրառման առանձնահատկությունները։
Երկրորդ օրը մասնակիցները բանախոսի հետ քննարկեցին գրադարանի և դպրոցի համագործակցության ձևերը, անդրադարձան գրադարանավարի դերին, մասնագիտական հմտություններին, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։ Տեսական գիտելիքներին զուգահեռ իրականացվեցին նաև գործնական առաջադրանքներ։
Դասընթացի շրջանակում մասնակիցները ծանոթացան նաև «ԿՈՀԱ» գրադարանային ավտոմատացված համակարգին՝ սովորելով մուտքագրել տվյալներ, վարել էլեկտրոնային շտեմարաններ, իրականացնել գրքային միավորների հաշվառում և օգտվել համակարգի հիմնական մոդուլներից՝ գրադարանային գործընթացների թվայնացման նպատակով։
Դասընթացի երրորդ օրը առանձին ուշադրություն դարձվեց ընթերցողների հետ տարվող աշխատանքների կազմակերպմանը։ Ներկայացվեցին ընթերցողների ներգրավման, գրանցման և հաշվառման գործընթացների հիմնական առանձնահատկությունները, ինչպես նաև անհատական և խմբային աշխատանքի ձևերը՝ զրույցների, քննարկումների և թեմատիկ միջոցառումների միջոցով։
Քննարկվեց նաև զանգվածային միջոցառումների կարևորությունը՝ որպես ընթերցանության խթանման արդյունավետ միջոց։ Մասնակիցները ծանոթացան կրթամշակութային ծրագրերի կազմակերպման հնարավորություններին և դրանց ազդեցությանը ընթերցողական մշակույթի ձևավորման ու զարգացման վրա։
Անցկացվեց նաև գործնական աշխատանք՝ «Քո դասագրքից այն կողմ» թեմայով միջոցառման նախագծման վերաբերյալ, որի ընթացքում մասնակիցները մշակեցին գաղափարներ և ներկայացրին իրենց նախագծային մոտեցումները։
Բացի այդ, մասնակիցները ծանոթացան գրադարանի սպասարկման սրահներին, քննարկեցին աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև բազմաթիվ հարցեր ուղղեցին, ասեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։