






Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում ապրիլի 18-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել հանդիպում գրադարանագետ, մատենագետ, ՀԳԱ փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանի հետ, ով տոնում էր իր հոբելյանական 80-ամյակը։
Միջոցառումը նպատակ ուներ արժևորելու Ռաֆիկ Ղազարյանի վաստակը և ներդրումը հայկական գրադարանագիտության և մատենագիտության զարգացման գործում։ Ինչպես նաև ևս մեկ անգամ ցույց տալու այն հարուստ գրական ժառանգությունը, որն ունի Ղազարյանը․ նա ավելի քան 80 հրատարակությունների հեղինակ է, գրել է գրքեր, մամուլի հոդվածներ, գրադարանային ոլորտին առնչվող կանոնադրություններ, իրավական փաստաթղթեր, գրքերի առաջաբաններ, խմբագրել է բազմաթիվ գրքեր, ունի բանաստեղծությունների 6 ժողովածուներ։
Միջոցառման ընթացքում Ռաֆիկ Ղազարյանին գրադարանային ոլորտում անուրանալի ներդրում ունենալու համար իրենց շնորհակալության և շնորհավորական խոսք հղեցին Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչ Ներսես Հայրապետյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Վարդուշ Մովսիսյանը, Արագածոտնի մարզային գրադարանի տնօրեն Լուսինե Կիրակոսյանը, Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզան Բարսեղյանը, Համո Սահյանի անվան գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը։
Նրանք իրենց խոսքում ընդգծեցին, որ Ռաֆիկ Ղազարյանը կանգնած է գրադարանային ոլորտի զարգացման ակունքներում և անուրանալի դեր ու մեծ ներդրում ունի ոլորտի զարգացման, խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիները գտնելու հարցում։
Ռաֆիկ Ղազարյանի գործընկերների գնահատմամբ՝ պատիվ է նրան ճանաչելը, միասին մասնագիտական ուղի անցնելը, նրանից միշտ սովորելն ու մշտապես արժեքավոր խորհուրդներ ստանալը։
Միջոցառման ավարտին Ղազարյանը շնորհակալություն հայտնեց դրվատանքի խոսքերի համար։
