Ամփոփվեց ազգային գրադարանային շաբաթը

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ ապրիլի 13-20 ը  անցկացվեց ամենամյա դարձած «Ազգային գրադարանային շաբաթը», որն այս տարի կրում էր «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» կարգախոսը։ Շաբաթի նպատակն էր  հանրության  ուշադրությունը սևեռել դպրոցական գրադարաններին, կարևորել  նրանց  դերակատարումը կրթության գործընթացում:

Շաբաթվա ընթացքում Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի  գրադարանների  ակտիվ մասնակցությամբ իրականացվեցին բազմաբնույթ և բովանդակալից միջոցառումներ՝ սեմինար-քննարկումներ, մասնագիտական այցեր, վարպետության դասեր, կլոր սեղաններ, հանդիպումներ, փորձի փոխանակում։

 Քննարկումների առանցքում դպրոցական գրադարանների դերի բարձրացումն  ու արդիականացման անհրաժեշտությունն էր, նրանց աստիճանական փոխադրումը նորարարությունների տիրույթ։

Կարևորվեց  նաև, որ դպրոցական գրադարանները չլինեն միայն դասագրքերի վրա հիմնված կառույց, այլև վերածվեն ժամանակակից տեղեկատվական, կրթական և զարգացնող միջավայրերի՝ զարգացնելով աշակերտների քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը և տեղեկատվության հետ աշխատելու հմտությունները։ Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց գրադարանավարների վերապատրաստմանը, նրանց մասնագիտական կարողությունների  զարգացմանը, ինչպես նաև դպրոց-գրադարան համագործակցության խորացմանը։

Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում անցկացված միջոցառումները միտված էին  գրադարանները  կրթական համակարգի կարևոր հենասյուն դարձնելուն։

 Շաբաթվա ընթացքում մասնագիտական արժեքավոր հանդիպումներն ու քննարկումները «Ազգային գրադարանային շաբաթը» դարձրին արդյունավետ հարթակ՝ որտեղ ձևավորվեցին գրադարանային ոլորտում նոր և կարևոր գաղափարներ, նոր համագործակցություններ։