ԱՊՐԻԼԻ 13-ԻՑ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ իրականացվող «Ազգային գրադարանային շաբաթը» կանցկացվի ապրիլի 13-20-ը՝ «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» կարգախոսով։

Շաբաթվա ընթացքում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց մասնակցելու են Հայաստանի  գրադարանները։

Ծրագրի շրջանակում կանցկացվի սեմինար-քննարկում «Գրադարանի արդի խնդիրները» թեմայով՝ Երևանի դպրոցական գրադարանների գրադարանավարների համար։ Կկազմակերպվեն մասնագիտական այցեր ՀՀ մարզային և համայնքային գրադարաններ: Նախատեսված է վարպետության դաս Արագածոտնի մարզի դպրոցական գրադարանավարների համար, ինչպես նաև կլոր սեղան քննարկում՝ Երևանի դպրոցական գրադարանների աշխատանքները համակարգող պետական կառույցների ներկայացուցիչների և գրադարանավարների մասնակցությամբ։ Տեղի կունենա ճանաչողական այց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  գրադարան, սեմինար և փորձի փոխանակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գրադարանների մասնակցությամբ։

Ծրագրում ընդգրկված է հանդիպում գրադարանագետ, մատենագետ, Հայկական գրադարանային ասոցիացիայի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանի հետ։ Շաբաթվա ընթացքում կիրականացվի նաև «Աջակցություն դպրոցական գրադարաններին» նախաձեռնություն-ակցիա՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության աջակցությամբ։

«Ազգային գրադարանային շաբաթը» կամփոփվի ապրիլի 20-ին՝ ներկայացնելով շաբաթվա արդյունքները։

Ծրագրերը կից՝

ԱԳՇ-Ծրագրեր