«Ազգային գրադարանային շաբաթը» նոր գիտելիքների հարթակ

Ապրիլի 14-21-ը  «Գրադարանը ներառականության հարթակ» կարգախոսի ներքո անցկացվեց ամենամյա դարձած  «Ազգային գրադարանային շաբաթ»-ը, որը կազմակերպվում  է Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ  2002 թվականից  ի վեր։

 Հայաստանի բազմաթիվ՝ մարզային, համայնքային, մասնագիտական ու բուհական գրադարանների աշխատակիցներ, գրադարանային ոլորտի ներկայացուցիչներ  այս մեկ շաբաթվա ընթացքում մասնակցեցին  բազմաբովանդակ միջոցառումների, հանդիպումների, սեմինարների, քննարկումների, բանավեճերի։

«Ազգային գրադարանային շաբաթ»-ի շրջանակում Երևանի  համայնքային և մարզային գրադարաններում միջոցառումները կարևորվեցին նաև առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքով, նրանց համար միջոցառումների կազմակերմամբ, այսպիսով ստեղծելով ավելի անմիջական և ջերմ կապ։

«Ազգային գրադարանային շաբաթ»-ի  մասնակիցները հարստացրին  ներառական գրադարանային սպասարկման վերաբերյալ իրենց գիտելիքները,  ինչը կնպաստի  առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց համար Հայաստանի գրադարանների մատչելիության բարելավմանը։

Սա նաև հրաշալի հարթակ էր, որտեղ քննարկվեցին գրադարանային ոլորտի խնդիրներն ու առաջարկվեցին դրանց լուծումները։