
Հայկական գրադարանային ասոցիացիան և Լատվիայի ազգային գրադարանը փետրվարի 19-ին և 20-ին, Երևանում անցկացնում են «EU4Dialogue. հայ-լատվիական երկխոսություն հանուն գրադարանների զարգացման» համաժողովը։
Երկրորդ օրը՝ փետրվարի 20-ին համաժողովը շարունակվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Հայաստանի և Լատվիայի գրադարանային ոլորտի մասնագետները, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչները շարունակել են աշխատանքը՝ ներկայացնելով իրենց տեսական, գործնական գիտելիքներն ու փորձառությունը:
Լատվիայի ազգային գրադարանի տեղեկատվական ծառայությունների ղեկավար Զանե Զվայգզնեն ներկայացրել է առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց հետ Լատվիայի ազգային գրադարանի փորձը, խոսել գրադարանում ներառականության ապահովման մասին, այնուհետև՝ վիրտուալ ցուցադրության միջոցով ներկայացրել է գրադարանը։
Լատվիայի կույրերի գրադարանի ձայնագրման և տեղեկատվական տեխնոլոգիակաների հարցերով տնօրենի տեղակալ Ուգիս Սկույան կիսվել է գրադարանի կողմից մատուցվող ծառայությունների փորձով, ներկայացրել սահմանափակ կարողություններով անձանց համար ստեղծված հասանելի գրականության վերաբերյալ իրենց տեսլականը։ Ներառականության ապահովման մոտեցումների լատվիական փորձով կիսվել են նաև Լատվիայի ազգային կենտրոնի ներկայացուցիչներ Կատրինա Կուկայինեն և Էվիյա Վյատերենան։
