Համաժողով` նվիրված հայ-լատվիական երկխոսությանը գրադարանների ոլորտում

Փետրվարի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում տեղի է ունեցել Հայկական գրադարանային ասոցիացիայի և Լատվիայի ազգային գրադարանի համատեղ կազմակերպած «EU4Dialogue. հայ-լատվիական երկխոսություն հանուն գրադարանների զարգացման» համաժողովը։
Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Լատվիայի գրադարանային ոլորտի մասնագետներ, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Համաժողովի մասնակիցները կիսվել են իրենց փորձով և գործնական օրինակներով։
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը։ Նա ողջունել է համաժողովի մասնակիցներին, մաղթել հետաքրքիր և արդյունավետ աշխատանք:
Իր խոսքում Ռուզան Տոնոյանն անդրադարձել է մարդկության պատմության ընթացքում գրադարանների դերին` նշելով, որ այս հաստատություններն անփոխարինելի դերակատարում են ունեցել հասարակության զարգացման, առաջընթացի և կրթության գործում:
«Գրադարանների դերը հիմնարար է, հատկապես, կրթության ոլորտում և ներառում է այնպիսի կենտրոնական գործառույթներ, որոնք էապես խթանում են հասարակության առաջընթացը: Անցնելով զարգացման երկար ճանապարհ՝ գրադարանները կրել են բազմաթիվ փոփոխություններ, որոնք պայմանավորված են եղել ժամանակի հասարակության պահանջմունքներով: Հասարակական կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն փոխել է գրադարանների դիմագիծը, սակայն բոլոր փոփոխություններով հանդերձ, գրադարանները՝ իբրև տեղեկատվական և կրթական-մշակութային կառույցներ, պահպանել են իրենց բնորոշ առանցքային գործառույթները:
Ժամանակակից հասարակությունը զարգանում է արագ ու դինամիկ, և փոփոխվող աշխարհում փոխվում են հասարակության կարիքներն ու պահանջմունքները: Անփոխարինելի այս հաստատություններն արագորեն հարմարվում են զարգացող աշխարհի պահանջներին, ուստի պատահական չէ, որ արդի քաղաքակրթության համապատկերում գրադարաններն այսօր ոչ միայն գրքի, գիտելիքի, տեղեկատվության ամբարման անսպառ շտեմարաններ են, այլև նորարարության, ներառականության, մշակութային բազմազանության կենսունակ կենտրոններ։ Անժխտելի է, որ գրադարնների կենսունակության պահպանման գործում կարևոր դերակատարում ունեն հմուտ գրադարանային մասնագետները, հետևաբար, գրադարանային գործի արդիականացման, արդյունավետության բարձրացման կարևոր նախապայմաններից է գրադարանավարների շարունակական կրթության ապահովումը։ Այս համատեքստում անչափ կարևորվում է միջազգային փոխգործակցությունները»,- ասել է Ռուզան Տոնոյանը` ընդգծելով «Հայ-լատվիական երկխոսություն հանուն գրադարանների զարգացման» համաժողովի կարևորությունը:
Ռուզան Տոնոյանը շնորհակալություն է
հայտնել լատվիացի գործընկերներին համագործակցության համար և հույս հայտնել, որ նմանատիպ գործակցությունները կլինեն շարունակական:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Լատվիայի ազգային գրադարանի միջազգային համագործակցության գծով խորհրդական Վիկտորիա Պիշչիկովան։
Համաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրել են հետաքրքիր և բովանդակային զեկույցներ: Լատվիայի ազգային գրադարանի մանկական գրականության կենտրոնի տեղեկատվության գծով մասնագետ Լանա Բարիժիկովան ներկայացրել է ընթերցանության խթանմանը միտված ծրագրերն ազգային մակարդակում։ Չեսիսի կենտրոնական գրադարանի մանկական բաժնի ղեկավար Ինտա Զակսասը ներկայացրել է լատվիական գրադարանների փորձը՝ երեխաների և երիտասարդների հետ աշխատանքում:
Զեկույցներով հանդես են եկել նաև Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 1-4-րդ դասարանցիների սպասարկման ենթաբաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հասարակական կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ծրագրերի համակարգող Ջեմմա Պապոյանը։ Զեկույցների ընթացքում ներկայացվել են նաև գրադարանների նորարարական լուծումները, թվային տեխնոլոգիաների ներգրավվածության փորձառությունները և ընթերցանության խթանման մեթոդները։
Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ Լատվիայի պատվիրակությունը գրքեր է նվիրել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին։
Համաժողովի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր:
Հաջորդիվ` Լատվիայի պատվիրակությունը շրջայց է կատարել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, այցելել է Հայաստանի ազգային գրադարան, Գրատպության թանգարան և Մատենադարան։