Հանդիպում Գառնիի համայնքային և դպրոցական գրադարանների աշխատակիցների հետ

«Հայկական գրադարանային ասոցիացիայի» նախագահ Ռուզան Տոնոյանը,  տեղակալ Ռաֆիկ Ղազարյանի հետ այցել է Գառնիի արվեստի, մշակույթի, սպորտի կենտրոնի համայնքային գրադարան, որտեղ հանդիպել է  համայնքային, մանկական, ինչպես նաև Գառնի գյուղի դպրոցների գրադարանավարների հետ:

Ռուզան Տոնոյանը հանգամանորեն ծանոթացել է համայնքային և մանկական գրադարանների շենքային, գույքային պայմաններին, հետաքրքրվել գրադարաններում տարվող մասնագիտական աշխատանքներով ու գործընթացներով: Հանդիպման ընթացքում վեր են հանվել, գույքագրվել և քննարկվել են մի շարք խնդիրներ՝ նախանշելով դրանց լուծման հնարավոր ուղիները:

Ռուզան Տոնոյանն անդրադարձել է նաև  վերջերս «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում իրականացված փոփոխություններին՝ ոլորտի զարգացման հեռանկարներին, օրենքով ամրագրված նոր հնարավորություններին: Այս համատեքստում, ասոցիացիայի նախագահն ընդգծել  է շարունակական կրթության կարևորությունը՝ որպես ոլորտի զարգացման ուղղություն:

Ռուզան Տոնոյանի տեղեկացմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ պարբերաբար իրականացվում է «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը: Նա հորդորել է գրադարանավարներին առաջիկայում մասնակցել վերապատրաստման դասընթացներին, որոնք միտված են մասնագիտական շարունակական կրթության ապահովմանը: Ծրագրի նպատակն է բարելավել մարզերում և համայնքներում գրադարանային գործի կազմակերպումը, նպաստել գրադարանային ոլորտի աշխատակիցների մասնագիտական աճին, ծանոթացնել ժամանակակից տեխնոլոգիաներին,  գրադարանային գործի արդիականացման միտումներին:

Այցի ընթացքում «Հայկական գրադարանային ասոցիացիայի» կողմից գրքեր են նվիրաբերվել Գառնիի համայնքային  գրադարանին: