Ավարտվել են գրադարանային շարունակական կրթության ու մասնագիտական կարողությունների բարելավմանը միտված վերապատրաստման դասընթացները

 

Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրն ամփոփվել է: 2024 թ. մայիսի 20-24-ը և հունիսի 3-7-ը դասընթացներին մասնակցել են Արտաշատի և Երևանի համայնքային գրադարանների ու մշակութային կենտրոնների 24 աշխատակիցներ:

Հնգօրյա դասընթացների ընթացքում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փորձառու գրադարանավարներն ու ոլորտի առաջնակարգ մասնագետները դասընթացների մասնակիցներին են փոխանցել գրադարանային գործի տարբեր գործառույթների վերաբերյալ համապատասխան գիտելիքներ և գործնական հմտություններ:

Ծրագրի շրջանակում գրադարանավարներին են ներկայացվել գրադարանային աշխատանքների կազմակերպման արդի խնդիրներն ու նոր մոտեցումները, գրադարանային գործի ժամանակակից գործառույթները, նոր տեխնոլոգիաների ու գործիքակազմերի կիրառման հմտությունները:

Գրադարանավարները մասնակցել են մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանն ու ոլորտի այլ հիմնախնդիրներին ուղղված տեսական ու գործնական դասերի, կիսվել իրենց մասնագիտական փորձով:

Ձեռքբերված այս նոր գիտելիքներն ու հմտությունները միտված են բարելավելու գրադարանային գործը, օգնելու արդյունավետ կերպով հաղթահարելու ոլորտային մարտահրավերները:

Դասընթացների ավարտին ծրագրի մասնակիցները ստացել են հավաստագրեր: