Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ` մայիսից մինչև հունիս Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը, որին կմասնակացեն Արտաշատի և Երևանի համայնքային գրադարանների գրադարանավարներն ու մշակութային կենտրոնների աշխատակիցները։ Ծրագիրը կմեկնարկի մայիսի 20-ին։
Ծրագրի նպատակն է ապահովել գրադարանավարների շարունակական կրթությունը, փոխանցել գրադարանային գործի գործառույթներին համապատասխան անհրաժեշտ գիտելիքներ և նոր հմտություններ, նպաստել նորարարական և ժամանակակից գործելաոճի առանձնահատկությունների յուրացմանն ու տիրապետմանը։
Հնգօրյա դասընթացների ծրագրում ներառված են գրադարանային գործի գործառույթների վերաբերյալ անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ՝ համապատասխան թեմաներով, ինչպես նաև մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված գործնական դասեր։
Դասընթացները կվարեն Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փորձառու գրադարանավարները, ոլորտի առաջնակարգ մասնագետները:
Վերապատրաստման դասերին մասնակից գրադարանավարները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ, կտիրապետեն մասնագիտական հմտությունների կիրառման նոր գործիքակազմին և աշխատաոճին:
Նշենք, որ ծրագրի մասնակիցները դասընթացի ավարտին կստանան հավաստագրեր։