Ապրիլի 21-ին #ԱԳՇ_2023-ի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ «Հայաստանի ժայռապատկերները» թեմայով դաս-պարապմունք:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող Կարեն Թոխաթյանը նշեց, թե աշխարհի որ անկյուններում ինչպիսին է ժայռապատկերների տարածվածության խտությունը: Ըստ ներկայացված քարտեզների՝ Հայկական լեռնաշխարհն առաձնանում է ժայռապատկերների բազմազանությամբ: «Հայաստանը քարեղեն երկիր է: Այստեղ բազմաթիվ ժայռապատկերներ են հայտնաբերվել, ինչը գալիս է ապացուցելու, որ մենք բնիկ ենք, դրանցում պատկերված է մեր անցյալը, ապագան ու ներկան»: Կարեն Թոխաթյանի խոսքով՝ ժայռապատկերները փոխանցում են նախնիների գիտելիքները, հույզերն ու զգացմունքները, պատմում մեզանից հազարավոր տարիներ առաջ ապրած մարդկանց կյանքի ու գործունեության առանձնահատկությունների մասին:
Թոխաթյանը նշեց, որ Հայաստանի տարածքում ժայռապատկերներով հարուստ երեք հիմնական շրջան կա՝
Արագած լեռան հարակից հատվածը, Գեղամա տարածքն ու Քարվաճառի և Սյունիքի մարզի միջև ընկած հատվածը:
Բանախոսը նշեց նաև փորագրության տեխնիկաների մասին, ներկաներին ցուցադրեց Հայաստանի տարբեր հատվածներում հայտնաբերված ժայռապատկերների լուսանկարները: