Վարպետության դաս-այց Ամերիկյան համալսարանի գրադարանում

Ապրիլի 20-ին Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները հյուրընկալվեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանում, ծանոթացան աշխատանքներին: Ընթերցասրահներում շրջայցի ընթացքում գրադարանի տեղեկատվության և սպասարկման բաժնի վարիչ Հասմիկ Գալստյանը ներկայացրեց Փափազյան գրադարանի հիմնադրման պատմությունը, սպասարկման առանձնահատկությունները, նշեց, թե ինչ ծրագրեր ու նախաձեռնություններ են իրականացնում:

Փափազյան գրադարանում գործում է բաց դարակային համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռում ընթերցողին ինքնուրույն փնտրել և գտնել իրեն անհրաժեշտ գրքերը: Ըստ Հասմիկ Գալստյանի՝ իրենց գրադարանը ներկայում ունի շուրջ 40 հազար տպագիր և 400 հազար էլեկտրոնային գիրք: Էլեկտրոնային գրքերի նման պաշարը օնլայն շտեմարաններին բաժանորդագրվելու շնորհիվ է, իսկ տպագիր գրքերը համալրվում են հիմնականում նվիրատվություններով:

Լինելով բուհական գրադարան՝ այստեղ կարևորվում է ուսանողների համար աշխատանքային տարածքների առկայությունը, ինչի համար գրադարանում գործում են տարբեր սրահներ, խմբային աշխատանքների իրականացման համար առանձնասենյակներ, hետազոտական աշխատանքների համար՝ Համագործակցային ուսուցման կենտրոն:

Շրջայցի ընթացքում գրադարանավարները նաև ծանոթացան Փափազյան գրադարանի էլեկտրոնային հարթակի աշխատանքներին, գրքերի էլեկտրոնաային կատալոգի վարման ու ընթերցողների կողմից հարթակից օգտվելու կանոններին:

Վարպետության դաս-այցին մասնակցեցին ինչպես Խնկո Ապոր անվան ազգային մանկական, այնպես էլ Շառլ Ազնավուրի անվան և Երևանի N 111 դպրոցի գրադարանների աշխատակիցները: