Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ) ապրիլի 17-23-ը Հայաստանում կանցկացնի Ազգային գրադարանային շաբաթը: Այն այս տարի կրում է «Գրադարանը կրթության բաց հարթակ» խորագիրը: Մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002 թ.-ին:
Ազգային գրադարանային շաբաթն իր ուրույն դերն ունի գրադարանային համակարգի զարգացման, արդիականացման, նորարարական լուծումների տարածման ու գրադարանների միջև փորձի փոխանակման տեսանկյունից: Շաբաթի ընթացքում միջոցառումներ կանցկացվեն թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզային գրադարաններում:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի համագործակցությամբ գրադարանավարների համար կանցկացվեն վարպետության դասեր, գրադարանի հյուրերը կմասնակցեն տարաբնույթ դաս-պարապմունքների: Կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում գրադարանի աշխատակիցների ու հրատարակիչների մասնակցությամբ՝ քննարկելու ոլորտային խնդիրներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները:
Շաբաթի ընթացքում կլինեն նաև մասնագիտական այցեր մարզային գրադարաններ: