Կայացավ «Լավագույն գրադարան 2022» մրցույթի պարգեւատրման արարողությունը

 


Հոկտեմբերի 7-ին` Գրադարանավարի օրը, կայացավ ԿԳՄՍ և Հայկական գրադարանային ասոցիացիա ՀԿ-ի կազմակերպված <<Լավագույն գրադարան>> խորագրով մրցույթի պարգևատրման արարողությունը։  Այս տարի մրցույթին մասնակցեց 27 գրադարան։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների հիշատակը:
Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ողջունեց ներկաներին և իր  երախտագիտությունը հայտնեց ոլորտի աշխատակիցներին։
Մրցույթի 6 անվանակարգում մրցանակների արժանացան ` Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ ՀՈԱԿ-ը` <<Լավագույն համայնքային գրադարան>>, Մ. Սեբաստացի կրթահամալիրի <<Տ. Հայրապետյան>> գրադարանը` <<Լավագույն դպրոցական գրադարան>>, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի <<Վաչե և Թամար Մանուկյան>> մատենադարանը՝ <<Լավագույն մասնագիտական գրադարան>>, Հայ-ռուսական համալսարանի գրադարանը՝ <<Լավագույն գիտակրթական գրադարան>>, Շիրակի մարզային գրադարան ՊՈԱԿ-ը՝ <<Լավագույն նորարար գրադարան>>, Լոռու մարզային գրադարան ՊՈԱԿ-ը՝ <<Լավագույն մարզային գրադարան>> անվանակարգերում:
ՀԳԱ-ն գրքեր նվիրեց Շ․Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգին և Մ. Սեբաստացի կրթահամալիրի <<Տ. Հայրապետյան>> գրադարանին: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից Լոռու մարզային գրադարանին տրվեց երևակման սարք:
Երաժշտական համարով հանդես եկավ <<Վանաձորի լարային քառյակը>>՝ կատարելով Կոմիտասի <<Հոյ Նազան>>, <<Ալ Այլուղ>>, <<Վաղարշապատի պար>> ստեղծագործությունները/գեղ. ղեկ.՝ Գ. Հարությունյան/: Ներկաներին ողջունեց երաժիշտ, դիրիժոր Կ․Չալիկյանը, ով կատարեց Ներսես Շնորհալու շարականներից: Ելույթով հանդես եկավ Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժ. Մանուկյանը, ով  ՀՀ գրադարաններին նվիրաբերեց Ե. Չարենցի <<Անձնական գրադարան>> մատենագիտության գիրքը:

Գրադարանավարի օրն այս տարի նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին․  օրվան նվիրված միջոցառումներն իրականացվեցին «Ժամանակիդ շունչը դարձի՛ր» կարգախոսով։ Օրվա կապակցությամբ նախարարության պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացան հայաստանյան մարզային ու համայնքային գրադարանների գրադարանավարներ և աշխատակիցներ: