Հայտնի են «Լավագույն գրադարան» մրցույթի հաղթողները

Հայկական գրադարանային ասոցիացիան շնորհավորում է բոլոր գրադարանավարներին մասնագիտական տոնի առթիվ. մաղթում ստեղծագործական հաջողություններ և անսպառ եռանդ այս կարևոր ու պատասխանատու գործում:

2021 թ. հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Հայաստանի «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակների հանձնումը։ Մրցույթը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նախաձեռնել էր Հայկական գրադարանային ասոցիացիան՝ նպատակ ունենալով հանրայնացնել ու խրախուսել գրադարանների աշխատանքը, բարձրաձայնել գրադարանի և գրադարանավարի դերի կարևորությունը հասարակության կրթամշակութային զարգացման գործում և նպաստել ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրմանը:
Մրցույթին մասնակցած երկրի շուրջ 70 գրադարաններից նախորոշված անվանակարգերում մրցանակների արժանացան Սպիտակի քաղաքային գրադարանը՝ «Լավագույն համայնքային գրադարան», Շիրակի մարզային գրադարանը՝ «Լավագույն մարզային գրադարան», Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը՝ «Լավագույն նորարար գրադարան», ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը՝ «Լավագույն գիտակրթական գրադարան», ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանը՝ «Լավագույն մասնագիտական գրադարան» անվանակարգերում: Հատուկ մրցանակի արժանացավ «Շիրակացի ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի գրադարանը:
Հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ հիմնական մրցանակներից բացի պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացան հայաստանյան մարզային ու համայնքային գրադարանների գրադարանավարներ և աշխատակիցներ: ՀՀ ԿԳՄՍ մեդալով պարգևատրվեցին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրենի տեղակալ Ռուզաննա Բարսեղյանը և Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը:
Պատվոգրերի արժանացան նաև մի շարք հայաստանյան գրադարաններ: