Մասնակցություն միջազգային համաժողովի

2021 թ.-ի հունիսի 30-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը Ղազախստանի Հանրապետության Ազգային ակադեմիական գրադարանի հրավերով մասնակցել է «Մանկական գիրքը. հեղինակից ընթերցողին» խորագրով միջազգային առցանց համաժողովին: Ղազախստանի մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող համաժողովին մասնակցում էր աշխարհի 18 երկիր. ԱՄՆ-ից, Եվրոպայից, նախկին ԱՊՀ երկրներից: Ելույթները հարցադրումներով պարբերաբար ընդհատվում էին համաժողովի մոդերատորի կողմից:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի օտարալեզու գրականության բաժնի վարիչ Գայանե Իսրայելյանը ներկայացրել է «Մանկական գրադարանը կապող օղակ է հեղինակի և ընթերցողի միջև» զեկույցը, որը կհրապարակվի համաժողովի կայքէջում:
Համակարգող ղազախուհու հարցադրումներին ի պատասխան՝ խոսվել է Հայաստանում մանկապատանեկան ընթերցանության և գրադարանային համայնքի կողմից մանկական ընթերցանության զարգացման ուղիների վերաբերյալ:
Կազմակերպիչների կողմից հատուկ ընդգծվել է հայկական կողմի ելույթի կառուցողական և խիստ մասնագիտական բնույթը. ասվել են դրվատանքի խոսքեր հայկական հնագույն մշակույթի մասին:
Հայկական մանկական գիրքը ներկայացնում էր նաև մանկագիր Սաթենիկ Ղազարյանը:
Մասնակիցները՝ մանկագիրներ, գրադարանային ոլորտի աշխատողներ, գրողներ, խոսում էին իրենց երկրներում մանկական գրականության ոլորտի աշխատանքների մասին, մասնակցում էր նաև ԻՖԼԱ-ի ներկայացուցիչը:
Առաջարկվում էին տարաբնույթ մեթոդներ, օրինակ՝ Մոսկվայի Ախմատովայի անվան Smart գրադարանի տնօրենն առաջարկել է սկսել սերտ փոխգործակցություն ժամանակակից գրողների միջև: Առաջարկվել է կապվել «Անարա» (Ղազախստանի Հանրապետության Ազգային ակադեմիական գրադարան) գործակալության հետ, որը արդյունավետ աշխատում է գրքի քարոզչության գործում: