Սիրելի՛ հայրենակից
Հարգելի՛ գործընկեր
44-օրյա պատերազմի արդյունքում այլ ենթակառուցվածքային կորուստների հետ մեծ վնասներ է կրել նաև Արցախի Հանրապետության գրադարանային համակարգը. 127 կենտրոնական և դպրոցական գործող գրադարան՝ շուրջ 650000 գրքային ֆոնդով դուրս են մնացել Արցախի վերահսկողությունից՝ դադարելով ծառայել իրենց նպատակին:
Հայկական գրադարանային ասոցիացիան և Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների աջակցությամբ, գիտակցելով, որ այսօր հատկապես ազգային ինքնության պահպանման և երիտասարդ սերնդի ինքնագիտակցության բարձրացման գործում աներկբա է գրադարանների կայուն և արդյունավետ գործունեությունը, ի զորակցություն Արցախի բնակչության նախաձեռնել են «Գիրքը Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք, որը քայլ է մեղմելու գրքային հավաքածուի կորուստը և կարևոր է հետպատերազմյան Արցախի կրթամշակութային կյանքի ակտիվացման ու համաչափ զարգացման առումով:
Արցախցի մեր հայրենակիցների գրքասպասարկման գործընթացին օժանդակելու նպատակով Դուք ևս կարող եք ունենալ Ձեր ներդրումը, որը հնարավորություն կստեղծի վերականգնելու կորսված գրադարանային հավաքածուն:
Ուստի ակնկալում ենք Ձեր մասնակցությունը գրքահավաքին:
Կանխավ հայտնում ենք մեր երախտագիտությունը:
Խնդրում ենք գրքերը հանձնել ստորև բերված հասցեով, փաթեթի վրա նշելով անհատ նվիրատուի կամ կազմակերպության տվյալները։
Հասցե՝ 0001, Երևան, Տերյան փող., 42/1 շենք,Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, հեռախոս՝ 010 521222
Ծանուցում. գրքահավաքին կարող եք մասնակցել նվիրաբերելով գրքեր ըստ ստորև ներկայացված թեմատիկ ուղղությունների.
- գրականագիտական
- լեզվաբանական
- Հայ ժողովրդի պատմություն
- Արցախի պատմությանը նվիրված
- ուսումնա-մեթոդական
- գեղարվեստական
- տնտեսագիտական
- իրավագիտական
- տեխնոլոգիական
- մանկական