Ազգային գրադարանային շաբաթ նվիրված Աննը Ֆրանկին

Հայկական գրադարանային ասոցիացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում կազմակերպում են առցանց միջոցառումներ՝ նվիրված 20-րդ դարի ամենաազդեցիկ գրքերից մեկի հեղինակին՝ Աննը Ֆրանկին։ Ընդամենը տասնհինգ տարեկան աղջնակը կյանքի երկու տարին ստիպված է եղել անցկացնել մեկուսացման մեջ՝ պատսպարվելով նացիստական արհավիրքից։ Դժվար այդ տարիներին Աննըն չի կորցրել ոգու տոկունությունը, զբաղվել է ինքնակրթությամբ, կարդացել ու գրել՝ վարելով օրագիր, որը իրենից հետո հրապարակվել է, թարգմանվել վաթսունից ավելի լեզուներով ու տարածվել տասնյակ միլիոնավոր օրինակներով՝ անմահացնելով «Աննը Ֆրանկ» անունը պատմության մեջ։

Աննը Ֆրանկի օրագիրըհայերեն առաջին անգամ թարգմանվել է 1962 թվականին։ 2019 թ․-ի հունիսի 12-ին՝ Աննըի 90-րդ տարեդարձին, լույս է տեսել բնագրից՝ հոլանդերենից, առավել համապարփակ թարգմանությամբ հրատարակությունը, որը կրում է «Հետնատունը» անունը (այսպես էր Աննըն կոչել իրենց թաքստոցը և նույնկերպ վերնագրել օրագիրը)։ Գրքի թարգմանիչը հոլանդուհի Աննա Մարիա Մատտաարն է։

2019-2020 թվականներին Հայաստանի բազում գրադարաններում այս առթիվ անց են կացվել թեմատիկ շաբաթներ՝ նվիրված Աննը Ֆրանկին ու նրա «Հետնատունը» գրքին։ Աննը Ֆրանկին է նվիրվում նաև 2020 թվականի ապրիլի 13-20-ը անց կացվող Ազգային գրադարանային շաբաթը։ Չնայած արտակարգ իրավիճակին՝ կազմակերպիչների կողմից որոշվել է չհետաձգել ծրագրով նախատեսված միջոցառումները, այլ իրականացնել դրանք օնլայն ձևաչափով, քանի որ խնդիրները, որ արծարծվում են խիստ զգացմունքային այս գրքում, ցավոք, արդիական են այսօրվա համատեքստում։

Ծրագիրը իրականացվում է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների դեսպանության ֆինանսական աջակցությամբ։