Հոկտեմբերի 7-ին նշվեց Գրադարանավարի օրը


Հոկտեմբերի 7-ը Հայաստանում տոնվում է որպես Գրադարանավարի օր: Հայաստանի ու Արցախի գրադարաններում, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների 217 գրադարանում իրականացվեց 354 միջոցառում: Օրվա մշակութային ծրագրերը հիմնականում նվիրված էին Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին:
Գրադարանավարի օրվա կապակցությամբ գրադարաններում իրականացվեցին գրքերի ցուցահանդես-վաճառքներ, հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ, գեղարվեստական համույթների մասնակցությամբ համերգներ, ստեղծագործական աշխատանքների տոնավաճառներ:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում օրվա խորհրդին համապատասխան ևս կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, որոնց հիմքում նույնպես տարվա մշակութային իրողություններն էին… Ներկայացվեցին երկու հայ մեծերի կենսագրությունների և ստեղծագործական ուղիների դրվագներով սահադիտումներ: Կազմակերպվել էին թումանյանական մոտիվներով տիկնիկային և թատերական ներկայացումներ: Միաժամանակ տարբեր սրահներում ընթերցողների և այցելուների մասնակցությամբ անցկացվեցին վիկտորինաներ: Ներկայացվեցին «Հովհաննես Թումանյան -150»  և «Գևորգ Էմին -100» խորագրերով  սրահային ցուցահանդեսներ: