Հայկական գրադարանային ասոցիացիան մասնակցեց 2019 թ. համառուսական գրադարանային համաժողովին

 

   

ՀԳԱ-ն Ռուսաստանի գրադարանային ասոցիացիայի պաշտոնական հրավերով 2019 թ.-ի մայիսին մասնակցեց 2019 թ. համառուսական գրադարանային ամենամյա համաժողովին, որը տեղի ունեցավ 2019 թ.-ին Ռուսաստանի գրադարանային մայրաքաղաք հռչակված Տուլայում՝ միավորելով 1200 մասնագետների աշխարհի տարբեր երկրներից և ՌԴ 74 ռեգիոնից:

«Գրադարանային գործի զարգացման հայեցակարգը և ստրատեգիական խնդիրները…» խորագրով համաժողովին մասնակցում էին ՀԳԱ անդամներ Գայանե Կարապետյանը /Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան/ և Նազենի Արզումանյանը /Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարան/. նրանք մասնագիտական համաժողովի բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին ողջունեցին ասոցիացիայի անունից և մասնակցեցին միջազգային համագործակցությանը նվիրված հատուկ միջոցառումներին: «Աշխարհի գրադարանային ասոցիացիաները» քննարկման հարթակի հանձնաժողովի աշխատանքներին Գ. Կարապետյանը ելույթ ունեցավ «ԱՊՀ երկրների ազգային ասոցիացիաներ. SWOT-վերլուծություն և զարգացման հեռանկարներ» կանխապայմանավորված թեմայով: Զեկույցը ներառում էր ՀԳԱ ընդհանուր տվյալները, առաքելությունը, գործունեության վրա ազդող արտաքին և ներքին գործոնները…Ն. Արզումանյանը «Գրադարանը ինտելեկտուալ հանրամատչելի միջավայր. Հայաստանի գրադարանների փորձը» թեմայով ներկայացրեց մանկական ընթերցանության խթանմանը միտված Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի յուրօրինակ նախաձեռնությունը…

ՀԳԱ անդամները մասնակցեցին դիսկուսիոն հարթակի թեմատիկ ամփոփմանը, որին ներկա էին ՌԳԱ նախագահ Մ.Դ. Աֆանասևը, ՌՊԳ տնօրեն Վ.Վ. Դուդան, Արտասահմանյան գրականության համառուսական պետական գրադարանի միջազգային և կրթական գործունեության գծով տնօրեն Ս.Ա. Գորոխովան, Չեխիայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղըստանի, ՌԴ-ի և այլ երկրների ասոցիացիաների անդամներ, գրադարանների ղեկավարներ, մասնագետներ: Քննարկվեցին գրադարանային միավորումների արդյունավետ համագործակցության և մասնագիտական խնդիրների հաղթահարման գործում նրանց դերը կարևորելու հիմնահարցեր. աշխարհի ասոցիացիների օրինակով գնահատվեցին արտաքին և ներքին գործոնների ազդեցությունը միավորումների գործունեության վրա:

Խոսվեց ժամանակակից «թվայնացված» հանրության համատեքստում ընթերցանության և գրադարանների դերի, ասոցիացիաների ներուժը ի նպաստ գրադարանային գործի զարգացման հարստացնելու, միավորումների հիմնական նվաճումների մասին: Կատարվեց ոլորտի մարտահրավերների և հնարավորությունների համեմատական ամփոփ վերլուծություն: Ասոցիացիայի անդամներն այցելեցին Տուլայի մարզի տեսարժան վայրեր, թանգարաններ, եղան «Լև Տոլստոյի անվան թանգարան-կալվածք «Յասնայա Պոլյանա» հուշահամալիր-արգելոցում, մասնակցեցին Արտասահմանյան գրականության համառուսական պետական բացառիկ գրադարանում իրականացված էքսկուրսիա-շրջայցին:

Տուլա 2019 հայտարարագիրը

Համաժողովի բացման արարողություն. ողջույնի խոսքեր

Անդրադարձ սեկցիայի աշխատանքներին