Գիտագործնական հանդիպումներ նվիրված Ազգային մանկական գրադարանի հիմնադրման 85 ամյակին

        

Այս տարի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տոնեց իր հիմնադրման 85 ամյակը: Գրադարանի 85 ամյակին նվիրված տարաբնույթ միջոցառումների շարքում գրադարանում տեղի ունեցան գիտագործնական հանդիպումներ: Հոկտեմբերի 17-ին կայացավ գիտաժողով օտարազգի հյուրերի մասնակցությամբ: Բանախոսեցին Միլանի ազգային գրադարանի Ufficio Ricerca երաժշտական ֆոնդի ղեկավար Մ. Ջենտիլի Տեդեսկին՝ գրացուցակավորման և ժամանակակից գրադարանավարին անհրաժեշտ հմտությունների, Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի /IBBY/ գործադիր տնօրեն Լ. Փեյջը՝ ընթերցանության խթանման ուղղությամբ IBBY ազգային բաժանմունքների գործունեության մասին՝ ցանկում իբրև ակտիվ մասնակից դիտարկելով «IBBY Հայաստան»-ը: Իրանցի մանկագիր Ֆ. Հասանզադեն ներկայացրեց մանկագրության իր ուղին: Գրադարանից ելույթ ունեցավ Գ. Կարապետյանը:
Ակտուալ էր հոկտեմբերի 18-ին կայացած «IBBY, IFLA, IAML համագործակցության հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկումը: Մասնակցում էին գրադարանների տնօրեններ, ոլորտի երիտասարդ մասնագետներ: Ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռ. Տոնոյանը խոսեց Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի /IBBY/, Գրադարանների միջազգային ասոցիացայի /IFLA/, Երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիայի /IAML/ հետ համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերի մասին, որի համատեքստում Լ. Փեյջը նշեց, որ «IBBY Հայաստան»-ը գործում է 2012 թ.-ից, և այս ընթացքում համատեղ կարևոր ծրագրեր են իրականացվել: «IBBY Հայաստան»-ը մեծ ջանքեր է ներդնում երեխաներին գրքի շուրջ համախմբելու ուղղությամբ», — հավելեց նա՝ կարևորելով նաև գրադարանի անդամակցությունը IFLA-ին: Բանախոսեցին IFLA-ի և IAML-ի ներկայացուցիչ, Միլանի ազգային գրադարանի Ufficio Ricerca երաժշտական ֆոնդի ղեկավար Ջենտիլի Տեդեսկին, 2018 թ. Անդերսենի մրցանակաբաշխության լավագույն հնգյակում ներառված պարսիկ մանկագիր Հասանզադեն: Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տ. Զարգարյանը, Իսահակյանի անվ. գրադարանի տնօրեն Հ.Կարապետյանը, քննարկման մյուս մասնակիցները՝ մանկագիր Ա. Սերոբյանը, Ն. Արզումանյանը (Նոր Նորքի կենտրոնական գրադարան), Ս. Հովհաննիսյանը («Արևիկ» հրատարակչություն), Շ. Կարապետյանը («Էդիթ Պրինտ» հրատ.) խոսեցին ՀՀ-ում գրադարանային գործի, մասնագիտական կրթության, մանկագրության հիմնախնդիրների, գրքի դերի և նշանակության մասին: