









Հարգելի գործընկերներ
Հայկական գրադարանային ասոցիացիան Հայաստանի գրադարանային հանրությանը հայտնում է «ԼՐԱՏՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» կիսամյա գիտա-տեղեկատվական էլեկտրոնային հանդեսի անդրանիկ համարի թողարկման մասին:
Հանդեսի հիմնադիրն ու լրատվական գործունեությունն իրականացնողն է «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարական կազմակերպությունը. խմբ. խորհրդի նախագահ՝ Ռուզան Տոնոյան, գլխ. խմբագիր՝ Մայա Գրիգորյան, պատ. քարտուղար՝ Արմինե Հովհաննիսյան:
Հանդեսը նախատեսված է մատենագիտության, տեղեկատվական գիտության և գրադարանային ոլորտով հետաքրքրված մասնագետների համար, լույս կտեսնի տարին 2 անգամ:
Լիահույս ենք, որ այս մասնագիտական հանդեսը կնպաստի Հայաստանի գրադարանային ոլորտի զարգացմանը: Նյութերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://flib.sci.am/journal/Lratu/index.html
Տավուշի և Սյունիքի մարզերի մարզային ու համայնքային գրադարանների 50 աշխատակիցներ 2023թ. հուլիսին վերապատրաստման դասընթացների կմասնակցեն Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը երկու փուլից է բաղկացած: Այն կրում է տեսական և գործնական երկօրյա հանդիպումների ձևաչափը, որը կընթանա առցանց և առկա եղանակներով:
Հանրապետության փորձառու և առաջնակարգ մասնագետները գրադարանավարներին կփոխանցեն նոր գիտելիքներ գրադարանային գործի ամենատարբեր գործառույթների վերաբերյալ, գրադարանում աշխատանքների արդյունավետ կազմակերպման փորձով կկիսվեն, պետական կառույցների հետ համագործակցելու գործնական հմտություններ կփոխանցեն:
Գրադարանավարները կտեղեկանան ընթերցանության խթանմանը նպաստող ծրագրեր իրականացնելու հնարքներին, զանգվածային միջոցառումների կազմակերպման առանձնահատկություններին:
Գրադարանավարների վերապատրաստման այս ծրագրի նպատակը մասնագիտական գիտելիքների շարունակական զարգացման ապահովումն է:
Դասընթացների ավարտին բոլոր մասնակիցները վկայականներ կստանան:
Ապրիլի 20-ին Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները հյուրընկալվեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանում, ծանոթացան աշխատանքներին: Ընթերցասրահներում շրջայցի ընթացքում գրադարանի տեղեկատվության և սպասարկման բաժնի վարիչ Հասմիկ Գալստյանը ներկայացրեց Փափազյան գրադարանի հիմնադրման պատմությունը, սպասարկման առանձնահատկությունները, նշեց, թե ինչ ծրագրեր ու նախաձեռնություններ են իրականացնում:
Փափազյան գրադարանում գործում է բաց դարակային համակարգ, ինչը հնարավորություն է ընձեռում ընթերցողին ինքնուրույն փնտրել և գտնել իրեն անհրաժեշտ գրքերը: Ըստ Հասմիկ Գալստյանի՝ իրենց գրադարանը ներկայում ունի շուրջ 40 հազար տպագիր և 400 հազար էլեկտրոնային գիրք: Էլեկտրոնային գրքերի նման պաշարը օնլայն շտեմարաններին բաժանորդագրվելու շնորհիվ է, իսկ տպագիր գրքերը համալրվում են հիմնականում նվիրատվություններով:
Լինելով բուհական գրադարան՝ այստեղ կարևորվում է ուսանողների համար աշխատանքային տարածքների առկայությունը, ինչի համար գրադարանում գործում են տարբեր սրահներ, խմբային աշխատանքների իրականացման համար առանձնասենյակներ, hետազոտական աշխատանքների համար՝ Համագործակցային ուսուցման կենտրոն:
Շրջայցի ընթացքում գրադարանավարները նաև ծանոթացան Փափազյան գրադարանի էլեկտրոնային հարթակի աշխատանքներին, գրքերի էլեկտրոնաային կատալոգի վարման ու ընթերցողների կողմից հարթակից օգտվելու կանոններին:
Վարպետության դաս-այցին մասնակցեցին ինչպես Խնկո Ապոր անվան ազգային մանկական, այնպես էլ Շառլ Ազնավուրի անվան և Երևանի N 111 դպրոցի գրադարանների աշխատակիցները:
Հայկական գրադարանային ասոցիացիայի (ՀԳԱ) նախաձեռնությամբ ապրիլի 17-ից Հայաստանում մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը: Այն այս տարի կրում է «Գրադարանը կրթության բաց հարթակ» խորագիրը: Մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002 թ.-ին: Շաբաթի շրջանակում միջոցառումներ են անցկացվում հանրապետության ազգային, մարզային, համայնքային, մասնագիտական ու բուհական գրադարաններում՝ համախմբելով իր շուրջը գրքի ու գրականության ջատագովներին:
Ազգային գրադարանային շաբաթն իր ուրույն դերն ունի գրադարանային համակարգի զարգացման, արդիականացման, նորարարական լուծումների տարածման, գրադարանների միջև փորձի փոխանակման ու գրադարանավարների կարողությունների ավելացման տեսանկյունից: Իրականացվող միջոցառումների շնորհիվ կրկին կարևորվում է գրքի ու գրադարանների դերն ու նշանակությունը հանրության զարգացման գործում, միևնույն ժամանակ՝ սևեռելով հանրության ուշադրությունը գրադարանային արդի խնդիրների լուծման և կարգավորման հարցերին:
Շաբաթի շրջանակում կանցկացվեն տարաբնույթ մշակութային հանդիպումներ, վարպետության դասեր, մարզային գրադարանների գրադարանավարները մասնագիտական հմտությունները բարելավելու դասընթացների մասնակից կդառնան: Շաբաթը նպատակ ունի նպաստելու նաև գրադարանների միջև նոր կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, համագործակցության նոր ձևաչափեր մշակելու գործընթացին:
Ազգային գրադարանային շաբաթը կավարտվի ապրիլի 23-ին, որը հայտարարված է որպես Ընտանեկան ընթերցանության օր:
Կանաչ գրադարանների մասին IFLA-ի հոդվածը հայերեն տարբերակով կարող եք կարդալ՝ անցնելով հետևյալ հղումով.
https://cdn.ifla.org/wp-content/uploads/IFLA-GreenLibraryDefinition_Armenian_2022Jan.pdf
Հոկտեմբերի 7-ին` Գրադարանավարի օրը, կայացավ ԿԳՄՍ և Հայկական գրադարանային ասոցիացիա ՀԿ-ի կազմակերպված <<Լավագույն գրադարան>> խորագրով մրցույթի պարգևատրման արարողությունը։ Այս տարի մրցույթին մասնակցեց 27 գրադարան։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների հիշատակը:
Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ողջունեց ներկաներին և իր երախտագիտությունը հայտնեց ոլորտի աշխատակիցներին։
Մրցույթի 6 անվանակարգում մրցանակների արժանացան ` Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ ՀՈԱԿ-ը` <<Լավագույն համայնքային գրադարան>>, Մ. Սեբաստացի կրթահամալիրի <<Տ. Հայրապետյան>> գրադարանը` <<Լավագույն դպրոցական գրադարան>>, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի <<Վաչե և Թամար Մանուկյան>> մատենադարանը՝ <<Լավագույն մասնագիտական գրադարան>>, Հայ-ռուսական համալսարանի գրադարանը՝ <<Լավագույն գիտակրթական գրադարան>>, Շիրակի մարզային գրադարան ՊՈԱԿ-ը՝ <<Լավագույն նորարար գրադարան>>, Լոռու մարզային գրադարան ՊՈԱԿ-ը՝ <<Լավագույն մարզային գրադարան>> անվանակարգերում:
ՀԳԱ-ն գրքեր նվիրեց Շ․Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգին և Մ. Սեբաստացի կրթահամալիրի <<Տ. Հայրապետյան>> գրադարանին: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից Լոռու մարզային գրադարանին տրվեց երևակման սարք:
Երաժշտական համարով հանդես եկավ <<Վանաձորի լարային քառյակը>>՝ կատարելով Կոմիտասի <<Հոյ Նազան>>, <<Ալ Այլուղ>>, <<Վաղարշապատի պար>> ստեղծագործությունները/գեղ. ղեկ.՝ Գ. Հարությունյան/: Ներկաներին ողջունեց երաժիշտ, դիրիժոր Կ․Չալիկյանը, ով կատարեց Ներսես Շնորհալու շարականներից: Ելույթով հանդես եկավ Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժ. Մանուկյանը, ով ՀՀ գրադարաններին նվիրաբերեց Ե. Չարենցի <<Անձնական գրադարան>> մատենագիտության գիրքը:
Գրադարանավարի օրն այս տարի նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին․ օրվան նվիրված միջոցառումներն իրականացվեցին «Ժամանակիդ շունչը դարձի՛ր» կարգախոսով։ Օրվա կապակցությամբ նախարարության պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացան հայաստանյան մարզային ու համայնքային գրադարանների գրադարանավարներ և աշխատակիցներ: